Լրահոս
Օրվա լրահոսը

Ձրի պանիրը միայն թակարդում է

Հուլիս 14,2006 00:00

Զգուշացնում է «ՎիվաՍելլը»՝ արձագանքելով ընկերության անունից կեղծումների մասին «Առավոտի» հրապարակումներին:

«Առավոտ» օրաթերթի 07.07.06թ. համարում «ՎիվաՍելլին» արդեն կեղծում են» հոդվածում ներկայացված է, որ վերջերս հաճախակի են դարձել խաբեությամբ ուրիշի հաշվին ձեռք բերված լիցքավորման քարտերի ծածկագրերին տիրանալու դեպքերը: «ՎիվաՍելլը» շնորհակալ է «Առավոտ» թերթի խմբագրությանը՝ այս հրատապ խնդրին հասարակության եւ մեր ուշադրությունը հրավիրելու համար:

Մարդկանց դյուրահավատության վրա հիմնված խարդախությունները նորություն չեն: Ներկայացնում են ճշմարտանման մի պատմություն՝ հայտնելով նրա շահումի մասին, եւ շահումը տրամադրելու համար, այս կամ այն պատրվակով, պահանջում են կատարել վճարում: Սովորաբար վճարում կատարելու համար սահմանվում է սեղմ ժամկետ, որպեսզի հնարավոր չլինի դրա մասին խորհել: Առաջարկությանն անմիջապես հավատալու փոխարեն, այն ստացած անձը, անշուշտ, պետք է սկզբից փորձի պատասխանել մի պարզ հարցի՝ «արդեն իսկ շահած գումարս ստանալու համար ինչո՞ւ պետք է կատարեմ վճարում, եւ ինչո՞ւ պահանջվող գումարը չի կարող պահվել շահումիցս»: Տարակուսանք պետք է առաջացնի նաեւ այն փաստը, որ նա նախապես տեղյակ չի եղել «անցկացվող խաղարկության» մասին եւ որեւէ գործողություն չի ձեռնարկել դրան մասնակցելու համար: «ՎիվաՍելլը» ստացել էր ահազանգեր որոշ դեպքերի մասին, սակայն դրանք եղել են սակավաթիվ, ինչու եւ նախկինում ընկերությունը հարկ չի համարել հանդես գալ որեւէ պաշտոնական հայտարարությամբ:

Այս արատավոր երեւույթի դեմ պայքարելու համար հասարակությունը պետք է լինի աչալուրջ եւ խարդախության ցանկացած փորձի կամ դեպքի մասին անհապաղ հայտնի «ՎիվաՍելլին» եւ իրավապահ մարմիններին՝ իրավախախտումը կանխելու կամ խափանելու, բաժանորդների խախտված իրավունքները վերականգնելու, հանցագործներին հայտնաբերելու եւ նրանց, օրենքով սահմանված կարգով, պատժի ենթարկելու համար:

Առ այսօր ստացված բոլոր ահազանգերի կապակցությամբ «ՎիվաՍելլը» ձեռնարկել էր ներքին հետաքննություն եւ, այն դեպքերում, երբ ներկայացված փաստերը համարվել են ամբողջական եւ արժանահավատ, կատարել անջատումներ: Սակայն, տուժածների իրավունքների վերականգնման համար անհրաժեշտ է իրավապահ մարմինների եզրակացությունը:

Բաժանորդներին հայտնի է, որ «ՎիվաՍելլը» վճարումներն ընդունում է միայն իր հաճախորդների սպասարկման կենտրոնների, www.vivacell.am վեբկայքի, բանկային փոխանցումների, ինչպես նաեւ «ալո» եւ լիցքավորման քարտերի իրացման միջոցով: Մատուցվող բոլոր ծառայությունների համար գումարները գանձվում են բաժանորդի հաշվի մնացորդը նվազեցնելու միջոցով: Հետվճարային (ապառիկ) սպասարկման դեպքում, գանձված կամ վճարման ենթակա գումարն արտացոլվում է ամսական հաշվում:

«ՎիվաՍելլի» բոլոր ծառայությունները եւ հատուկ առաջարկները հրապարակային են, եւ դրանք լայնորեն գովազդվում են լրատվամիջոցներով: Կարճ հաղորդագրությունների համակարգի (SMS) միջոցով մատուցվող ծառայությունների մասին ծանուցումներն ուղարկվում են միայն «ՎիվաՍելլից», այլ ոչ թե թվային համարից: Ծառայությունների եւ հատուկ առաջարկների մասին հնարավոր է տեղեկանալ ընկերության սպասարկման կենտրոններից, վեբկայքից եւ շուրջօրյա թեժ գծով՝ զանգահարելով 111 կամ «ԱրմենՏելի» ցանցից՝ 093-297111 համարով:

«ՎիվաՍելլի» տնօրինություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել