Լրահոս
Օրվա լրահոսը

Վերեւները սեփականացրին, անցան գետնի տակ

Հուլիս 13,2006 00:00

ՀՀ նախագահի նստավայրի դիմաց
երեկ առավոտից բազմություն էր հավաքվել Երեւանի «Բարեկամություն» մետրոյի
կայարանին հարող հսկա տարածքում տոնավաճառներն եւ կրպակները, որտեղ տարին տասներկու
ամիս աշխատում են հարյուրավոր մարդիկ, պատրաստվում են սեփականաշնորհել: Երեկ այդ
տարածքի աշխատողները, որոնք այդ սեփականաշնորհման հետեւանքով կարող են մնալ առանց
ապրուստի միջոցների, եկել էին ՀՀ նախագահի նստավայրի մոտ եւ պահանջում էին, որ իրենց
խնդիրները լսող լինի: Տարածքն, ինչ խոսք, վերանորոգման կարիք ունի։ Իրենք
եւս դժգոհ են այս պայմաններից եւ մեկ անգամ չէ, որ պատրաստակամություն են հայտնել
տարածքը վերանորոգել եւ օդափոխիչներ տեղադրել, սակայն ոչ քաղաքապետարանից եւ ոչ էլ
Արաբկիրի թաղապետարանից ըմբռնում չի եղել: «Մենք նույնիսկ նամակ ենք գրել թաղապետին,
որ իրենց նախագծով, բայց մեր ֆինանսներով վերանորոգման աշխատանքները կատարվեն, իսկ
ինքը մերժել է, այնպես որ, առաջին հերթին մենք ենք շահագրգռված, որ տարածքը նորմալ
պայմաններ ունենա»,- ներկայացնում էին ցույցի ելածները: Մարդիկ հավաքվել էին
նախագահական նստավայրի մոտ, քանի որ այլեւս գնալու տեղ չունեին: Դեռեւս մարտ ամսին
դիմել են Երեւանի քաղաքապետարան, այստեղ իրենց ընդունել է փոխքաղաքապետ Արման Սահակյանը
եւ խոստացել, որ մեկ ամսվա ընթացքում բոլորի հետ պայմանագրեր կկնքվեն, սակայն դարձյալ
հարցը չի լուծվել: Հետո դիմել են տիկին Բելլա Քոչարյանին, դրանից հետո՝ թաղապետարան,
նաեւ՝ մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակ, որտեղից պատասխան են ստացել, որ,
այո, նկարագրվածի մեջ առկա է մարդու իրավունքների ոտնահարման փաստ: ՀՀ նախագահի
նստավայրի մոտ երեկ առավոտվանից հոծ բազմություն էր հավաքվել, եւ մարդիկ պատմում
էին, թե հատկապես ինչու են հասել նախագահական: 2006-ից կրպակատերերի հետ նոր պայմանագրեր
չեն կնքվում՝ պատճառաբանելով, թե այդ տարածքում շինարարական աշխատանքներ են իրականացվելու:
Կրպակատերերը չգիտեն այդ աշխատանքներից հետո այդ տարածքում կրպակ կունենա՞ն, թե՞
ոչ: Այսինքն՝ աշխատատեղ կունենա՞ն, թե՞ կզրկվեն ընտանիքը պահելու հնարավորությունից:
Կրպակատերերն արդեն հիշեցում են ստացել, որ մինչեւ հուլիսի 15-ը պարտավոր են ազատել
զբաղեցրած տարածքը եւ կրպակները: Սովորաբար, պայմանագիր կնքվել է կամ քաղաքապետարանի,
կամ թաղապետարանի հետ, մարդիկ եղել են հարկման դաշտում եւ կատարել են սոցիալական
բոլոր վճարումները: Հողի վարձը մինչ այսօր պարտաճանաչ գանձվում է (յուրաքանչյուր
կրպակ՝ 12 հազար դրամ): Կրպակատերերին լուրեր են հասել, որ տարածքը տրվելու է մի
հարուստ եւ ազդեցիկ մարդու, որն էլ տնօրինելու է այն վերանորոգումից հետո, սակայն
այս դեպքում անպաշտպան են մնում հարյուրավոր մարդիկ եւ նրանց ընտանիքները. «Կարծում
ենք՝ հենց դիտավորյալ էլ պայմանագիրը չէին կապում, որովհետեւ արդեն գիտեին, որ տարածքը
պետք է տան մեկ հոգու, ով էլ վերանորոգումից հետո կվերցնի ամեն ինչ»: Կրպակատերերի
ասելով՝ այդ տարածքում «մոտ հարյուր կրպակ կա, որոնցից յուրաքանչյուրում ամենաքիչը
երեք-չորս մարդ է աշխատում, ավելացնենք նաեւ ապրանք բերողներին, այլ օֆիսների եւ
խանութների աշխատողների, տոնավաճառը եւ այլ սեղանիկներ, դե, հաշվեք, թե դա ինչ հզոր
բանակ կլինի, որը կմնա անգործ»: Ներկաներից մեկը նույնիսկ հիշեց՝ «Ասում էր՝ 40 հազար
աշխատատեղ է բացելու ամեն տարի, ի՞նչ, մոռացա՞վ, դե, թող գոնե եղածները չփակի»: ՄԱՐԳԱՐԻՏ
ԵՍԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2006
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31