Լրահոս
Օրվա լրահոսը

ՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՆՈՐ ՎԱՐԿԱԾՆԵՐ ԵՆ Ի ՀԱՅՏ ԳԱԼԻՍ

Հուլիս 14,2006 00:00

Հունիսի
22-ին կատարված Սեդրակ Զատիկյանի սպանության շուրջ խոսակցությունները չեն դադարում
Հունիսի 22-ին Մալաթիա-Սեբաստիա համայնքում «Մետաքս» կոմբինատի հարեւանությամբ
տեղի ունեցած սպանության նախաքննությունը, որի թիրախը հիշյալ համայնքի նախկին թաղապետ,
երջանկահիշատակ Վահան Զատիկյանի որդին էր՝ Սեդրակ Զատիկյանը, ու պատահական անցորդ
Կարինե Սարգսյանը, դեռեւս շարունակվում է: Կատարված հանցագործության փաստի առիթով
հարուցված քրգործի շրջանակներում առայսօր միայն մեկ հոգի է կալանավորված՝ Ստեփան
Հակոբյանը, որը ԱԺ պատգամավոր Հակոբ Հակոբյանի եղբոր տղան է: Նրա մեղսակցությունն
այդ սպանությանը, որքան մեզ է հայտնի, դեռեւս ապացուցված չէ, որովհետեւ չի փոխվել
նրան առաջադրված մեղադրանքը, իսկ այն ի սկզբանե վերաբերում էր սոսկ ապօրինի զենք-զինամթերք
պահելուն: Ավելի ուշ մամուլում հրապարակում եղավ, թե Ստ. Հակոբյանին ազատ են արձակել,
թեեւ ՀՀ գլխավոր դատախազությունում «Առավոտին» ասացին, թե այդ տեղեկություններն իրականությանը
չեն համապատասխանում: Մինչ Ս. Զատիկյանի սպանության քրգործով նախաքննությունը
շարունակվում է, զուգահեռաբար շարունակվում են նաեւ այդ սպանությանն առնչվող նորանոր
ոչ պաշտոնական վարկածների քննարկումները: Դրանցից մի քանիսին «Առավոտն» անդրադարձել
է դեռ հունիսի 24-ի համարում եւ ավելի ուշ՝ ներկայացնելով, թե սպանության շարժառիթը
կարող էր լինել նաեւ Մալաթիա-Սեբաստիա համայնքում Վ. Զատիկյանի անվան զբոսայգում
կառուցվող սրճարանի շուրջ Ս. Զատիկյանի ու սրճարանի՝ առայժմ անհայտ տիրոջ միջեւ ծագած
վեճը: Սրանք բոլորն, անշուշտ, ընդամենը վարկածներ են, որոնց ավելանում են նորերը:
Մենք մեր մի հրապարակման մեջ՝ «Ինչո՞ւ են սպանել Սեդրակ Զատիկյանին» (24.06.2006թ.),
հիշատակած վարկածների թվում նշել էինք ժամանակին Վ. Զատիկյանի ձեռք բերած «Փարոս»
ռեստորանի շուրջ եղած վեճը, նաեւ, որ Ս. Զատիկյանին կարող էին սպանած լինել ինչ-որ
մեկին ունեցած նրա պարտքերի համար: Ահավասիկ, օրերս մեր աղբյուրներից մեզ հայտնի
դարձած տեղեկությունների համաձայն, տեղի ունեցած սպանության առնչությամբ շրջանառվում
է նաեւ մեկ այլ վարկած: Ըստ այդ վարկածի, որը, բնականաբար, դեռ քննարկման կարոտ է,
Ս. Զատիկյանին սպանել է վարձու մարդասպանը: Դրա օգտին է խոսում մեզ հասած այն տեղեկությունը,
թե՝ Ս. Զատիկյանի վրա նաեւ ստուգողական կրակոց է արձակվել: Նույն աղբյուրի փոխանցմամբ,
Ս. Զատիկյանի մեքենային հետապնդող մեքենաներ ընդհանրապես չեն եղել, ինչպես չի եղել
նրան, իբր, հետապնդողների հետ փոխհրաձգություն, ինչպես պատմել էին դեպքի ականատեսները
հենց դեպքի օրը: Մինչդեռ իրականում, ըստ մեր աղբյուրի, խոսակցություններ կան, թե
Ս. Զատիկյանին սպանած քիլլերը եղել է շեկ ու նիհարավուն երիտասարդ, ձեռքին ունեցել
է ջութակի պատյան, կանգնած է եղել դեպքի վայրից՝ Սեբաստիա-Տիչինա խաչմերուկից քիչ
հեռու՝ «դալանի» տակ եւ, ենթադրաբար, ինչ-որ մեկից տեղեկություն ստանալով, որ Ս.
Զատիկյանի ավտոմեքենան ընթանում է հենց նշված երթուղիով, տեսնելով ավտոմեքենան՝ անցել
է փողոցը, կանգնել տրամվայի գծերի վրա ու կրակահերթ արձակել Ս. Զատիկյանի վրա: Ասում
են, որ եթե Ս. Զատիկյանի կողքին ուղեւոր լիներ, գնդակը կխոցեր ուղեւորին եւ ոչ թե
Ս. Զատիկյանին, որի գլուխն էր վնասվել հենց այդ կրակոցից: Այդ ընթացքում մեքենան
բախվել է բեռնատարին, իսկ «քիլլերը» հասնելով նրան՝ ստուգողական կրակոցով համոզվել
է, որ սպանել է իր զոհին՝ նստել է իրեն նախապես սպասող առանց պետհամարանիշի մի ավտոմեքենա
ու փախել դեպքի վայրից: Ինչ վերաբերում է սպանության շարժառիթին, ապա՝ մեր
աղբյուրի փոխանցմամբ, խոսքը վերը հիշատակված «Փարոսի» շուրջ եղած ինչ-ինչ վեճն է
եղել, որի վերաբերյալ նախկինում գրել էինք, թե այդ օբյեկտը ձեռք բերելու ցանկություն
էր ունեցել ՀՀ ՊՆ փոխնախարար Մանվել Գրիգորյանը: Մեր աղբյուրի ասելով, «Փարոսը»
Ս. Զատիկյանից ձեռք բերելու հարցում շահագրգռություն է ցուցաբերել նաեւ ԱԺ գործարար
պատգամավոր Սամվել Ալեքսանյանը: Ըստ այդ լուրերի, վերջինս ու Ս. Զատիկյանն անգամ
համաձայնության էին եկել այդ գործարքի շուրջ, եւ Ս. Ալեքսանյանը որոշակի կանխավճար
էր վճարել, որի չափը, գոնե մեր տեղեկություններով, եղել է շուրջ 2 մլն դրամ: Ավելի
ուշ Ս. Զատիկյանը միտքը փոխել է, կանխավճարի մի մասը վերադարձրել է պատգամավորին,
իսկ մնացածը, արդեն ԵԿՄ համայնքային կառույցի ղեկավար դառնալուց հետո, որոշել է չտալ
կամ ուշացնել: Ս. Ալեքսանյանն էլ, իբր, սպանության նախօրեին նրան կանչել է «ռազբորկայի»՝
գումարի մնացած մասը ստանալու համար: Բանակցությունները վերաճել են վեճի, նույնիսկ
կրակոցներ են հնչել: Ընդ որում, ասում են՝ առաջին կրակոցներ արձակողը եղել է հենց
Ս. Զատիկյանը: Մենք, անշուշտ, փորձեցինք այս վարկածի (կրկին շեշտենք՝ ընդամենը
վարկածի) շուրջ զրուցել նաեւ պարոն Ալեքսանյանի հետ, բայց պարզվեց, որ նա այս օրերին
հանրապետությունում չէ: Մենք պատրաստ ենք հրապարակել նաեւ նրա կարծիքն այս
ամենի մասին, եթե պատգամավորը նման ցանկություն ունենա: ՆԱԻՐԱ
ՄԱՄԻԿՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել