Լրահոս
Օրվա լրահոսը

«ԱԳՈ»-Ի ՀԵՐԹԱԿԱՆ ԶԵԿՈՒՅՑԸ

Հուլիս 13,2006 00:00

Եվրոպայի
խորհրդի նախարարների ներկայացուցիչների երեկվա հանդիպման ընթացքում քննարկվեց Հայաստանի
պարտավորությունների հարցերով դիտարկման խմբի զեկույցը: Խմբի ղեկավար
Ռոլանդ Վեգեները հունիսի 9-10-ը Հայաստան կատարած իր այցելության վերաբերյալ բանավոր
զեկույց ներկայացրել էր դեռ հունիսի 21-ի հանդիպման ժամանակ, իսկ երեկ արդեն հաստատվել
է նրա գրավոր զեկույցը: Այս փաստաթուղթն առայժմ խորհրդապահական բնույթ ունի:
Սակայն մեզ հաջողվեց պարզել դրա որոշ մանրամասներ: 7-րդ ընթացիկ այս զեկույցում
նշվում է, թե սահմանադրական փոփոխություններից հետո Հայաստանի իշխանությունները մշակել
են օրենսդրական բարեփոխումների «հավակնոտ» ծրագիր. 2 տարվա ընթացքում պիտի ընդունվեն
67-ից ավելի փոփոխություններ: Եվ ընդգծված է, որ օրենսդրական այս աշխատանքը սկզբում
պիտի Հայաստանում իրականացվի «ժողովրդավարական բարեփոխումները՝ փաստաթղթերով», իսկ
հետո պիտի անպայման կիրառվի գործնականում: ԵԽ Նախարարների կոմիտեի դիտարկման
հանձնախումբն ափսոսանք է հայտնել, որ Եվրոպայի խորհրդի առջեւ Հայաստանի պարտավորություններին
առնչվող 5 օրենքներ՝ «ՍԴ մասին» օրենքը, «Քրեական օրենսգիրքը», ոստիկանության, փաստաբանների
եւ «Մարդու իրավունքների պաշտպանի մասին» օրենքները Հայաստանի խորհրդարանն ընդունել
է՝ առանց դրանք նախապես ուղարկելու Վենետիկի հանձնաժողովի փորձաքննությանը: Նաեւ
նշված է, թե ԱԺ նախագահն այցի ընթացքում խոստացել է որքան հնարավոր է շուտ ուղարկել
այս օրենքները եւ փոփոխություններ իրականացնել՝ փորձագետների առաջարկներին համապատասխան:
Զեկույցի մի առանձին ենթաբաժին վերաբերում է «Ընտրական օրենսգրքի» փոփոխություններին:
Եվ այստեղ ընդգծվում է, թե այս բարեփոխումները կարեւորվում են ազատ եւ ժողովրդավարական
ընտրությունների անցկացման տեսակետից, մի հարց, որը մշտապես գտնվել է Եվրոպայի խորհրդի
ուշադրության ներքո: Ռոլանդ Վեգեների խմբի այս փաստաթղթում հաշվի առնելով 2007-2008-ին
նախատեսվող ընտրությունները՝ հիշեցվում է 2005-ի հանրաքվեի ընթացքում նկատված անճշտությունների
մասին. «Որոնց կապակցությամբ պատվիրակությունն ունի վստահելի ապացույցներ, որ հանրաքվեին
մասնակցությունը հեռու էր պաշտոնապես հայտարարվածից, եւ սա ապացուցում է նման բարեփոխումների
խիստ անհրաժեշտությունը: Սա գլխավոր թեմաներից մեկն էր, որ պատվիրակությունը քննարկեց
հունիսին Երեւան կատարած այցի ընթացքում»: Նաեւ նշված է, թե ընտրական կառուցվածքը
վերափոխելու ընթացքում հարկ է հասնել քաղաքական «ամենալայն փոխհամաձայնության, որ
վերջ տրվի անվստահության եւ ընդդիմության ու իշխանության միջեւ քաղաքական երկխոսության
բացակայության ներկա մթնոլորտին»: Այս փաստաթղթի համաձայն՝ Հայաստանի պաշտոնատարների
հետ զրույցների ընթացքում պատվիրակությունն ընդգծել է, որ «Ընտրական օրենսգիրքը»
պիտի բարեփոխվի Վենետիկի հանձնաժողովի՝ հունիսի 15-ին ներկայացրած եզրակացությանը
լիովին համապատասխան: Նաեւ նշված է, թե ԵԽ նախարարների կոմիտեի խումբն այս հարցին
հետեւելու է շատ բծախնդրորեն: Եվ նախապես է արդեն նշված, թե ազատ ու արդար ընտրությունները
ենթադրում են ոչ միայն ընտրական հանձնաժողովների աշխատանքը, այլ նաեւ քաղաքական կուսակցությունների
ու թեկնածուների գործունեության ազատ եւ հավասարակշռված լուսաբանումը, հատկապես՝
հանրային լրատվամիջոցներով, եւ հարգանքը հավաքների ազատության նկատմամբ: Մի
առանձին ենթաբաժին էլ վերաբերում է դատական համակարգի բարեփոխմանը: Այստեղ նշված
է, թե անկախ ամեն ինչից՝ հասարակական կազմակերպությունների այն ներկայացուցիչները,
որոնց հետո հանդիպել է պատվիրակությունը Երեւանում՝ քննադատաբար են վերաբերվում դատարանների
անկախությանը: Եվս մի ենթաբաժին էլ վերաբերում է Մարդու իրավունքների պաշտպանին:
Եվ անդրադարձ կա Սահմանադրական դատարանի որոշմանը՝ Կենտրոնի բնակիչների սեփականության
օտարման վերաբերյալ, այն համատեքստում, թե չեն իրականացվում ՍԴ որոշումները: Հայաստանի
մասով զեկույցը (Վեգեների խումբն անդրադարձել է նաեւ Ադրբեջանի պարտավորությունների
կատարմանը, եւ առանձին էլ՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը) եզրափակվում է «Մամուլի
ազատությունը եւ բազմակարծությունը» ենթաբաժնով: Եվ այստեղ նշվում է անհրաժեշտությունը՝
վերափոխել «Հեռուստատեսության եւ ռադիոյի մասին» օրենքը՝ սահմանադրական փոփոխություններին
համապատասխան: Խումբը կարեւորում է, որ այս փոփոխությունները պիտի այնպես իրականացվեն,
որ ապահովվի ոչ միայն Հեռուստատեսության եւ ռադիոյի ազգային հանձնաժողովի, այլեւ
Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի անկախությունը, եւ «սահմանվի առավել մեծ
հեռավորություն այս մարմինների եւ իշխանությունների միջեւ»: Խումբը դարձյալ խոստանում
է, թե հետեւելու է այս խնդրին եւ այս հանձնարարականի կատարման մասին անպայման զեկուցելու
է ԵԽ նախարարների կոմիտեին: Սակայն բացի օրենսդրական բարեփոխումներից՝ ըստ
Ռոլանդ Վեգեների խմբի, պետք է քայլեր անել՝ ապահովելու մամուլի եւ հատկապես հանրային
հեռուստառադիոընկերության ամենօրյա ազատությունն ու անկախությունը. «Ինչպես եւ նախորդ
այցերի ժամանակ, պատվիրակությունը լսեց բազմաթիվ բողոքներ քաղաքական կուսակցությունների
եւ հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներից էլեկտրոնային լրատվամիջոցների
անկախության եւ բազմակարծության պակասի մասին»: Հիշատակված է, թե ՀՀ իշխանությունները
վիճարկում են այս պնդումները ու առաջարկում են Եվրոպայի խորհրդին՝ դիտարկում անցկացնել
եթերում քաղաքական ուժերի ներկայացվածության հավասարակշռությունը պարզելու նպատակով:
Հայտնի է, որ այդ առաջարկն արել է Ռոբերտ Քոչարյանը: Խմբի դիրքորոշումն է, թե նման
դիտարկումը պետք է տեղի ունենա շատ արագ, որ ստացված տվյալների համապատասխան ձեռնարկվեն
անհրաժեշտ միջոցներ մինչեւ 2007-ի ԱԺ քարոզարշավի սկիզբը: ԱՆՆԱ
ԻՍՐԱՅԵԼՅԱՆ Ստրասբուրգ Հ. Գ. Ի դեպ, հետաքրքրական դրույթներ
կան նաեւ ԼՂ հակամարտության կարգավորման շուրջ բաժնում, որտեղ հնարավորինս շուտ համաձայնության
հասնելու պահանջների հետ միասին նաեւ նշված է, թե Վենետիկի հանձնաժողովը կարող էր
խորհրդատվություն տրամադրել՝ ԼՂ հակամարտության իրավական կողմերի առնչությամբ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել