Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

ՓԱԽՍՏԱԿԱՆՆԵՐԻՆ ՔՇՈՒՄ ԵՆ ՔՈԹԵՋԻՑ

Հուլիս 14,2006 00:00

Զոհված ազատամարտիկի ընտանիքին կառավարության
շենքում բնակարան տվեք Հայաստանում, ըստ պաշտոնական վիճակագրության, 360
հազար փախստական տուն չունի, նրանցից 3500-ը ծայրահեղ վատ պայմաններում են ապրում:
Կառավարությունը նախընտրական կարգախոսի նման շարունակում է հնչեցնել, թե մինչեւ 2007թ.
նրանց կապահովի բնակարաններով: Զոհված ազատամարտիկի ընտանիքը՝ փախստական Միխայիլ,
Մադլենա եւ Մարիետա Բաբալյանները, նույնպես կարող է փողոցում հայտնվել: Նրանց ձեռքից
փորձ է արվում խլել Աբովյան քաղաքի 8-րդ միկրոշրջանի 17ա-բ քոթեջը, ուր ապրում են
մինչ օրս: Քոթեջը հատկացրել են Ռուսաստանում ապրող, փախստականի կարգավիճակից վաղուց
դուրս եկած Օլգա Տերոյանին եւ նրա ընտանիքի 8 անդամներին, որոնք ունեն եւս 4 բնակարան:
Վերջին «մանրուքի» մասին Տերոյանները տեղյակ չեն պահել փախստականների եւ միգրացիայի
վարչությանը: Ուշագրավ է, որ վիճելի քոթեջները ոչ թե հայրենի կառավարության գրպանի
փողերով են կառուցվել, այլ՝ ՄԱԿ-ի միջոցներով: Այն, որ վերոնշյալ բնակտարածքը
պետք է հատկացվեր Հայրենիքի համար զոհվածի ընտանիքին եւ ոչ հանրապետությունից մեկնած
քաղաքացիներին, հաստատվում է փախստականների մասին գործող օրենքով (4-րդ հոդված).
«Փախստականը կորցնում է իր կարգավիճակը, եթե նա մշտական բնակության է մեկնել ՀՀ տարածքից
դուրս», իսկ ՀՀ կառավարության 1997թ. թիվ 330 որոշման 9-րդ կետի համաձայն էլ, «փախստականն
իրավունք չունի բնակարան ստանալ, եթե սեփականության իրավունքով ձեռք է բերել այլ
բնակարան»: Բաբալյանների ընտանիքը դիմել է գլխավոր դատախազության կոռուպցիայի պայքարի
բաժին՝ քրեական գործ հարուցելու պահանջով: Դիմումի մեջ ակնարկվում են նաեւ մարզպետարանի
գործողությունները: Ըստ էության, դատախազության կոռուպցիայի բաժինը հաստատել
է, որ Տերոյանները հանդիսանում են ՌԴ քաղաքացիներ, որ հատկացված քոթեջը հետ վերցնելու
փոխարեն թե միգրացիայի վարչության, թե Կոտայքի մարզպետարանի «համապատասխան պաշտոնատար
անձինք չարաշահելով իրենց պաշտոնեական դիրքը», քոթեջը տվել են դրա կարիքը չունեցող
մի ընտանիքի՝ խախտելով անօթեւան եւ կարիքավոր այլ փախստականների իրավունքներն ու
օրինական շահերը: Դատախազությունը մարզպետարանի սոցիալական ապահովության բաժնի պետ
Վանիկ Հունանյանի նկատմամբ քրեական հետապնդում չի իրականացրել՝ «վաղեմության ժամկետն
անցնելու» պատճառաբանությամբ: Հարցաքննել են ՀՀ սոցիալական ապահովության նախարարության
գործերի կառավարչին՝ Աշոտ Խաչիկյանին, որը ցուցմունք է տվել, որ «տվյալ քոթեջը հայտնաբերել
են մեխված, քարուքանդ վիճակում, էլեկտրական հաշվիչի ցուցմունքը եղել է զրոյական»:
Վերոնշյալ Վանիկ Հունանյանն էլ ցուցմունք էր տվել, որ «աշխատանքով ծանրաբեռնված լինելու
պատճառով, ներկայացված փաստաթղթերն ու դրանց հիմքերը պատշաճ չեմ ստուգել» եւ ընդունել
է պաշտոնեական անփութություն կատարելու հանգամանքը: Այս ամենով հանդերձ, վեճը քոթեջի
համար դեռ շարունակվում է: Ալեքսանդր Բաբալյանը զոհվել է 1994-ին, Մարտակերտի
շրջանի Մաղավուզ գյուղում: Նրա աճյունն ամփոփվել է Աբովյան քաղաքում, որտեղից պատրաստվում
են քշել իր ընտանիքին: ՌՈՒԶԱՆ ՄԻՆԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել