Լրահոս
Օրվա լրահոսը

«Մխիթար Գոշը» հերթական անգամ վտարում է բնակչին

Հուլիս 12,2006 00:00

«Մխիթար Գոշ» համալսարանը 2003 թվականին պայմանագիր է կնքել ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության հետ, գնել Սեբաստիա 3ա հասցեում գտնվող պրոֆտեխուսումնարանի շենքը ու կրակն ընկել:

Բանն այն է, որ պայմանագրում նշված է եղել, որ պրոֆտեխուսումնարանի շենքում ապրում է 49 ընտանիք, որոնց գնորդը պարտավոր էր ապահովել բնակարանով կամ տալ համապատասխան փոխհատուցում: Մալաթիա-Սեբաստիա համայնքի առաջին ատյանի դատարանում (նախագահությամբ Կարեն Ֆարխոյանի) երեկ լսվում էր հերթական վտարման գործը: Համալսարանն այս անգամ շենքից վտարելու հայց էր ներկայացրել պրոֆտեխուսումնարանի թիվ 6 սենյակի բնակիչներ Գագիկ, Ծովինար, Հերմինե Արշակունիների եւ Հասմիկ Հայրապետյանի դեմ: Նրանք, ըստ հայցվոր կողմի ներկայացուցիչ Ռաֆիկ Դերձյանի, խոչընդոտում են իրենց սեփականության իրավունքի լիակատար իրականացմանը: Դատարանի հարցմանն ի պատասխան՝ հայցվորն ասաց, որ պատասխանողների հետ հնարավոր է հաշտության եզրեր գտնել: Պատասխանողների շահերի ներկայացուցիչ Վահե Գրիգորյանն էլ նշեց, որ հայցվոր կողմից որեւէ առաջարկ չի եղել եւ միջնորդեց հետաձգել նիստը, որպեսզի ինքը հնարավորություն ունենա գործի նյութերին ծանոթանալ եւ որոշ հարցադրումների պատասխաններ ստանալ պետական ատյաններից: Նա չբացառեց նաեւ հակընդդեմ հայց ներկայացնելու հնարավորությունը: Դատարանը մերժեց Վ. Գրիգորյանի միջնորդությունը եւ լսեց հայցվոր կողմին: «ՀՀ կառավարության 29.05.03 թ. թիվ 760-Ն որոշման 4.1 կետի համաձայն, թույլատրվել է ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչությանը Երեւանի քաղաքապետարանի ենթակայության տակ գտնվող նախկին թիվ 16 ուսումնարանի (Սեբաստիա 3ա)՝ ՀՀ կառավարության 25.02.94 թ. «Պետական սեփականություն հանդիսացող հիմնական միջոցների օտարման կարգի հաստատման մասին» թիվ 92 որոշմամբ, հաստատված կարգով հաշվարկված շենքերը եւ շինությունները ուղղակի եղանակով վաճառել «Մխիթար Գոշ» հայ-ռուսական ՍՊԸ-ին»: Ռ. Դերձյանն ասաց, որ հայտնի չէ, թե Արշակունիները երբ են զբաղեցրել այդ տարածքը եւ նրանց հետ միասին 6 ընտանիք չունի համապատասխան փաստաթուղթ՝ տարածքը տիրապետելու մասին: Կոնկրետ Արշակունիների զբաղեցրած տարածքը կազմում է 65-67 քմ: Նա նաեւ ասաց, որ շենքը շուտափույթ վերանորոգման կարիք ունի եւ տարածքային վեճերը թույլ չեն տալիս այն իրականացնել: Նա նաեւ հայտնեց, որ 49 ընտանիք է ապրել այդ շենքում՝ ինչպես փախստականներ, այնպես էլ տեղաբնակներ, նրանց մի մասը դուրս է եկել հաշտության համաձայնությամբ եւ դատարանի վճռով: Խնդրի կապակցությամբ պատասխանող կողմի շահերի ներկայացուցիչ Վ. Գրիգորյանը ձեռնպահ մնաց որեւէ մեկնաբանություն տալուց, սակայն «Առավոտին» փոխանցեց. «Մխիթար Գոշը» պարտավորություն է ստանձնել շենքում ապրողներին ապահովել բնակարանով կամ փոխհատուցում տրամադրել, ինչի տակ ստորագրել է եւ չի տրամադրում»: Համալսարանի ներկայացուցիչները սկսեցին արդարանալ, որ պետգույքի կառավարման վարչությունը չի տվել բնակիչների հստակ ցանկը, որոնց մի մասը եղել են փախստականներ, որոնք վերջին տարիների ընթացքում մեկնել են արտասահման, իսկ նրանց սենյակները զբաղեցրել են այլ անձինք, առանց տարածքը զբաղեցնելու համապատասխան հիմքի:

ԷԼՄԻՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել