Լրահոս
Օրվա լրահոսը

ԵՐԿԻՐԸ ԱՌԱՋ ՏԱՆԵԼ ԳԱՂԱՓԱՐՆԵՐՈՎ

Հուլիս 13,2006 00:00

ԵՐԿԻՐԸ
ԱՌԱՋ ՏԱՆԵԼ ԳԱՂԱՓԱՐՆԵՐՈՎ Երեկ առաջիկա ընտրությունների եւ երկրի
ներքաղաքական գործընթացների վերաբերյալ իր դիրքորոշումներն էր հասարակությանը հայտնում
ԱԺ պատգամավոր, ՀՅԴ անդամ, Հայ օգնության միության նախագահ Ալվարդ Պետրոսյանը:
Բանախոսը 2003թ. եւ 2007թ. ընտրությունների միջեւ էական տարբերություն է դիտում այն,
որ քաղաքական նոր դեմքեր են հայտնվել քաղաքական ասպարեզում, ինչպես նաեւ «ժողովուրդն
է պատրանքաթափ թե՛ իշխանության, թե՛ ընդդիմության նկատմամբ»: Ըստ տիկին Պետրոսյանի՝
«ընդդիմության եւ դիմության առճակատման մեջ ընդդիմությունը պետք է զորավոր լինի,
այսինքն՝ գաղափարներով պետք է առաջ տանել երկրի ապագան, պետք է մրցակցություն լինի
այս դաշտում, որը չկա, պետք է իրատեսորեն վկայակոչել, որ ընդդիմությունը եւս ուժ
է, ավելի հեշտ է ընդդիմության մեջ լինելը, քան կոալիցիայի, ընդդիմությունն ազատ է
գործողությունների, խոսքերի մեջ»: ԱԺ պատգամավորը ցավում է, որ մեր օրերում
կորսվել են գաղափարները, «այսօր գաղափարների ճահճացումը գերիշխող է, իսկ գործողությունների
ճահճացում գոյություն չունի: Հանրապետության երկրորդ քաղաքական ուժը՝ ՕԵԿ-ը, եկավ
մեծ քանակով, բայց որակ չապահովեց: Եթե կար, չպետք է փլվեր, այդ դեպքում առնետավազք
չպիտի լիներ»,- ասում է տիկին Պետրոսյանը: Ըստ բանախոսի, այսօրվա իրողությունները
նպաստում են, որ հայ ընտանիքներում խախտվեն շատ արժեքներ, դպրոցը դադարել է արդարացնել
իրեն, արդյունքում՝ «ժողովուրդը, չկողմնորոշվելով սոցիալիզմի բեկումներին՝ այժմ ընկել
է ներկա կապիտալիզմի ճահիճը։ Ուզում եմ, որ օրինականություն լինի մեր երկրում, դրանով
է պայմանավորված, որ չեմ ստորագրել «Ժամանակ Երեւան» թերթի խմբագիր Արման Բաբաջանյանին
ազատ արձակելու ստորագրահավաքին, կեղծարարության կողմնակիցը չեմ»: Տիկին Պետրոսյանը
համամիտ չէ նրան, որ ՀՀՇ-ն վերադարձել է ակտիվ քաղաքականություն. «Նրանք ուժ են,
քաղաքական մշակույթ ունեն, բայց մեղք էլ ունեն՝ երկրի խարխլման հիմքը նրանք դրեցին,
բայց չեն մեղանչում»: ԳԱՐԻԿ ՄԿՐՏՉՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել