Լրահոս
Օրվա լրահոսը

90/60/90, թե՞ մանկական գեղեցկություն

Հուլիս 12,2006 00:00

Միլեդիի
ու Դ՛Արտանյանի, Փոքրիկ դյուցազնի ու Սպիտակաձյունիկի, Ծաղիկների թագուհու ու Ոսկեփերիի
եւ շատ ուրիշ հերոսների կերպարանքով հուլիսի 10-ին Գ. Սունդուկյանի անվան թատրոնում
Երեւանի եւ Հայաստանի մարզերի երեխաներ մրցում էին «Միսս եւ միսթր Հայաստան-2006»
տիտղոսի համար։ Մասնակցում էին 3-16 տարեկան երեխաներ՝ տարիքային հինգ խմբերով։
Ակնհայտ էր, որ երեխաներից շատ ոգեւորված էին ծնողները։ Օրինակ՝ Արմինե Ավետիսյանը
չէր հուսահատվել, որ իր աղջիկը՝ Արփինեն, հասակի մի փոքր կարճության համար չէր արժանացել
գլխավոր մրցանակի, այլ առաջին փուլում «Միսս թովչանքի» տիտղոսի։ Ոգեւորված էր, քանի
որ իր դուստրը սեպտեմբերին պիտի մասնակցի գովազդային շքերթի։ «Միսս եւ միսթր աշխարհ»
միջազգային կազմկոմիտեն ներկայացուցչություն ունի նաեւ Հայաստանում, որն էլ նախագահի՝
Աշոտ Խաչատրյանի հեղինակությամբ անցկացնում է երեխաների նրբագեղության եւ գեղեցկության
մրցույթներ։ Մասնագիտությամբ իրավաբան նախագահը փաստեց, որ «Միսս եւ միսթր աշխարհը»
Հայաստանում միակ օրինական կազմակերպությունն է, որը գեղեցկության նման փառատոն կազմակերպելու
իրավունք ունի։ «Ցուրտ ու խավար տարիներին՝ 1992-93-ին, հղացավ այս միտքը, որ աշխարհը
ճանաչի ու հպարտանա հայ երեխաներով»,- ասաց Ա. Խաչատրյանը։ «Միսս Եվրոպա Ջունիոր»
միջազգային կազմակերպությունը եւս ունի ազգային՝ հայկական գործակալություն։ Այս շրջանակներում
Հայաստանը սեպտեմբեր-հոկտեմբերին Կիպրոսում եւ Չեխիայում ներկայացնելու է «Միսս եւ
միսթր աշխարհ» կազմկոմիտեն՝ Մարիամ Մելյանի մասնակցությամբ։ Արդեն լույս է տեսնում
նաեւ «Միսս եւ միսթր աշխարհ» ամսագիրը, որտեղ պատմվում է երեխաների հաջողությունների
մասին։ Ծնողների կարծիքով՝ նման մրցույթները հնարավորություն են տալիս երեխաներին
դրսեւորվել նաեւ գովազդային դաշտում։ «Որդիս՝ Նարեկը, ավելի զարգացել, աշխույժ է
դարձել։ Հնարավոր է՝ մրցույթին մասնակցելով՝ նրան հավանեն մասնագետները եւ նկարահանեն
գովազդային հոլովակներում»,- ասաց ծնող Էլեն Պողոսյանը։ Իսկ ինչպե՞ս են որոշում երեխաներից
ով է ավելի գեղեցիկ եւ նրբագեղ։ Չէ՞ որ նրանք բոլորն էլ մանկական յուրահատուկ գեղեցկություն
ունեն։ «Սա պարի, հագուստի, սանրվածքի մրցույթ չէ։ 90/60/90 չափանիշն էլ չի գործում։
Ժյուրին երեխաներին գնահատում է արտաքինի, պահվածքի, դերասանական տաղանդի չափանիշներով։
Իսկ հասակի հետ կապված խոսակցություններն ավելի մեծ տարածում ունեն ծնողների շրջանում,
իրարանցումը նրանք են ստեղծում»,- պարզաբանեց Ա. Խաչատրյանը։ Մրցույթի մասնակցության
համար անդամավճար չկա, մեկամսյա դասընթացներն էլ են անվճար։ Մասնակից երեխաները ստացան
մրցանակներ, տիտղոսներ ու պատվոգրեր։ 3-5 տարիքային խմբում «Միսս Հայաստան-2006»
ճանաչվեց Սիլվի Ավետիսյանը, «Միսթր Հայաստան-2006»՝ Արտավազդ Գրիգորյանը, իսկ «Մինի
միսս»՝ Էմմի Արտուշյանը։ 5-7 տարիքային խմբում նշված տիտղոսներին արժանացան Ստեֆանի
Հարությունյանը, Նարեկ Էվինյանը, Իռեն Դեմիրյանը։ 7-9 խմբում՝ Ալիսա Չալախյանը, Էրիկ
Ղազարյանը, 10-12 խմբում՝ Սյունիքի մարզից Շուշան Գեւորգյանը, Հարություն Մաքյանը,
13-16 խմբում՝ Մասիսից Էվելինա Սարգսյանն ու Արմենուհի Արամյանը։ ՏԱԹԵՎ
ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել