Լրահոս
Օրվա լրահոսը

«ՉԵՆՋՄԵՆՆԵՐԻՆ» ՆԵՂՈՒՄ ԵՆ

Հուլիս 13,2006 00:00

Արտարժութային սեւ շուկաները վերացնելու մասին Կենտրոնական բանկի հրամանը Գյումրիում բողոքի մեծ ալիք է բարձրացրել:

Արդեն մեկ շաբաթ է՝ գյումրեցի բրոքերները՝ մոտ 120 հոգի, բողոքով, մարզպետարանի, քաղաքապետարանի ու ոստիկանության դռներն են ընկած: Բանն այն է, որ օրերս Գյումրիի ոստիկանները Կենտրոնական բանկի անունից բռնի ուժով «ռեկետ» են արել փողոցներում գործող «չենջերի» աշխատակիցների մոտ եղած գումարները: Տուժած աշխատակիցների խոսքերով՝ այդ գումարներն իրենցն էլ չէին. դրանք հիմնականում պատկանել են խանութների, բենզալցակայանների տերերին, որոնք փոխանակման կետերի միջոցով իրենց փողը շրջանառության մեջ են դրել՝ ակնկալելով տոկոսներ: Այժմ ոստիկանների բռնագրավումից հետո գումարները պետք է փակվեն «չենջերի» տերերը: Ցուցարարների պատմելով՝ ոստիկանները իրենց մարդավարի չեն բացատրել ԿԲ-ի՝ արտարժութային սեւ շուկաները փակելու հրամանը, միայն ասել են, որ իրենք այլեւս «անօրինական, ինքնագլուխ» աշխատելու իրավունք չունեն: «Սովորականի պես եկել էինք գործի, մեկ էլ մի խումբ ոստիկաններ, որոնց մի մասը՝ քաղաքացիական հագուստով, մի քանի ավտո լցված եկան ու, առանց ավելորդ բացատրությունների, թեւներս ոլորելով գցեցին մեզ մեքենան ու տարան: Էնքան ամոթ էր, երեւի թե ամենավերջին մարդասպանի ու խուլիգանի հետ էդ ձեւով չվարվեին»,- «Առավոտին» դժգոհեցին «չենջմենները»: Նրանց ներկայացմամբ՝ Կենտրոնական բանկի որոշման մասին իրենց որեւէ մեկը որեւէ բառով նախապես չի զգուշացրել:

Միայն այս միջադեպից հետո է իրենց պարզ դարձել, որ ԿԲ-ն պահանջում է գործել լիցենզիայով, մտնել հարկային դաշտ եւ սահմանված չափանիշներով աշխատել: Մի որոշում, որն իրականացնելու համար, ըստ «չենջմենների», առնվազն անհրաժեշտ է միլիարդատեր լինել: Նրանց հաշվարկներով՝ փոքրիկ «բուտկա» դնելը ամենաքիչը կարժենա 15-20 հազար դոլար՝ չհաշված Կենտրոնական բանկի թույլտվությունը ստանալու կամ էլ քաղաքապետարանից տարածք խնդրելու համար ավելորդ քաշքշուկները:

Ինչ վերաբերում է հարկային դաշտին, ըստ բողոքավորների, իրենք միշտ էլ պարտաճանաչ «մուծվող» են եղել: «Բանկի նախագահը թող մի ժամով գա ու մեր փոխարեն էս արեւի տակ կանգնի, տեսնենք կդիմանա՞: Իրանց թվում է, թե մենք միլիարդներ ենք աշխատում: Սա ընդամենը օրվա հաց վաստակելու միջոց է, լարված աշխատում ենք՝ մեր առողջության հաշվին: Եթե ուրիշ գործ լիներ՝ բիրժա չէինք կանգնի, 85 տոկոսը բարձրագույն կրթությամբ է, մեր մեջ դասախոսներ էլ կան, իրավաբաններ էլ, հազար տարվա ինժեներ ենք»,- բողոքեցին ցուցարարները՝ սպառնալով փողերը չվերադարձնելու ու չընդառաջելու դեպքում խայտառակ ձեւով լքել հայրենիքը: Նրանց մեկնաբանմամբ՝ լիզենցիա հանելն ու տարադրամի փոխանակման կետ դնելն էլ այս պարագայում փրկություն չէ, քանի որ Կենտրոնական բանկի «սեւ թուղթը» շուտով նրանց էլ կհասնի:

Ըստ «բիրժեւիկների», նման հրամանի նպատակը մեկն է՝ վերացնել բոլոր այլընտրանքները, այդ թվում նաեւ՝ տարադրամի փոխանակման կետերը եւ ուզածի պես կառավարել դոլար-դրամ կուրսը, բնակիչներին էլ հարկադրել թեկուզեւ թանկուկրակ՝ օգտվել միայն բանկերից: Բանկերում դոլարը 3-4 դրամով թանկ է վաճառվում. փոխանակման կետում այս պահին 1 դոլարը 417 դրամ է, բանկերում՝ 420: «Պատկերացրեք, եթե վաղը Կենտրոնական բանկը որոշի արտասահմանից բնակիչներին օգնություն ուղարկվող դոլարները միմիայն դրամով դուրս տալ, ու դոլարը, ինչպես բանկերում այս պահին ընդունված է, էժան գնով առնի, բնակիչն ի՞նչ պիտի անի որ»,- վերլուծեցին բողոքավորները:

«Ամենավիրավորականն էն է, որ սաղ քաղաքի գործարանները ծախին-կերան՝ դա անօրինականություն չորակվեց, օրվա հաց վաստակելը հանկարծ հանցագործություն համարվեց»,- դժգոհեցին գյումրեցիները: Նրանց հավաստիացմամբ՝ ձեռքեր ոլորելու ու գումարները բռնագրավելու ակցիան նույն օրը նույն ժամին իրականացվել է նաեւ Շիրակի մարզի Արթիկ քաղաքում եւ Լոռու մարզում:

ՆՈՒՆԵ ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել