Լրահոս
Օրվա լրահոսը

ՄԱՐԳԵԼՈՎԸ «ՋՐԵՑ» ՀԱՐՑԸ

Հուլիս 13,2006 00:00

ՄԱՐԳԵԼՈՎԸ
«ՋՐԵՑ» ՀԱՐՑԸ Ռուսաստանի Դաշնության դաշնային խորհրդի արտաքին
հարաբերությունների հանձնաժողովի նախագահ, ԵԽԽՎ-ում Ռուսաստանի պատվիրակ Միխայիլ
Մարգելովին Ժողովրդավարության ամառային համալսարանի լիագումար նիստերից մեկի ընթացքում
Քաղաքական դասընթացների երեւանյան դպրոցի շրջանավարտ, ԵՊՀ պատմության ֆակուլտետի
ասպիրանտ Աննա Սարգսյանը հարց ուղղեց, թե Մարգելովի գործունեությանը Խորհրդարանական
վեհաժողովում հետեւողները գիտեն, որ նա ներգրավված է ռասիզմի, օտարամերժության դեմ
պայքարի մեջ. «Ուստի հետաքրքիր է Ձեր՝ որպես պետական գործչի դիրքորոշումը, թե ինչպես
կարելի է հաղթահարել այդ իրավիճակը Ռուսաստանում»: Աննա Սարգսյանը նաեւ փորձեց
Մարգելովի վերաբերմունքը պարզել բացահայտորեն ազգային հողի վրա կատարվող հանցագործություններն
իրավապահ մարմինների կողմից իբրեւ զուտ խուլիգանություն կամ կենցաղային սպանություն
որակելու վերաբերյալ: Մարգելովն ի պատասխան հիշեցրեց, որ ինքը ԵԽԽՎ-ում ինչպես
հականացիստական, այնպես էլ հակահրեական խմբավորումների վերաբերյալ զեկույցների հեղինակն
էր եւ կողմնակից է շարունակել այս թեմաների շուրջ զրույցը. «Ինչ վերաբերում է իրավապահ
մարմիններին, ցավոք, պետք է ասել, որ աշխարհի բոլոր երկրներում էլ համազգեստավորներից
շատերը երբեմն ափսոսանքի արժանի քայլեր են անում: Երբ ինձ 1 տարի առաջ հարցաքննության
եւ խուզարկության ենթարկեցին Լոնդոնի հենց կենտրոնում, խորհրդարանի շենքից 150-200
մ հեռու՝ ես անգամ փորձում էի փոքր-ինչ կատակել, քանի որ հիմար իրավիճակ էր: Ինձ
այնտեղ ուղեկցում էր բրիտանական արտգործնախարարության ներկայացուցիչը, տիկինը գոռում
էր ոստիկանների վրա: Ես հարցրի ոստիկաններին, թե գիտե՞ն, որ հիմա գնում ենք նրանց
խորհրդարան: Նրանք պատասխանեցին, թե թքա՛ծ ունեն, իրենք Լոնդոնից չեն: Ոստիկանները
բոլոր երկրներում միատեսակ են: Եվ մենք՝ քաղաքական գործիչներս, պետք է ձեւավորենք
պահանջարկ: Պետք է օրակարգից չհանենք տհաճ հարցերը: Եվ ինչքան շատ մենք առաջադրենք
տհաճ հարցեր, այնքան ավելի արդյունավետ կլինի դա»: Ա. Ի.

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել