Լրահոս
Օրվա լրահոսը

«Էրեխեքը քուչեքն են մեծանում»

Հուլիս 13,2006 00:00

Դժգոհում են Արմավիրի մարզի Լեռնագոգ գյուղի բնակիչները

Խորհրդային կարգերի փլուզումից հետո «փլուզվել» են նաեւ լեռնագոգցիների «ջուխտ» մանկապարտեզները. դրանք ժամանակին ֆինանսավորվել են արդյունաբերական ձեռնարկությունների միջոցներով, որոնց լուծարումը, փաստորեն, ծանր է նստել նաեւ գյուղի երեխաների վրա: Գյուղացիների վկայությամբ, մանկապարտեզների հարմարավետ շենքերը մինչեւ օրս էլ «սաղ-սալամաթ» են եւ դրանցից գոնե մեկը վերաբացելու իրենց խնդրանքներին՝ պատասխանատուները «ծպտուն» չեն հանում:

Գյուղի միակ մանկապարտեզը ընկեր Անահիտի տունն է, որտեղ ամիսը հազար դրամով համախմբվում են տարբեր տարիքի երեխաներ, որը բոլոր հարմարություններից զուրկ է: Փաստորեն, որպես մանկապարտեզ օգտագործվում է հյուրասենյակը, որտեղ շարված են աթոռները, ամռանն էլ երեխաների բախտները բերում է, որ տիկնոջ բակը մեծ է ու խաղալու շանսեր կան: «Հո չես կարող էրեխեքին անընդհատ տունը նստեցնել, անձամբ ես մի հինգ-վեց օր իմ էրեխին ընկեր Անահիտի տուն տարել եմ, բայց իմ երեխան փոքր էր, դաստիարակչուհին էլ ավելի շատ ուշադրություն դարձնում էր մեծահասակներին, նախապատրաստում էր դպրոցի համար, մերոնք էլ հետին պլանում էին մնում»,- ասում էր ծնող Լիաննա Մարգարյանը: Մենք հետաքրքրվեցինք, թե ու՞մ են պատկանում մանկապարտեզների շենքերը, միգուցե դրանք արդեն տերեր ունեն: Գյուղացիները վստահեցնում են, որ մանկապարտեզների հին շենքերից մեկը մի ժամանակ օգտագործվել է ադամանդի վերաձուլման համար, այժմ էլ այնտեղ պարային խմբակի դասեր են անցկացվում, բայց մյուսի դռները կողպած են: Պարզաբանումներ ստացանք նաեւ Լեռնագոգի գյուղապետ Սարգիս Մարգարյանից: Նրա ասելով՝ մանկապարտեզների շենքերը ճարտարապետական մեծ արժեք ունեն, բայց մոտ 10 տարուց ավելի է չեն աշխատում՝ ֆինանսավորում չունենալու պատճառով: Գյուղապետն ասում է, որ, ի տարբերություն մյուս համայնքների, իրենց բյուջեն ձեւավորվում է միայն դոտացիաների միջոցով: «Որեւէ տեսակի հարկեր մեր գյուղի կտրվածքով չենք կարողանում հավաքել, որովհետեւ այստեղ հիմնականում արդյունաբերական ձեռնարկություններ են եղել, գյուղատնտեսական նշանակությամբ հողեր չկան, հողի հարկ չի գոյանում, գույքահարկ՝ եւս: Մի շարք տնտեսություններ, որոնք նախկինում կային, այսօր սնանկ են ճանաչվել, լուծարվել են՝ որեւէ վճարում չանելով: Դրանք են հիմնականում մեր բյուջեի մաս կազմողները: Օրինակ՝ դատարանի միջոցով մենք 18 միլիոնի վճիռ ունեցանք ալրաղաց կոմբինատից գանձելու, բայց այն սնանկ ճանաչեցին ու որեւէ կոպեկ գյուղի բյուջե չմուտքագրվեց, այդպիսի մի շարք խոշոր տնտեսություններ կարող եմ թվարկել: Աղքատիկ բյուջեով ի՞նչ մանկապարտեզ կարող ենք պահել»,- արդարացավ գյուղապետը:

Իմիջիայլոց, այս պրոբլեմն ունեն նաեւ Շիրակի մարզի մի շարք համայնքներ, որոնց բնակիչները հեգնանքով ասում են, թե կրթական բարեփոխումներ անցկացնող երկրում երեխաները դպրոցահասակ են դառնում՝ Լենին պապիկին Մեսրոպ Մաշտոցից չտարբերելով:

ՆՈՒՆԵ ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել