Լրահոս
Օրվա լրահոսը

ՀԱՅԵՐԸ ՔՈԲՈՒԼԵԹԻՈՒՄ «ՏՆԱՎՈՐՎԵԼ» ԵՆ

Հուլիս 14,2006 00:00

Այս
ամառ էլ հայաստանցի տուրիստների մեծ մասը կհանգստանա Անթալիայում, Քոբուլեթիում եւ
Բաթումում Նախորդ տարվա համեմատությամբ, այս տարի Բաթումում եւ Քոբուլեթիում
ամռան սեզոնին քոթեջների եւ վարձով տների գները մի քանի անգամ թանկացել են: Այս մասին
հավաստիացնում են թե՛ հանգստացողները եւ թե՛ տուրիստական գործակալությունները: Պարզվում
է, ոչ թե հանգստյան գոտիներն են թանկացել, այլ դրանք երկրորդ, երրորդ ձեռք են անցել:
Բանն այն է, որ հայերը բիզնեսի նոր ձեւ են գտել. արդեն մայիս ամսից Բաթումում եւ
Քոբուլեթիում տնավորվել են ու ծովափնյա քոթեջները, տները տեղացիներից էժան գներով
վարձակալել եւ դրանց դիմաց այժմ տուրիստներից մի քանի անգամ թանկ վերավարձ են պահանջում:
Արդյունքում՝ Հայաստանից մեկնած տուրիստները ո՛ր տան վրա մատը դնում են, պարզվում
է՝ «բանակցությունների», սակարկելու համար պետք է գործ ունենան իրենց հայրենակցի
հետ: Եթե անցյալ տարի Քոբուլեթիում սենյակ կարող էիր վարձել 4-5 դոլարով, ապա այժմ
նույն պայմաններով սենյակները, ըստ հանգստացողների, 10-15 դոլարից պակաս չեն: Բաթումում
գներն ավելի բարձր են. սովորական պայմաններով երկտեղանոց սենյակների օրավարձը 20-25
դոլար է, որի մեջ է մտնում նաեւ լոգարանն ու զուգարանը: Առանց կոմունալ հարմարությունների
սենյակները, որոնց զուգարաններն ու լոգարանները ընդհանուր են ամբողջ հանգստյան տան
այցելուների համար՝ կարելի է վարձել 15-20 դոլարով: Ընդ որում, սննդի եւ ճանապարհածախսի
(գնալ-գալը՝ մոտ 20 հազար դրամ) հարցերը պետք է հոգան այցելուները: Այսպիսով, Աջարիայում
7-օրյա հանգիստը տուրիստին արժենում է միջինը 200-250 դոլար: Իսկ տուրիստական գործակալությունների
միջոցով հանգստանալու մեկնելու դեպքում ծախսն ավելի քիչ է լինում: Եթե նախորդ տարի
գործակալությունների առաջարկած գներն այնքան էլ ձեռնտու չէին, այս տարի արդեն, հաշվի
առնելով, որ հայերը տները «վերավարձով» են տալիս, մատչելի է տուրիստականով մեկնելը:
Տուրգործակալությունների տվյալներով, Քոբուլեթիի հյուրանոցում 7-օրյա հանգիստը՝ ներառյալ
ճանապարհածախսն ու օրական երեք անգամյա սնունդը, արժե 66 հազար դրամ: Կա նաեւ առաջարկ
47 հազար դրամով, բայց, եթե առաջինի դեպքում գործակալության աշխատակիցները վստահեցնում
են, որ պայմանները «մարդավարի» են, ապա 47 հազարանոց ուղեգիր ձեռք բերելիս ոչ ոք
չի երաշխավորում, թե ինչպիսի պայմաններում են մնալու: Ընդհանրապես՝ այս տարի
էլ հայ տուրիստները նախընտրում են հանգստանալու համար մեկնել Անթալիա, քանի որ այլընտրանք
գրեթե չունեն: Տուրիստական գործակալությունների ներկայացմամբ, նույնիսկ նրանք, ովքեր
ցանկանում են եվրոպական երկրներում հանգիստը կազմակերպել, մեր երկրում գործող շենգենյան
երկրների դեսպանատների հետ մեծ քաշքշուկներ են ունենում եւ ստիպված հրաժարվում են
Եվրոպա մեկնելու մտքից: Ըստ տուրօպերատորների՝ նրանք, ովքեր ցանկություն ու
հնարավորություն ունեն եւ պլանավորել են իրենց հանգիստը անցկացնել Իտալիայում, Իսպանիայում
կամ Հունաստանում, ասենք, հուլիս ամսին, դեսպանատների ստեղծած խոչընդոտների պատճառով,
արձակուրդը վերջանում է, բայց դեռ պատասխան չեն ունենում՝ մերժված են, թե՝ ոչ: Նկատենք,
որ այս խնդիրն առանձնապես չի հուզում մեր երկրի բարձրաստիճան պաշտոնյաներին: Այլապես
դեպի Եվրոպա տուրիզմ կազմակերպող գործակալությունների բազմաթիվ բողոքներին որեւէ
ընթացք կտրվեր եւ դեսպանատների՝ մուտքի արտոնագիր տալու բարդեցված ընթացակարգը դրական
փոփոխությունների կենթարկվեր: Ստացվում է, որ մեր պետական այրերը նպաստում են, որպեսզի
մեր տուրիստները հանգստանան Անթալիայում: «Արմենտուր» տուրիստական ընկերության մարքեթինգի
գծով տնօրեն Արտակ Ղահրամանյանի խոսքերով, այս տարի էլ իրենց ամենաշատը դիմում են
Անթալիա մեկնելու համար, չնայած՝ ընկերությունը եվրոպական երկրներում հանգստանալու
փաթեթներ եւս առաջարկում է: Եթե Անթալիայում 1-շաբաթյա հանգստի նվազագույն տուրիստական
փաթեթը 1 անձի համար մոտ 800 դոլար է, ապա եվրոպական երկրներինը՝ Կանարյան կղզիներ,
Պալմա դե Մայորկա, Կոստա Բրավա, սկսում է 1100 եվրոյից: ԼՈՒՍԻՆԵ
ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել