Լրահոս
Օրվա լրահոսը

Պատգամավորը վաղվա թոշակառուն է

Հուլիս 14,2006 00:00

ԱԺ-ում ստեղծվել է պատգամավորների կենսաթոշակային ապահովության մասին օրինագիծ

Պատգամավորներ Մեխակ Մխիթարյանը, Աղասի Արշակյանը, Էդմոն Ծատուրյանը, Վարդգես Մաթեւոսյանը եւ Կարեն Կարապետյանը հեղինակել են «Պատգամավորի կենսաթոշակային ապահովության եւ նրա ընտանիքի անդամների սոցիալական պաշտպանության մասին» օրենքի նախագիծը, որը, ըստ ամենայնի, կքննարկվի եւ կընդունվի աշնանային նստաշրջանում:

Իրենց նախաձեռնությունը օրինագծի համահեղինակներից Աղասի Արշակյանը բացատրում է այսպես. «Մենք գործընկերներ ունենք, ովքեր արդեն երկու-երեք գումարման պատգամավորներ են եւ այլեւս չեն պատրաստվում պատգամավոր առաջադրվել, այսինքն՝ պատրաստ են գնալ վաստակած հանգստի: Զրկե՞նք նրանց հանգստանալու իրավունքից, ինչը երաշխավորված է սահմանադրությամբ: Ես համահեղինակել եմ օրինագծին ոչ թե ինձ համար, այլ այն մարդկանց համար, ում թոշակային տարիքը մոտենում է: Եվ, վերջիվերջո, երկրում պետք է կարգ ու կանոն լինի, մենք ոչ միայն պետք է ձգտենք պատգամավորների կենսաթոշակային հարցերը լուծել, այլեւ այն մարդկանց հարցերը, ովքեր ոչ պակաս վաստակ ունեն երկրի կայացման համար՝ լինի բանվորը, գյուղացին, ծառայողը կամ մյուսը: Եվ այդ թվում նաեւ պատգամավորների հարցը պետք է լուծվի. պատգամավորն էլ մարդ է, այս երկրի համար ծառայել է, եւ ճիշտ կլինի, որ արժանապատիվ կենսաթոշակով ապահովված լինի»: Մեր հարցին՝ արդյոք այս նախաձեռնությունը հասարակության կողմից չի՞ դիտվի այնպես, որ ավելի անապահով քաղաքացիների հարցերը թողած պատգամավորները իրենց թոշակն են բարձրացնում, Աղասի Արշակյանը պատասխանեց, որ հարկավոր է առաջնորդվել ոչ թե պայմանականություններով, այլ՝ օրենքով. «Դրա համար էլ բամբասանքը, բանսարկությունը կամ մյուսը չպիտի խանգարեն պատգամավորին իր աշխատանքը կատարել»:

Նույն հարցին ի պատասխան՝ համահեղինակ Մեխակ Մխիթարյանը պատասխանեց. «Ես համամիտ եմ, որ այս պահին իսկապես հասարակական հնչեղությունը կարող է ընդդեմ լինել մեր ներկայացրած օրինագծին: Բայց մենք պետք է կարողանանք վեր կանգնել այս ամենից եւ չանձնավորենք ցանկացած խնդիր, այդ թվում նաեւ՝ մեր օրինագծերը: Եթե անձնավորում ենք, նայում ենք այսօրվա պատգամավորական կազմին, ապա իսկապես հասարակական հնչեղությունը հենց այդպիսին կլինի: 90 թվականից ի վեր, երբ սկսվեց պառլամենտարիզմի մեր նորօրյա պատմությունը, խորհրդարանի նկատմամբ վերաբերմունքը ժողովրդի մեջ կարծես չի փոխվել՝ ինչպես եղել է բացասական, այնպես էլ պահպանվում է: Դա գալիս է այն հանգամանքից, որ պատգամավորների նկատմամբ ժողովրդի վերաբերմունքը անձնավորված է, քանի որ մտածում են, որ մականունավոր կամ անմականուն եւ բոլոր պատգամավորները մեծահարուստներ կամ օլիգարխներ են: Սրա մեջ, իհարկե, ճշմարտության հատիկ կա, բայց մենք չպետք է առաջնորդվենք այսօրվա ունեցած պատկերով: Մենք պետք է մտածենք վաղվա մասին»:

ՄԱՐԳԱՐԻՏ ԵՍԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2006
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31