Լրահոս
Օրվա լրահոսը

Խոսքի ուժը

Հուլիս 12,2006 00:00

Ի՞նչ էր, այնուամենայնիվ, ասել Մատերացին Զիդանին

Ֆուտբոլասերների հիշողության մեջ դեռ երկար կմնա Զիզուի՝ ֆրանսիական ֆուտբոլային կուռքի կարիերայի անփառունակ ավարտը: Այսօր, երբ նոր է ավարտվել աշխարհի առաջնությունը, եւ թվում էր, թե բոլորի քննարկման առարկան լինելու են գոլերը, պասերը, 11-մետրանոցները եւ այլ զուտ խաղային պահերը, բոլորը խոսում են միայն մի բանի մասին՝ ի՞նչը դրդեց Զիդանին դիմել նման ագրեսիայի:

Զիդանն առայժմ հրաժարվել է մեկնաբանություններից: Փոխարենը Մատերացին է երեկ «բացահայտել» իր եւ Զիդանի միջեւ կայացած «ռազբորկայի» մանրամասները: Մինչ իտալացու լեզուն կբացվեր, ԶԼՄ-ներում շրջանառվում էին տարբեր վարկածներ: Մատերացիի «պրովակացիան», ըստ դրանց, կարող էր լինել երկու տիպի. ա) իտալացին ռասիստական բնույթի ռեպլիկ է արել (Զիդանի հայրը ազգությամբ կաբիլացի է. դա բերբերյան ցեղախմբի մի տեսակ է, որը Ալժիրում ազգային փոքրամասնություն է կազմում), եւ բ) նա հայհոյել է Զիդանի մորը: «The Sun» թերթը, որը հրավիրել է շուրթերի շարժումները վերծանող հատուկ փորձագետի, արդեն իսկ հրապարակել է իր եզրակացությունը՝ երկու տարբերակներն էլ ճիշտ են: Ըստ այդմ, ֆուտբոլիստների միջեւ տեւական երկխոսություն է եղել: Սկզբում Մատերացին կոպտորեն բռնել է Զիդանի կուրծքը եւ նրան անվանել «կեղտ», ի պատասխան Զիդանը ժպտացել է, Մատերացին հարցրել է՝ «ի՞նչ է, դուր չեկա՞վ», ֆրանսիացին պատասխանել է՝ «ինձ գրգռելու համար կոպիտ էր», իտալացին չի հանգստացել՝ «մի՞թե քո մայրը այդպես չի նախընտրում»: Տեսնելով, որ չհասավ ուզածին, իսկ խաղն ավարտվում է, սադրիչը դիմում է վերջին քայլին՝ անվանելով Զիզուին «son of a terrorist whore», ինչը թարգմանվում է՝ «ահաբեկիչ պոռնիկի որդի»: Եվ ավելացրել իտալերենով՝ Viffanculo, որը անգլերեն “Fuck off”-ի համարժեքն է: Այստեղ ֆրանսիացին չի դիմացել ու հարվածել է:

Մատերացին իր «խոստովանանքում» այլ կերպ է պատկերում իրավիճակը: Իբրեւ ինքը քաշել է Զիդանի շապիկից, վերջինս հեգնել է՝ «եթե շապիկս է պետք, ես այն քեզ կտամ ավելի ուշ, երբ 11-մետրանոցներով ձեր հախից գանք», ու ի պատասխան այս քամահրանքի, ինքը «կոպտել է» Զիդանին: «Այո, ես նրան կոպտել եմ, բայց չեմ պատրաստվում ներողություն խնդրել, քանի որ դրանք այն խոսքերն են, որ դաշտում խաղացողները միմյանց տասնյակ անգամներ են ասում»,- ասել է իտալացին: Նա հերքել է, թե Զիդանին ահաբեկիչ է անվանել՝ «ես լավ չեմ կրթված եւ չգիտեմ, թե ի՞նչ բան է իսլամական տեռորիզմը»: Բացառել է նաեւ Զիդանի մորը հայհոյելու տարբերակը՝ «մայրն ինձ համար սրբություն է»,- ասել է 14 տարեկանում մորը կորցրած Մատերացին: Ի դեպ, ԶԼՄ-ները տեղեկություն են հրապարակել, թե հուլիսի 9-ին Զիդանի մայրը՝ Մալիկան, հայտնվել է հիվանդանոցում: Իսկ ֆրանսիական մի շարք հակառասիստական կազմակերպություններ դիմել են ՖԻՖԱ-ին՝ կոչ անելով մանրամասն քննել միջադեպը, եւ եթե պարզվի, որ դրանում ռասիզմի տարր կա, ապա որակազրկել Մատերացիին: Ըստ որոշ լուրերի, այդ հետաքննությունն արդեն սկսված է: Չմոռանանք, որ ֆուտբոլի աշխարհի առաջնությունն անցնում էր հենց «Ասա ո՛չ ռասիզմին» նշանաբանով:

Անշուշտ, 2006-ի լավագույն ֆուտբոլիստ հռչակված Զիդանն արժանի էր «կարմիր քարտի»: Նա ստացավ իր պատիժը, որը գուցե, եւ արժեցավ աշխարհի գավաթին: Սակայն ո՞վ չգիտե, որ երբեմն խոսքը կարող է շատ ավելի ծանր վիրավորել, քան գլխի հարվածը: Եվ եթե խոյահարման համար մրցավարը պատժեց Զիդանին, ապա հայհոյանքների համար Մատերացին էլ պետք է պատժվի: Ոչ սպորտային պահվածքը պետք է դատապարտվի, սակայն երբ պատժվում է կողմերից միայն մեկը, բոլորն սկսում են արդարացում փնտրել պատժվողի արարքին: Զուր չէ, որ ֆրանսիացիներն արդեն «հասկացել եւ ներել են» սիրելի Զիզուին: Չէ՞ որ նրան վիրավորողը չի պատժվել: Իսկ Ֆրանսիայի նախագահ Ժակ Շիրակը ասել է, որ տարիներ շարունակ Զիդանն իր մարդկային եւ սպորտային նկարագրի համար ընդօրինակման արժանի է եղել եւ մի դրվագը չի կարող փոխել վերաբերմունքը նրա հանդեպ: Ինչպես Շիրակը, այնպես էլ Ֆրանսիայի հավաքականի գլխավոր մարզիչ Ռայմոն Դոմենեկը, խուսափել են դատապարտել Զիդանին, ասելով՝ «ոչ ոք չգիտե, թե ի՞նչը նրան դրդեց այդ քայլին, որից հետո նա աշխարհի ամենադժբախտ մարդն է»: Ամենադժբախտ՝ գուցե, բայց նաեւ՝ ամենահայտնի:

ՄԵԼԱՆՅԱ ԲԱՐՍԵՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել