Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

ՔՆԿՈՏ ԲՈՒԺՔՈ՞ՒՅՐ

Հուլիս 12,2006 00:00

Բուժաշխատողը պնդում է, որ իրեն հետապնդում են թաղապետի հետ կոնֆլիկտի պատճառով

Աջափնյակի թաղապետ Արծրուն Խաչատրյանը եւ «Արմենիա» բժշկական կենտրոնի (Հանրապետական հիվանդանոց) տնօրինությունը արդեն քանի տարի է՝ նույն հիվանդանոցի վերակենդանացման բաժանմունքի հերթապահ բուժքույր Նինել Իվանյանի հետ աչքով աչք չունեն: Թաղապետի հետ հակասությունն առաջացել է այն բանից հետո, երբ բնակարան չունեցող Նինելին ժամանակավոր տեղավորել են համայնքի Ֆուչիկի փողոցի վթարային շենքերից մեկում՝ այնուհետեւ դատարանով վտարել: Իսկ բուժհիմնարկի տնօրինության հետ էլ «թարսվել» է, որովհետեւ չի համաձայնել հիվանդանոցի սեփականաշնորհումից հետո սեփականատիրոջ հետ աշխատանքային պայմանագիր կնքել: Թաղապետի հետ դատարանի միջոցով դեռ իր հարցերը չլուծած, կինը մի նոր խնդրի առաջ է կանգնել. Ն. Իվանյանին հիվանդանոցի տնօրինությունը հայտնել է, որ ազատված է աշխատանքից՝ «հերթապահության ժամանակ քնելու, սանիտարահիգիենիկ պայմանները չպահպանելու» եւ այլ պատճառաբանությամբ:

«Գոնե չխոսեն հակասանիտարական վիճակից, մի տեղ ռեմոնտ են անում, մի քիչ այն կողմ՝ վիրահատություն: Բողոքում են, որ հերթապահության ժամանակ դանթում եմ, բայց ես փաստեր ունեմ, թե իրականում ովքեր են հիվանդի կողքին ընկնում ու քնում»,- ասաց Ն. Իվանյանը: Նրա ներկայացմամբ, քնելու հետ կապված խոսակցությունները շեֆի ականջին են հասցրել իր «լավը չուզող» կոլեգաները, որոնց վատությանն ի պատասխան՝ Նինելը բաժանմունքում հետախուզական աշխատանքներ է տարել ու նույնիսկ լուսանկարել հերթապահության ժամանակ քնած բուժաշխատողներին եւ այդ փաստերը տրամադրել տնօրենին: Սակայն կնոջ պատմելով, իր նկատմամբ հալածանքները շարունակվել են ու աշխատակիցներն էլ առիթը բաց չեն թողել, հիվանդների հարազատներին հարցուփորձ անելու, թե Նինելը փող կամ մաղարիչ վերցրել է՝ «չեպեները» վերեւներ հասցնելու ակնկալիքով:

Ն. Իվանյանին հիվանդանոցի տնօրենն արդեն մեկ անգամ աշխատանքից ազատել է, բայց կինը դատարանի միջոցով վերականգնվել է աշխատանքի, սակայն դրանից հետո Նինելի ու շեֆի հարաբերություններն էլ ավելի են սրվել եւ այս տարվա մայիսին նրանից վերջնականապես ազատվել են, չնայած՝ գործը կրկին դատարանում է:

Ն. Իվանյանը Հանրապետական հիվանդանոցում աշխատում է 1977-ից եւ նրա ներկայացմամբ, իր աշխատանքի ընթացքում նկատողության կամ տույժի երբեւէ չի արժանացել: Բացի այդ, Նինելը միայնակ մայր է եւ իր խնամքի տակ ունի անչափահաս դուստր, որին պահելու միակ միջոցը այդ աշխատանքն էր:

Այս առնչությամբ, «Արմենիա» բժշկական կենտրոնի իրավաբան Գոհար Եսոյանը «Առավոտի» հետ զրույցում պարզաբանեց. «Նինելն այլեւս ֆիզիկապես ի վիճակի չէ անել այն, ինչը կարող է անել վերակենդանացման բաժանմունքի քույրը: Հիվանդների հարազատները եւս բողոքում են Նինելի աշխատանքից: Հիվանդանոցում առաջարկել ենք ուրիշ աշխատանք, բայց նա չի համաձայնել: Բուժհիմնարկի սեփականատերը չի ուզում, որպեսզի նա աշխատի: Բացի այդ, օրենքը պահանջում է սեփականատիրոջ հետ աշխատանքային պայմանագիր կնքել, իսկ նա հրաժարվում է, ամեն ինչի տակ վտանգ է տեսնում»:

Մինչդեռ, Ն. Իվանյանի պատմելով, ինքը որեւէ փաստաթուղթ չի ստորագրել, քանի որ իրեն թույլ չեն տվել պայմանագրին ծանոթանալ, միայն բացել են ստորագրության տեղն ու պահանջել ստորագրել: Այս ամենն իր նախապատմությունն ունի. մոտ երկու տարի առաջ, երբ հիվանդանոցը սեփականաշնորհման փուլում էր, տնօրենը կոլեկտիվի հետ համաձայնության է եկել եւ վերցրել աշխատողներին պատկանող բաժնեմասը: Այդ ժամանակ Նինելն ընդդիմացել է եւ «վաստակել» տնօրենի հակակրանքը:

ԼՈՒՍԻՆԵ ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել