Լրահոս
Թեհրանի նուրբ խաղը
Օրվա լրահոսը

ԵԿԵԼ ԷՐ «ՄԱՐՍԻ» ՈՒ «ՎԵՐԻՆ ԼԱՐՍԻ» ՀԱՄԱՐ

Հուլիս 13,2006 00:00

ՌԴ
տրանսպորտի նախարար Իգոր Լեւիտինը այդ հարցերի շուրջ Հայաստանի դիրքորոշման մասին
այսօր տեղյակ կպահի Կրեմլին: Քանի որ A320 ինքնաթիռի վթարի առաջին իսկ օրվանից
ՌԴ տրանսպորտի նախարար Իգոր Լեւիտինն ընդգրկված էր վթարի պատճառների հետաքննությամբ
զբաղվող հանձնաժողովում, նրա այցը Հայաստան մեծ հետաքրքրություն էր առաջացրել: Սակայն
երեկ պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանի հետ նրա համատեղ ասուլիսը խիստ արարողակարգային
էր եւ լրագրողներին հնարավորություն չընձեռվեց իրենց հետաքրքրող բոլոր հարցերի պատասխանները
ստանալ: Վերջին շրջանում մի շարք ռուսական ավիաընկերություններ՝ «Սիբիրը»,
«Ուրալյանը», ավիավթարի հետեւանքով նույնպես մի քանի ինքնաթիռներ կորցրեցին: Հաշվի
առնելով, որ վերջիններս, ինչպես նաեւ «Արմավիան» հետխորհրդային շրջանում ստեղծված
«երիտասարդ» ավիաընկերություններ են, եւ փորձն էլ ցույց է տալիս, որ վթարի են ենթարկվում
հենց նոր ընկերությունների ինքնաթիռները, պարոն Լեւիտինից ուզում էինք հետաքրքրվել,
թե այդ խնդիրը Ռուսաստանի տրանսպորտի նախարարին չի՞ մտահոգում, մանավանդ ավիատոր-փորձագետները
կասկած են հայտնում, որ նոր ընկերությունները, բիզնեսը շուտ ոտքի կանգնեցնելու կամ
միանգամից հարստանալու համար «քծիպություն» են անում եւ ինքնաթիռի կապիտալ տեխզննման
հարցին լուրջ չեն վերաբերվում: Օդանավերի լիարժեք տեխզննման մասին տեղեկությունը
միայն փաստաթղթերում է արտացոլվում, իսկ իրականում ինքնաթիռը համապատասխան երկիր
տանելու ու միջազգային չափանիշներով ստուգելու փոխարեն մասնագետներ են հրավիրում,
որը ավիաընկերության վրա համեմատաբար ավելի էժան է նստում: Քանի որ «Արմավիայի» A320-ի
վթարից հետո Ռուսաստան մեկնող ուղեւորների համար որպես այլընտրանք «Սիբիրավիան» էր,
ուստի երեկ ընկերության տնօրեն Մուշեղ Սայադյանից հետաքրքրվեցինք, թե վերջերս տեղի
ունեցած «Սիբիրի» ինքնաթիռի վթարից հետո ուղեւորների թիվը պակասե՞լ է. «Մենք որեւէ
հարցում չենք անցկացրել, որ նման եզրակացության գանք, բայց ընդհանուր առմամբ ուղեւորահոսքի
նվազեցում կամ ավելացում չենք նկատել: Մարդիկ ուզեն-չուզեն՝ պետք է օգտվեն այս եւ
այլ տրանսպորտային միջոցներից, փորձանքներ լինում են»: Հայկական կողմին հետաքրքրում
էր նաեւ Վերին Լարսի անցակետի փակման հարցը: Ըստ Իգոր Լեւիտինի, սահմանի փակման պատճառը
այնտեղ ընթացող շինաշխատանքներն են, որոնք կտեւեն մինչեւ սեպտեմբեր: Իսկ թե հայկական
արդեն թթված ծիրանով բեռնված մեքենաները ինչ պետք է անեն այդքան ժամանակ սահմանում
կանգնած ու ո՞վ պետք է փոխհատուցի մեր արտահանողների կրած նյութական վնասները, ոչ
պարոն Լեւիտինը, ոչ էլ ՀՀ պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանը ասուլիսի ժամանակ
չմանրամասնեցին: Դրանք կճշտվեն այն ժամանակ, երբ Լեւիտինը վերադառնա Մոսկվա եւ հայկական
կողմի դիրքորոշման մասին զեկուցի ՌԴ կառավարությանը: «Դուք այնպես եք խոսում, ոնց
որ մենք ինքներս ենք սահմանը փակել, իսկ դա կոռեկտ չէ: Մենք պատրաստ ենք բեռներն
անցկացնել ռուսական կողմով, բայց հարցը հետեւյալում է՝ կամ պետք է սպասենք շինարարության
ավարտին, կամ մնանք այն ճանապարհի հույսին, որը ձմռանը փակվելու է, եւ այնտեղով ընդհանրապես
հնարավոր չի լինելու անցնել: Պրոբլեմ է առաջացել վրացական կողմի հետ կապված, որը
չի ուզում Հայաստանից բեռներն անցկացնել այդ անցակետով, ռուսական կողմը պատրաստ է
Հայաստանից ընդունել ու բաց թողնել բեռներ, բայց այդ հարցում պետք է համաձայնության
գանք Վրաստանի կառավարության հետ»,- ասաց Լեւիտինը: Այսինքն, որքան էլ խոսք գնա միայն
շինաշխատանքների մասին, պարզ է, որ սահմանի փակման պատճառը զուտ տնտեսական չէ եւ
այստեղ քաղաքական խնդիր կա: ՌԴ տրանսպորտի նախարարը նաեւ անդրադարձավ «Գույք՝
պարտքի դիմաց» գործարքով Ռուսաստանին հանձնված կառույցների ճակատագրին՝ հայտարարելով,
որ «Մարս» գործարանի գնման եւ շահագործման համար հայտ է ներկայացրել ռուսական «Սիստեմա»
ընկերությունը: Թե ինչ պայմաններ են առաջարկվել, ինչ ժամկետով է այն հանձնվելու «Սիստեմային»
եւ ինչ չափով ներդրումներ են խոստանում կատարել՝ առայժմ պարզ չէ, քանի որ ըստ Սերժ
Սարգսյանի. «Երբ որ վերջնականապես հայտնի լինի սեփականատերը՝ պայմաններն ու ծրագրերը
նոր կիմանանք»: Հիշեցնենք, որ «Սիստեման» «ԱրմենՏելի» բաժնետոմսերի ամենահավանական
գնորդներից է եւ հարցին, թե ինչքանո՞վ է նպատակահարմար նրան «Մարսից» բացի տալ մեր
հեռահաղորդակցության ոլորտը, Ս. Սարգսյանը պատասխանեց. «ԱրմենՏելը» մերը չէ, մենք
չենք կարող փոխանցել մի բան, որը մերը չէ»: Ինչ վերաբերում է այն դիտարկմանը, որ
ՀՀ կառավարությունը լոբբինգ է անում ռուսական ընկերության համար՝ «ԱրմենՏելի» գնման
հարցում՝ դրա դիմաց ակնկալելով «Մարսի» վերագործարկում, Ս. Սարգսյանը պատասխանեց.
«Կառավարությունը չի կարող նման լոբբինգ անել: Բայց եթե «ԱրմենՏելը» գնած կամ չգնած
ընկերությունը ցանկություն կհայտնի վերագործարկել «Մարսը», ապա կառավարությունում
դրան միայն ուրախ կլինեն»: ՀՌԻՓՍԻՄԵ ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Հուլիս 2006
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31