Լրահոս
Օրվա լրահոսը

ՆԱԽԿԻՆ ՎԱՐՉԱՊԵՏԸ ԽԱՂԵՐԻ ՄԵ՞Ջ Է

Հուլիս 15,2006 00:00

Ենթադրվում է, որ նախկին վարչապետ Արմեն Սարգսյանը կգլխավորի աջերի նոր միավորումը

Մի քանի օր առաջ «Առավոտում» հրապարակում եղավ ընդդիմադիր աջ ուժերին այլընտրանքային աջ ուժերի ձեւավորման մասին, ըստ որի՝ մոտ ապագայում կարող է ի հայտ գալ աջ-ազատական կուսակցությունների համագործակցության նոր ձեւաչափ, որտեղ ներգրավված կլինեն երեք կուսակցություններ՝ ՄԱԿ-ը, ՀՔԴՄ-ն եւ «Արժանապատիվ ապագան»: Մեր աղբյուրների ասելով, այդ միավորման առանցքային դերում կարող է լինել նաեւ ՀՀ արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանը: Մենք նշել էինք նաեւ, որ դա ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավար Արմեն Գեւորգյանի մտահղացումն էր, որի նպատակը, ենթադրաբար, Ռոբերտ Քոչարյանի՝ խորհրդարանում, ի թիվս «Բարգավաճ Հայաստանի», եւս մեկ հենարան ստեղծելն էր:

Երեկ մեր այս հրապարակմանն արձագանքելով՝ այս գործընթացներին քաջատեղյակ մեր աղբյուրը իր հերթին հաստատելով այս տեղեկությունները՝ միաժամանակ մի քանի ճշտումներ արեց, որոնց հավաստիությանն ինքը չէր կասկածում: Առաջին ճշտումն այն էր, որ աջ ուժերի այս հնարավոր նոր միավորումը կոչված է սատարելու ոչ թե Ռոբերտ Քոչարյանին, այլ՝ Սերժ Սարգսյանին: Սակայն, ըստ մեր աղբյուրի, այդ միավորման առանցքային դեմքը լինելու է ոչ թե Դավիթ Հարությունյանը, այլ ՀՀ նախկին վարչապետ Արմեն Սարգսյանը, որն այս օրերին Երեւանում է: Մեր աղբյուրները չեն բացառում նաեւ, որ այդ միավորմանը որոշակի պայմանների առկայության դեպքում միանա անգամ «հանրապետական» Տիգրան Թորոսյանը, ում կինը Ա. Սարգսյանի զարմուհին է: Այդ նոր ձեւաչափը, որի շրջանակներում համագործակցելու են հիշյալ ուժերը, Ս. Սարգսյանը նախկին վարչապետ Ա. Սարգսյանի միջոցով փորձում է համալրել նաեւ որոշ ընդդիմադիր կեցվածք ունեցող աջ-ազատական ուժերով՝ «դրսին» ցույց տալու համար, որ իրեն՝ որպես ՀՀ ապագա նախագահի, նաեւ ընդդիմադիր դաշտում պաշտպանողներ կան:

Մեր տեղեկություններով, մի կողմից՝ Արմեն Սարգսյանի, մյուս կողմից՝ Սերժ Սարգսյանի ու Ռոբերտ Քոչարյանի միջեւ նախկինում եղած լարվածությունը հարթվել է, ու ավելին՝ Ա. Սարգսյանն ու Ս. Սարգսյանն անգամ «բիզնես-պարտնյորներ» են դարձել, իսկ Ա. Սարգսյանը վերջին 2 տարիներին Արեւմուտքի իր խողովակներով Ս. Սարգսյանի համար անգամ որոշակի լոբբինգ է արել: Ասել է թե՝ նրանք հեշտությամբ կարող են կիսել նաեւ նախագահ-վարչապետի պաշտոնները, եթե, իհարկե, Ա. Սարգսյանի հավակնությունները թույլ տան նրան համաձայնել վարչապետի պաշտոնին՝ Քոչարյանին հնարավորություն տալով զբաղվել բիզնեսով, ինչի մասին Ռ. Քոչարյանը մի առիթով լրագրողների հետ զրույցի ժամանակ հայտարարել էր:

Ասում են նաեւ, որ Ս. Սարգսյանն այնքան բարեգութ է եղել Ա. Սարգսյանի հանդեպ, որ համաձայնել է նրա որդուն ժամկետային զինծառայությունից ազատելու տարկետում տալ: ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավար Ա. Գեւորգյանի շահագրգռությունը տվյալ դեպքում պայմանավորված է ոչ այնքան Սերժ Սարգսյանին ծառայություն մատուցելու, որքան Արմեն Սարգսյանի հետ հարաբերություններով՝ նկատի ունենալով այն, որ Ա. Գեւորգյանը երբեւէ եղել է վարչապետ Ա. Սարգսյանի խորհրդականն ու իր կարիերան սկսել է հենց այդ պաշտոնից:

Ինչ վերաբերում է աջ ուժերի նոր միավորման մյուս խաղացողներին՝ ապա, մեր աղբյուրների ասելով, գործարար կապեր կան նաեւ ՄԱԿ-ի նախագահ Գուրգեն Արսենյանի ու Ա. Սարգսյանի միջեւ, հարաբերություններն ավելի քան նորմալ են նաեւ նախարար Դ. Հարությունյանի ու Ա. Սարգսյանի միջեւ: Իսկ երբ միեւնույն խնդրի շուրջ ու միեւնույն ձեւաչափում համախմբվող բոլոր խաղացողների հարաբերություններն իրար հետ լավ են, նրանց միավորման խնդիրը դառնում է տեխնիկայի ու ժամանակի հարց:

Անշուշտ, պետք է որ հարց ծագի՝ այդ դեպքում ո՞ւր մնաց ՀՀԿ-ն, որին անդամակցելու դիմումը Սերժ Սարգսյանն արդեն ներկայացրել է: Մեր աղբյուրների ասելով, աջ-ազատական ուժերի միավորումն ընդամենը լրացնելու է ՀՀԿ-ին կամ լինելու է «պահեստային» տարբերակ՝ նոր ԱԺ-ում Ս. Սարգսյանին վարչապետ կարգելու հարցը հարթ անցկացնելու համար:

Հավելենք միայն, որ ըստ մեր տեղեկությունների, օրերս ՀՀ նախկին վարչապետ Ա. Սարգսյանն ու ՀՀ պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանը միասին ստադիոնի օթյակից հետեւել են «Միկա» եւ «Յանկի բոյս» ֆուտբոլային թիմերի խաղին: Իսկ եթե դա այդպես է, նշանակում է՝ Ա. Սարգսյանի «PR» ակցիան առաջիկայում ետ չի մնալու Դ. Հարությունյանի սկսած քարոզարշավից:

ՆԱԻՐԱ ՄԱՄԻԿՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել