Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

«Պոլիսը իրավեն շատ կսիրեմ»

Հուլիս 14,2006 00:00

Այս
օրերին Երեւանում է թուրքական «Միլլիեթ» օրաթերթի եւ ԹՌԹ-2 հեռուստաընկերության թղթակից,
կինոքննադատ Ալին Թաշչյանը: Նա առաջին անգամ է Հայաստանում: Բազմաթիվ եվրոպական
փառատոների մասնակցած կինոքննադատին խնդրեցինք գնահատել երեւանյան «Ոսկե ծիրանը»:
Ալինը նշեց, որ բոլոր փառատոները հիմնականում վենետիկյանի մոդելով են, իսկ Վենետիկում
առաջին անգամ փառատոն է կազմակերպվել Մուսոլինիի մտահղացմամբ: Կինոքննադատը նաեւ
ասաց, որ ցանկացած փառատոն մեծ դժվարություններ ու ֆինանս է ենթադրում: Ու քանի որ
«Ոսկե ծիրանը» ընդամենը 3 տարեկան է, դեռ երկար ճանապարհ պետք է անցնի ու պիտի անպայման
հավասարակշռի հայաստանցիների եւ արտերկրի կինոգործիչների սպասելիքները: «Միլլիեթի»
թղթակիցը նկատեց, որ այն կազմակերպական որոշ բացեր ունի, սակայն արտերկրի ներկայացուցիչների
համար գրավիչ է «Հայկական համայնապատկեր» ծրագրով, որտեղ ներկայացված են աշխարհի
հայազգի կինոգործիչները: Նրա խոսքով, հանրահայտ ռեժիսորների գործեր կարելի է հանդիպել
նաեւ այլ փառատոներում, իսկ «Հայկական համայնապատկերը» ինքնատիպ է այնտեղ ընդգրկվածների
ազգային պատկանելությամբ. «Մարկո Բելոկիոն գալը շատ լավ է, բայց Մարկո Բելոկիոն ամենքը
կճանչնան: Էնպես որ, «Հայկական պանորաման» շինելը շատ խելացի բան մը եղավ»: Ալին
Թաշչյանը տեղեկացրեց, որ ամեն տարի Թուրքիայում բազմաթիվ կինոփառատոներ են անցկացվում՝
պետության եւ հարուստ հովանավորների աջակցությամբ: Ամենամեծը Պոլսի 25-ամյա կինոփառատոնն
է, որին 15000 մարդ է մասնակցում: Իսկ Ալինի ընկերներից մեկն էլ՝ «1001» վավերագրական
ֆիլմերի փառատոնի տնօրեն Նուրդան Արկան է: Ինչպե՞ս է իրեն զգում Ալինը Երեւանում:
«Առաջին անգամ էկածի պես չէ, միշտ կուգամ-կերթամի պես է, փողոց նոր դուրս գացածի
պես չեմ զգար, ամեն բանը կճանչնամ կոր»,- ժպտում է Ա. Թաշչյանը: Նա համոզված է, որ
կոնֆլիկտ ունեցող երկրների համար առավել կարեւոր է մշակութային երկխոսությունը: Քանի
որ, ըստ Ալինի, քաղաքական գործիչներին գուցե եւ ձեռնտու են կոնֆլիկտները, բայց ժողովուրդներին
դրանք ամենեւին պետք չեն: Անդրադարձ եղավ նաեւ Ն.Ս.Օ.Տ.Տ. ամենայն հայոց կաթողիկոս
Գարեգին Բ-ի վերջերս Թուրքիա կատարած այցին եւ նրա դեմ թուրք ծայրահեղականների կազմակերպած
ակցիային: Լրագրողը նշեց, որ կատարվածի մեղավորը մի խումբ ծայրահեղականներն էին,
ովքեր նույնկերպ կարող են վարվել նաեւ թուրքերի հետ: Ալինը հիշեց, թե, օրինակ,
ինչպես են ազգությամբ թուրք գործիչ Մուրադ Բելգեի դեմքին գինի լցրել, երբ վերջինս
հայանպաստ հայտարարություն է արել: Հետաքրքրվեցինք՝ հաճա՞խ են պոլսահայերը քաղաքական
եւ կուսակցական տարաձայնություններ ունենում: Նա ասաց, որ ներկայումս Պոլսում ընդամենը
55000 հայ է ապրում եւ նախկինի պես այդքան էլ քաղաքականացված չեն: Հայ երիտասարդներից
շատերը իրենց սպասելիքների արդարացումը եւ ապագան տեսնում են միայն Թուրքիայի սահմաններից
դուրս՝ ԱՄՆ-ում եւ Եվրոպայում: Ըստ Ալինի, արտագաղթում են նաեւ թուրքերը.
վերջին մի քանի տարում 1,5 մլն բարձրագույն կրթությամբ թուրք է մեկնել ԱՄՆ: Ինչ վերաբերում
է Ա. Թաշչյանին, ինքը երբեք չի հեռանա Պոլսից՝ թեկուզ Հայաստանում հաստատվելու համար:
«Ես Պոլիսը իրավեն շատ կսիրեմ, հեչ մեկ տեղ ինձի էվել լավ չեկավ, իմին ընտանիքը շատ
հին է Պոլիսի մեջը, հոն տեղեն, հոս տեղեն էկած չեն»: Ալինն ասում է, որ իր պապերը
պոլսեցի են ու քաղաքի հետ կապը խոր արմատներ ունի: ԳՈՀԱՐ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել