Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

ԲԵԼՈԿԻՈՆ ՈՒ ՍՓՅՈՒՌՔԱՀԱՅ ԿԻՆՈՌԵԺԻՍՈՐՆԵՐԸ

Հուլիս 12,2006 00:00

«Ոսկե
ծիրան» կինոփառատոնի «Հետադարձ հայացք» ծրագրում իր ֆիլմերն է ներկայացնում իտալացի
ճանաչված ռեժիսոր Մարկո Բելոկիոն: Երեկ «Երեւան» հյուրանոցում նա հանդիպեց
լրագրողների հետ: Մ. Բելոկիոն ասաց, որ իր ֆիլմերը ժամանակին ցուցադրվել են Խորհրդային
ճամբարի համարյա բոլոր երկրներում ու ԽՍՀՄ հանրապետություններում, սակայն դրանք դժբախտաբար
Հայաստան չեն հասել. «Իմ առաջին ֆիլմը՝ «Բռունցքները գրպանում» դիտել են խորհրդային
բոլոր կինոքննադատները, բարձր գնահատական են տվել, բայց գտել են, որ մարքսիզմ-լենինիզմի
սկզբունքներին հարիր չէ, դրա համար էլ ֆիլմը արգելված է եղել ցուցադրել»: «Առավոտը»
հետաքրքրվեց, ժամանակին հարելով կոմունիստական կուսակցությանը, Մ. Բելոկիոն նորմա՞լ
է համարում ստեղծագործող մարդու կուսակցականացված եւ քաղաքականացված լինելը: «Ես
երբեք ոչ մի կուսակցության անդամ չեմ եղել: 1960-ականներին ուղղակի համակրել եմ կոմունիստներին:
Ի դեպ, կոմունիստները Իտալիայում եւ ԽՍՀՄ-ում լրիվ տարբեր բաներ են, եւ իտալական
կոմունիստներին համակիր լինելը այն տարիներին ընդամենը բողոքի ձեւ էր»,- պատասխանեց
կինոռեժիսորը: «Ոսկե ծիրանի» ծրագրերի տնօրեն Միքայել Ստամբոլցյանն էլ ավելացրեց,
որ կոմունիստներ էին նաեւ իտալական աշխարհահռչակ կինեմատոգրաֆիստներից շատ շատերը:
«Ամբողջ իտալական մշակույթը ձախակողմյան էր. լինեին դրանք կոմունիստներ, թե
սոցիալիստներ: Այդպիսով նրանք ընդդիմություն էին կազմում իշխող քրիստոնյա-դեմոկրատների
համեմատությամբ: Չմոռանանք, որ արվեստն ինքը բնույթով ընդդիմադիր է, եւ զարմանալի
չպետք է թվա արվեստագետի ընդդիմադիր բեւեռում լինելը …Իտալիայում երբեք չեն եղել
եւ մինչեւ հիմա էլ գոյություն չունեն աջակողմյան ռեժիսորներ»,- ասաց իտալացի կինոռեժիսորը:
Մ. Բելոկիոն խոսեց նաեւ Փարաջանովի արվեստի մասին: Ցավով փաստեց, որ Իտալիայում
քչերն են ծանոթ Փարաջանովի արվեստին: Նշեց նաեւ, որ ինչպես ամբողջ աշխարհում, իր
երկրում եւս հանդիսատեսը տարված է հոլիվուդյան ֆիլմերով, եւ միայն նրա նեղ շրջանակն
է, որ գնահատում է իսկական դասական կինոն: Անդրադարձ եղավ Բելոկիոյի կաթոլիկական
խիստ դաստիարակություն ստացած լինելուն: «Այո, ինչպես բոլոր իտալացիները, ես եւս
նման դաստիարակություն եմ ստացել, բայց ժամանակի ընթացքում աթեիստ եմ դարձել»,- ասաց
նա: Երեկ «Ոսկե ծիրանի» կազմակերպիչները հանդիպում էին կազմակերպել նաեւ սփյուռքահայ
կինոգործիչներ Սերժ Ավետիքյանի (Ֆրանսիա), Արիս Մովսիսյանի (Սերբիա), Ռոբեր Դավիդյանի
(ԱՄՆ), Եղիշե Գեւորգյանի (Ավստրիա), Արազ Արթինյանի (Կանադա) եւ այլոց հետ: Հայազգի
ռեժիսորները նշեցին, որ տպավորված են երեւանյան «Ոսկե ծիրանով»: Իսկ Ա. Մովսիսյանն
ասաց, որ մասնակցել է եվրոպական փոքր փառատոների, սակայն ոչ մի տեղ այսքան ջերմություն
ու մեկ սենյակում հավաքված 50 լրագրող երբեք չի տեսել: Ըստ Ս. Ավետիքյանի, «Ոսկե
ծիրանի» մասշտաբներն ու կազմակերպման ձեւը եվրոպական փառատոներն են հիշեցնում: Սակայն
ի տարբերություն վերջիններիս, երեւանյան փառատոնում ոչ թե դերասաններն են առաջին
պլանում, այլ ռեժիսորները: ԳՈՀԱՐ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել