Լրահոս
Օրվա լրահոսը

Առաջինը ճակատ կմեկնեն օլիգարխների որդիները

Հուլիս 13,2006 00:00

Ենթադրում է ադրբեջանցի լրագրող Սլեքպեր Ալիեւը

Եթե աշխարհի ու մասնավորապես Մինսկի խմբի համար ղարաբաղյան հակամարտությունը ընդամենը մի պայթյունավտանգ կոնֆլիկտ է, որի խաղաղ կարգավորմանը ցանկալի է հասնել տարածաշրջանում խաղաղություն հաստատելու եւ առանց այդ էլ պատերազմներով հագեցած այս աշխարհում կրակի մի հերթական օջախ մարելու համար, ապա մեր՝ տարածաշրջանի բնակիչներիս համար ղարաբաղյան հակամարտության (ինչպես նաեւ հարավկովկասյան այլ թնջուկների) կարգավորումը կենսական անհրաժեշտություն է: Ահա թե ինչու քաղաքացիական հասարակությունը չի կարող եւ իրավունք չունի ձեռքերը ծալած նստել ու սպասել, թե երբ այս աշխարհի հզորները իրենց հարմար որեւէ ձեւով կլուծեն մեր հարցը: «Խաղաղարար նախաձեռնությունների կովկասյան կենտրոնը» նախաձեռնած եւ «Կարիտաս» ֆրանսիական կազմակերպության ֆինանսական աջակցությամբ կայացած «Հարավկովկասյան ինտեգրացիա. այլընտրանքային մեկնարկ» սեմինարը հենց այդ նպատակն էր հետապնդում՝ փորձել գտնել հարցի կարգավորման այն ճանապարհը, որը մեզ՝ ճակատագրով հարեւաններիս կստիպի ապրել հաշտ ու խաղաղ: Համենայնդեպս, այն մարդիկ ու կազմակերպությունները, որ ներկայացնելով Հարավային Կովկասի վեց երկրները, հավաքվել էին հուլիսի 6-13-ը Երեւանում, հենց այդ նպատակն ունեին:

Սեմինարի ավարտից հետո Հայաստանի, Վրաստանի, Ադրբեջանի, Ղարաբաղի, Աբխազիայի եւ Հարավային Օսիայի քաղաքացիական հասարակությունների ներկայացուցիչները՝ լրագրողներ, իրավապաշտպաններ, ստեղծագործող մարդիկ, ասուլիս էին հրավիրել, որի ժամանակ ընթերցեցին իրենց ընդունած արձանագրությունը եւ պատասխանեցին լրագրողների հարցերին: Ադրբեջանի ներկայացուցիչ, լրագրող Ալեքպեր Ալիեւը, պատասխանելով պատերազմի վերսկսման հնարավորությունների մասին «Առավոտի» հարցին, ասաց. «Այո, իսկապես Ադրբեջանի պաշտոնյաները պարբերաբար խոսում են պատերազմի վերսկսման մասին, բայց միեւնույն ժամանակ նաեւ նշում են, որ խաղաղ կարգավորման համար բանակցությունների ռեսուրսը դեռ սպառված չէ: Ինչ վերաբերում է պատերազմին, ապա ես ոչ մի վայրկյան չեմ կասկածում Հայաստանի եւ Ադրբեջանի ղեկավարների հայրենասիրությանը եւ 100%-ով վստահ եմ, որ եթե պատերազմ սկսվի, առաջինը ճակատ են մեկնելու նախարարների, բարձրաստիճան չինովնիկների եւ օլիգարխների որդիները, նրանց որդիները, ում շնորհիվ մենք հիմա չքավոր ենք»: Մեր մյուս հարցին, թե չի՞ վախենում վերադառնալ Ադրբեջան, որտեղ դատապարտում են ՀՀ այցելող իրենց քաղաքացիներին, Ա. Ալիեւը պատասխանեց. «Ադրբեջանում ինձ հետ ոչինչ չի պատահի: Ես սիրում եմ իմ երկիրը, եւ հենց այդ սերն է բերել ինձ այստեղ: Ես ուզում եմ ողջ Կովկասը ծաղկի, ես կարծում եմ, որ այն փողերը, որ Ադրբեջանը ներդնում է իր ռազմական բյուջեի մեջ, պետք է այլ տեղ ծախսվեն՝ մշակույթի, գրքերի մեջ, պետք է կինոփառատոներ կազմակերպել, եւ ի վերջո, այդ փողերով պետք է ծաղիկներ առնել նվիրել կանանց եւ ոչ թե պատերազմել»: Ըստ Ալիեւի, այն տարբերակը, որ ներկայումս համարվում է ղարաբաղյան կարգավորման բանակցությունների սեղանի փաստաթուղթ, «լավագույնն է Ադրբեջանի համար, եւ ընդհանրապես ես պատրաստ եմ սատանայի հետ անգամ համագործակցել, եթե կվերանա պատերազմը, լինի խաղաղություն եւ վերանա թշնամու կերպարը: Իսկ դրա համար ամենալավ միջոցը շփումներն են, հանդիպումները»: Նա պատրաստվում է հայրենիք վերադառնալուց հետո ԶԼՄ-ներով պատմել Հայաստանի մասին, ասել, որ «Հայաստանում կան մարդիկ, ովքեր յուրաքանչյուր ադրբեջանցու մեջ չեն տեսնում կացինը գոտկատեղը խրած թշնամի: Մենք ՀՀ մասին տեղեկություններ ստանում ենք ԶԼՄ-ներից, սակայն տեսածով պատմելն ավելի արդյունավետ է: Ցավոք, մեր հիշողությունը շատ լավն է եւ մեզ խանգարում է կարգավորել հակամարտությունները, այնպես, ինչպես դա անում են Եվրոպայում: Նրանք պատերազմում են, հետո մոռանում»:

ՄԵԼԱՆՅԱ ԲԱՐՍԵՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել