Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Ֆորպոստի ողբը

Հուլիս 12,2006 00:00

Ֆորպոստի
ողբը Այսօր ԼՂ հակամարտության կարգավորման հարցում Երեւանի
եւ Բաքվի դիրքերի մերձեցման հնարավորություններ չկան, եւ ներկայումս Երեւանն ու Բաքուն
այդ ուղղությամբ խորհրդակցություններ չեն անցկացնում: Այս մասին երեկ Լիբանանի
արտգործնախարար Ֆաուզի Սալուխի հետ մատուցած համատեղ մամլո ասուլիսի ժամանակ հայտարարեց
ՀՀ ԱԳ նախարար Վարդան Օսկանյանը՝ նշելով, որ ԵԱՀԿ ՄԽ համանախագահ Մեթյու Բրայզայի
ծրագրած առաջիկա այցը տարածաշրջան գուցե աշխուժության ազդակ հանդիսանա երկու երկրների
միջեւ հարաբերություններ հաստատելու համար: Օսկանյանը, սակայն, չպնդեց, որ ամերիկյան
կողմն իր վրա այդպիսի նախաձեռնություն կվերցնի: Խոսելով ռուս-վրացական սահմանի փակման
մասին՝ ՀՀ ԱԳ նախարարը նշեց, թե «Կազբեկ-Վերին Լարս» հսկիչ անցագրային կետի աշխատանքի
վերսկսումը շատ կարեւոր է: Նրա խոսքերով, վրացական իշխանությունները Երեւանին ընդառաջ
են գնացել եւ Հարավային Օսիայի տարածքով 17 մեքենայի անցում են թույլատրել, ինչը,
սակայն, հարցը չի լուծում, քանի որ, վրացական կողմի պնդումների համաձայն, դա եզակի
դեպք էր, եւ նման տարբերակն ընդունելի չէ: Օսկանյանն ընդամենը նշեց, որ այդ ուղղությամբ
բանակցություններ են տարվում ռուսների հետ: Նկատենք, որ իբր Վրաստանի, սակայն,
փաստացիորեն, միայն իր ռազմավարական գործընկեր (արդեն ասելն էլ անհարմար է) Հայաստանին
վնասող այս մանր գարշելիությունն առաջին անգամ չէ, որ խաղարկվում է Մոսկվայի կողմից:
Ու մինչ Կրեմլում հերթական անգամ այս եղանակով պատժում են ի հեճուկս իրենց՝ Բուշի
հետ նորերս գրկախառնված եւ դեպի ՆԱՏՕ վերջնական ճանապարհ հարթած Սահակաշվիլուն՝ հաստատ
իմանալով, որ դրանից, միեւնույն է, ՀՀ կոչված ֆորպոստի ստրկամտությունը դույզն-իսկ
չի նվազելու, Հայաստանի առանց այդ էլ թույլ տնտեսությունն այս շոգ եւ ծիրանի «պիկ»
շրջանում հսկայական կորուստներ է կրում: Ի դեպ, Վրաստանի խորհրդարանի եվրաինտեգրման
կոմիտեի նախագահ Դավիթ Բակրաձեն հիշյալ իրողության հետ կապված սեփական մեկնաբանությունն
ունի, ինչից, սակայն, խնդրի բուն էությունը չի փոխվում: Ըստ նրա, ռուսական կողմը
միտումնավոր է փակել «Վերին Լարս» հսկիչ անցակետը «Մեծ ութնյակի» առաջիկա գագաթաժողովի
նախաշեմին: Դրա ընթացքում, վրաց պատգամավորի խոսքերով, պետք է քննարկվի Հարավօսիայի
հակամարտության կարգավորման հարցը: Իսկ կարգավորման գլխավոր բանալիներից մեկը վրացական
կողմից Ռոքի թունելի վերահսկողությունն է եւ այնտեղով բեռնափոխադրումների առավելագույն
կրճատումը: «Ռուսական կողմն արհեստականորեն պայմաններ է ստեղծում՝ ապացուցելու, որ
Ռոքի թունելն անհրաժեշտ է հաղորդակցության համար, եւ որ այդ ճանապարհով տեղաշարժի
սահմանափակումը հակասում է Վրաստանի քաղաքացիների շահերին: Այդ քայլն անմիջականորեն
նպատակաուղղված է հակամարտության կարգավորման գործընթացին խոչընդոտելուն, եւ անհնար
է այլ պարզաբանում գտնել դրա համար»,- ասել է Բակրաձեն: Իսկ այս ամենի արդյունքում
հերթական անգամ մեռնում է «քոմփլեմենթարիզմի» անարատ գաղափարը: Տ.
ԱՎԵՏԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել