Լրահոս
Օրվա լրահոսը

Ուսուցիչները կսովորեցնեն ուսուցիչներին

Հուլիս 14,2006 00:00

Հունիսի
26-ից սկսվել են դասվարների, մաթեմատիկայի, հայոց լեզվի եւ ինֆորմատիկայի ուսուցիչների
5-օրյա վերապատրաստման աշխատանքները «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում: Մալաթիա-Սեբաստիա
համայնքի շուրջ 1000 ուսուցիչ կվերապատրաստվի այս կրթօջախում: Վերապատրաստողները
հանրապետության լավագույն ուսուցիչներն են՝ տարբեր դպրոցներից: Վերապատրաստող ուսուցիչների
մրցույթը սկսվել է անցյալ տարվա սեպտեմբերից: Մրցույթին դիմել է 800 ուսուցիչ՝ հանրապետության
տարբեր մարզերից: «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի տնօրեն Ռայա Գալստյանն
ասում է, որ այս գործընթացի նպատակը նոր կրթակարգի առարկայական չափորոշիչների ներդրումն
է դպրոցներում: Ուսուցիչներն այս դասընթացների ժամանակ կծանոթանան նաեւ նոր դասագրքերին:
Թեպետ դրանք դեռ տպարանում են, բայց վերապատրաստվող ուսուցիչներին արդեն բաժանվել
են դասագրքերի փորձնական տարբերակները: «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի տնօրեն Աշոտ
Բլեյանը նշեց, որ երբ 1995-ին ուսուցիչներ էին վերապատրաստվում, կողքից լուրջ չէին
ընդունում եւ ծաղրում էին. «Ուրախ եմ, որ հիմա լրջորեն են մոտենում այս հարցին»:
Երեկ կրթահամալիր էին այցելել ՀՀ կրթության ոլորտի տարբեր պատասխանատուներ, այդ թվում՝
ԿԳ նախարարության կրթական ծրագրերի կենտրոնի տնօրեն Կարինե Հարությունյանը: Նա նշեց,
որ հանրապետության շուրջ 40.000 ուսուցչի 3 տարվա վերապատրաստման համար նախատեսված
է 4,5 մլն դոլար: Այս աշխատանքների համար ընտրվել են 52 դպրոց-կենտրոններ, որտեղ
ստեղծված են համապատասխան պայմաններ ուսուցիչների համար: Կ. Հարությունյանը նշեց,
որ ամեն օր որեւիցե դպրոց-կենտրոն են հաճախում. «Վստահաբար կարող եմ նշել, որ վերապատրաստվող
ուսուցիչները հարյուր տոկոս մասնակցություն են ապահովում, նույնիսկ կան ուսուցիչներ,
որոնք անհամբեր են եւ ուզում են ժամկետից շուտ սկսել դասերը»: Կ. Հարությունյանն
ասաց, որ վերապատրաստման հիմքում կարեւորել են ուսուցչի դերի բարձրացումը. «Ընտրել
ենք վերապատրաստման այնպիսի մոդել, որտեղ գործող անձը ուսուցիչն ու դպրոցն են: Այսպիսով,
նրանք են դառնում բարեփոխումների կրողն ու առաջնորդողը»: Դասընթացների ընթացքում
ուշադրություն է դարձվում հատկապես գործնական պարապմունքներին: Կրթության պատասխանատուները
այցելեցին նաեւ վերապատրաստվող ուսուցիչների դասասենյակներ՝ դասապրոցեսի ընթացքում:
Ուշագրավ էին դասարաններից մեկում փակցված աշխատանքի կանոնները, այսինքն այն, ինչ
ուսուցիչները պահանջում են աշակերտներից. այսօր վերապատրաստող ուսուցիչները վերապատրաստվողներից
պահանջում են պահպանել լռություն, ժամանակին ներկայանալ, փոխադարձ աջակցել, իրար
կարծիք հարգել, բջջային հեռախոսներն անջատել, ժամանակացույցը չխախտել, լսել իրար,
խոսել ըստ էության: ԼՈՒՍԻՆԵ ՕՀԱՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել