Լրահոս
Օրվա լրահոսը

«ԵՍ ԱՐԴԵՆ ԴԻՄՈՒՄ ԵՄ ՏՎԵԼ
ՀՀԿ ԸՆԴՈՒՆՎԵԼՈՒ ՀԱՄԱՐ»

Հուլիս 15,2006 00:00

Պաշտպանության
նախարար Սերժ Սարգսյանը լրագրողների հետ հանդիպման ժամանակ պատասխանեց «Առավոտի»
հարցերին: – Պարոն Սարգսյան, դուք օրեր առաջ հայտարարեցիք, որ որեւէ կուսակցության
ձեր անդամակցության մասին կխոսեք առաջիկա 7-10 օրից հետո, սակայն այդ ժամկետը եւս
լրացել է, եւ դուք դեռ հայտարարություն չեք արել, խնդրում եմ ասացեք ձեր քաղաքական
դիրքորոշման, հետագա ծրագրերի եւ այն մասին, թե իրո՞ք անդամակցելու եք Հանրապետական
կուսակցությանը: – Ի՞նչ է նշանակում ժամկետը լրացել է, տասներորդ օրը դուք
ինձ հարցրել եք՝ ես չե՞մ պատասխանել: Ես արդեն դիմում եմ տվել Հանրապետական կուսակցության
խորհրդին՝ կուսակցություն ընդունվելու համար, երբ որ կլինի՝ կտեսնեք: – Իսկ
որքանո՞վ են հավաստի այն լուրերը, որ Հանրապետական կուսակցության առաջիկա արտահերթ
համագումարից հետո վարչապետ Անդրանիկ Մարգարյանը հրաժարական կտա եւ վարչապետ կդառնա
Սերժ Սարգսյանը: – Դրանք մտացածին լուրեր են, բնական է՝ ենթատեքստով եւ նպատակներով:
Այդ ժամանակն էլ է անցնելու, մեկ շաբաթը եւս անցնելու է, հետո բոլորը տեսնելու են,
որ այդ մարդիկ ոչ քաղաքական հոտառություն ունեն եւ ոչ էլ կարող են ընդամենը երկու
շաբաթվա կտրվածքով կանխորոշել, կանխագուշակել, կանխատեսել հանրապետությունում տեղի
ունեցող քաղաքական գործընթացները: – Վերջերս շարունակ քաղաքական վերլուծություններ
են արվում նաեւ այն մասին, որ 2008-ի ամենառեալ եւ շանսեր ունեցող թեկնածուն պաշտպանության
նախարար Սերժ Սարգսյանն է: Դուք արդյոք տրամադրվա՞ծ եք առաջադրվել նախագահի թեկնածու,
եւ եթե այո՝ ձեր հենարանը լինելու է միայն Հանրապետակա՞ն կուսակցությունը, թե՞ նաեւ
այլ քաղաքական ուժեր: Եվ՝ որո՞նք են լինելու այդ ուժերը: – Բոլոր դեպքերում
այդ հարցին կանդրադառնանք խորհրդարանական ընտրություններից հետո, որովհետեւ, եթե
Հանրապետականը եւ նրան սատարող ուժերը խորհրդարանում չունենան լուրջ ներկայություն,
այսինքն՝ խորհրդարանական ընտրությունների արդյունքում մենք լուրջ ձեռքբերումներ չունենանք,
հետագա քայլերի մասին խոսելն անիմաստ կլինի: Իսկ երբ տեսնենք, որ ունենք հենարան,
ոչ թե քաղաքական, այլ՝ հենարան, եթե տեսնենք, որ մեր ընտրողները, մեր ժողովուրդը
մեր գաղափարներին, մեր ծրագրերին հավանություն են տալիս, ինչո՞ւ չէ, ի՞նչ վատ երեւույթ
է դա: – Շատ հայտնի գործարարներ չեն թաքցնում, որ իրենք հանրապետական են դառնալու
միայն այն պատճառով, որ այդ կուսակցությունն է ընտրել նաեւ Սերժ Սարգսյանը. դուք
ինչպե՞ս եք վերաբերվում նման հայտարարություններին: – Շատ նորմալ. սա պարծենկոտություն
կամ ինքնագովազդ չհամարեք, բայց չեմ կարծում, միայն գործարարներ են գալու Հանրապետական,
եւ միայն գործարարներ են գալիս Հանրապետական: Սա եւս ընտրովի մոտեցում է, եւ դրանով
փորձում են ինչ-որ երանգներ տալ: Բայց մարդիկ, ովքեր նպատակ ունեն ինձ մրոտելու,
սեւացնելու կամ քննադատելու, միշտ չէ, որ բավականաչափ խելացի են գտնվում, եւ առաջին
հայացքից ներկայացնում են, իրենց կարծիքով, դատապարտելի կամ թերություն համարվող
երեւույթներ, սակայն այնպես չէ, որ հասարակությունը ընդունում է որպես այդպիսին:
Ի՞նչ վատ է, որ, ասենք, գործարարների մի մասն ինձ հետ հույսեր է կապում: Եթե այս
երկրում գործարարներ չլինեն, այս երկիրը չի զարգանա: Շարժիչ ուժը գործարարներն են
եւ պիտի նրանց սատարել: – Եթե 2008-ին դուք դառնաք հանրապետության նախագահ,
որտե՞ղ կլինի Ռոբերտ Քոչարյանը կամ ի՞նչ պաշտոն կզբաղեցնի: – Դուք շատ լավ
գիտեք, որ չեմ սիրում «եթե»-ներով խոսել: Ի՞նչ է նշանակում՝ «եթե»: Դեռ երկու տարի
կա: – Ի՞նչ կարծիքի եք «Բարգավաճ Հայաստան» կուսակցության այսօրվա վիճակի
մասին, քանի որ մամուլում հրապարակումներ կան, որ մի տեսակ դադարեցվել է այդ կուսակցության
ակտիվացումը, եւ Հանրապետական կուսակցությունն է դրա պատճառը կամ հրահանգ տվողը:
Մի տեսակ խանդոտ վերաբերմունք կա՞ այդ երկու կուսակցությունների միջեւ, թե՞ չկա:
– Ճիշտն ասած, ես տեղյակ չեմ, որ դանդաղեցվել է կամ նման գործընթացներ են
ընթանում: Կարծում եմ, Հանրապետականը խանդոտ մոտեցումներ ընդհանրապես որեւէ երեւույթի
նկատմամբ չպիտի ունենա: Մի օրինակ բերեմ ձեր սիրած թեմայից՝ շախմատից: Թուրինում,
արդեն հինգերորդ տուրից հետո մեր հավաքականի գլխավոր մարզիչ Արշակ Պետրոսյանը մի
այսպիսի բան ասաց, եւ բոլորը համաձայնեցին, քանի որ պարզվեց՝ բոլորն այդպես էին մտածում,
բայց չէին արտահայտվում: Ասաց՝ եկեք պայմանավորվենք, որ ուրիշի արդյունքներին մենք
ուշադրություն չենք դարձնելու, եկեք պայմանավորվենք, որ մեզ համար միեւնույն է՝ Ռուսաստանը
հաղթելո՞ւ է, թե՞ ոչ, Չինաստանը պարտվելո՞ւ է, Ուկրաինան հաղթելո՞ւ է եւ այլն: Մենք
մեզ համար եկեք խնդիր դնենք՝ մեր երեք միավորը, երկուսուկես միավորը, չորս միավորը
ամեն մի տուրում շահենք, եւ որեւէ մեկը մեզ չի կարող հասնել: Այսինքն՝ մենք պիտի
խնդիր դնենք ինքներս աշխատել: Հանրապետականը խնդիր պիտի դնի ինքը ավելի մեծ բազա
ունենալ, ստեղծել, եւ չնայի, թե ով ինչպես է աշխատում: Բոլորին, ովքեր աշխատում են,
ես հաջողություն եմ մաղթում: ՄԱՐԳԱՐԻՏ ԵՍԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել