Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

ՀԱՆՑԱԳՈՐԾՆԵՐԻՆ Ի ՀԱՅՏ ՉԵՆ ԲԵՐԵԼ

Հուլիս 14,2006 00:00

ՀԱՆՑԱԳՈՐԾՆԵՐԻՆ
Ի ՀԱՅՏ ՉԵՆ ԲԵՐԵԼ Հուլիսի 12-ին, ժամը 21:30-ի սահմաններում,
«Չորրորդ իշխանություն» թերթի թղթակից Գագիկ Շամշյանը հարձակման էր ենթարկվել մի
շարք անձանց կողմից, որոնցից մի քանիսին ինքը ճանաչել էր: Հարձակումից երկու ժամ
անց Երեւանի Էրեբունի եւ Նուբարաշեն համայնքների ոստիկանության բաժնում լրագրողը
հայտարարություն է արել, որով հայտնել է իր վրա հարձակում կատարած անձանց անունները,
ինչպես նաեւ մատնանշել հարձակման պատճառը: Կատարվածի առնչությամբ Երեւանի Էրեբունի
եւ Նուբարաշեն համայնքների դատախազությունում քրեական գործ է հարուցվել ՀՀ Քր.օր.-ի
164 հոդվածով՝ լրագրողի մասնագիտական օրինական գործողությանը խոչընդոտելը, 176 հոդվածի
առաջին եւ 258 հոդվածի երրորդ մասերի հատկանիշներով, համապատասխանաբար՝ «կողոպուտ»
եւ «խուլիգանություն»: ՀՀ գլխավոր դատախազության փոխանցմամբ, ձեռնարկվում
են օպերատիվ-որոնողական միջոցառումներ՝ լրագրողի մատնանշած անձանց հայտնաբերելու
ուղղությամբ: Նույն օրը, երբ Գ. Շամշյանը ոստիկանությունում հայտարարություն էր տալիս
իր դեմ կատարված ոտնձգության մասին, նրանից խլված իրերի մի մասը՝ ձայնագրիչն ու բջջային
հեռախոսը վերադարձվեցին, իսկ ահա դրամապանակը, որի մեջ եղել էր 180 ԱՄՆ դոլար՝ ոչ:
Նշենք, որ վերադարձված բջջային հեռախոսում տեղադրվել էր միանգամայն այլ համարի կանխավճարային
քարտ: Լուսադեմին Էրեբունիի ոստիկանությունից տուն վերադառնալիս լրագրողն իր վարձակալած
բնակարանի հեռախոսալարերը մուտքի կողմից կտրված էր գտել: Իսկ երեկ համայնքը սպասարկող
էլցանցի աշխատողն անջատել էր նաեւ նրա բնակարանի լույսը՝ այն դեպքում, երբ Գ. Շամշյանը
էլեկտրաէներգիայի վճարման որեւէ պարտք չուներ, ավելին՝ դեռ կանխավճար էր մուծած եղել:
«Առավոտը» փորձեց պարզել, թե ո՞րն է լրագրողի բնակարանի հոսանքազրկման պատճառը:
Ի պատասխան՝ Նուբարաշենի էլցանցի Մանուկյան ազգանվամբ ներկայացած դիսպետչերը հավաստիացրեց,
թե աշխատողին կուղարկի նշված հասցե՝ պատճառը պարզելու համար: Ավելի ուշ Գ. Շամշյանից
տեղեկացանք, որ բնակարանի էլեկտրամատակարարումը վերականգնվել է: Ն.
Մ.

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել