Լրահոս
Օրվա լրահոսը

«ՈՉ ՄԻ ՖԻԶԻԿԱԿԱՆ ՇՓՈՒՄ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ
ԱՆԴԱՄԻ ՀԵՏ»

Հուլիս 12,2006 00:00

Երեկ
ԱԺ նախագահի մոտ քննարկվել է «Ընտրական օրենսգիրքը» Երեկ խորհրդարանական նոր
կոալիցիան՝ ՄԱԿ, ՀՅԴ, ՀՀԿ, եւ «Արդարություն» ընդդիմադիր խմբակցությունը («Ժողպատգամավոր»
խումբը եւ «Ազգային միաբանությունը» ներկա չէին տեխնիկական պատճառներով) ԱԺ նախագահ
Տիգրան Թորոսյանի հետ մոտ մեկ ժամ քննարկեցին «Ընտրական օրենսգրքում» նախատեսվող
փոփոխությունների կապակցությամբ Վենետիկի հանձնաժողովի կողմից արված առաջարկները:
Ըստ ԱԺ նախագահ Տիգրան Թորոսյանի, քննարկումները նպատակ ունեին հստակեցնել, թե խորհրդարանական
որ ուժը ինչպիսի դիրքորոշում ունի Վենետիկի հանձնաժողովի կոնկրետ առաջարկների եւ
նկատառումների վերաբերյալ: Հիշեցնենք, որ Վենետիկի հանձնաժողովն առանձնապես դրական
չէր ընդունել ընդդիմության առաջարկը ընտրատեղամասերը նկարահանելու վերաբերյալ: Եվրոպացիք
կարծիք էին հայտնել, որ նկարահանումը կարող է դիտվել որպես մարդու իրավունքների ոտնահարում:
Սակայն առաջարկի հեղինակ «Ազգային միաբանության» ներկայացուցիչները, մասնավորապես՝
Ալեքսան Կարապետյանը իր հերթին կասկած է հայտնել, որ վենետիկցիներին թյուրիմացության
մեջ է գցել առաջարկի ոչ ճիշտ թարգմանությունը: Ավելի ուշ մամուլի ասուլիսի ժամանակ
ԱԺ նախագահ Տիգրան Թորոսյանը հերքել էր ոչ ճիշտ թարգմանության վերաբերյալ կասկածները:
Իսկ Ալեքսան Կարապետյանը երեկ մեզ հետ զրույցում դարձյալ շեշտեց, որ իրենց առաջարկը
վերաբերում է ոչ թե առանձնախցում, այլ ամբողջ ընտրատեղամասում տեսախցիկ տեղադրելուն,
որպեսզի պարզ երեւա, նախ, թե ով քանի անգամ է քվեարկում, եւ հետո, թե քանի քվեաթերթիկ
է գցում տուփի մեջ: Ինչեւէ, երեկվա քննարկումների ժամանակ առանձնապես լուրջ
բացահայտումներ եւ հատուկ առաջարկներ չեղան: Սակայն մեզ հետ զրույցում ՀՅԴ խմբակցության
ղեկավար Հրայր Կարապետյանը կարծիք հայտնեց, որ «Ընտրական օրենսգրքի» համար սա խիստ
կարեւոր փուլ է, քանի որ ազատ եւ նորմալ ընտրություններ անցկացնելու համար նախ եւ
առաջ հարկ կա բարելավել «Ընտրական օրենսգիրքը»: Ըստ Հրայր Կարապետյանի, այսօր դեռ
ամեն ինչ կորած չէ, եւ կատարյալն այն կլինի, որ այս անգամ «Ընտրական օրենսգիրքը»
համապատասխանի բոլոր քաղաքական ուժերի ցանկություններին եւ տեսակետներին: Այժմ հենց
այդ փուլն է, եւ մենք ամեն ինչ պետք է անենք դրան հասնելու համար»: Հաջորդ կարեւորությունը,
ըստ մեր զրուցակցի, այն է, որ հարկավոր է պարզապես առանց ընդդիմանալու ընդառաջ գնալ
Վենետիկի հանձնաժողովի առաջարկություններին, քանի որ դրանք «իսկապես բխում են ընտրությունների
ազատ եւ ժողովրդավարական ճանապարհով անցկացնելու ցանկությունից: Իհարկե, կան նաեւ
այլ առանձնահատկություններ նույն հանձնախմբի առաջարկություններում, որոնք Հայաստանի
պարագայում որոշակի նրբերանգներ ունեն: Եվ իրենք՝ փորձագետներն էլ երես առ երես քննարկումների
ժամանակ ընդունում են այդ առանձնահատկությունները՝ ինչպես որ եղավ ժամանակին սահմանադրական
փոփոխությունների քննարկումների ժամանակ»: Հրայր Կարապետյանը վստահ է, որ անհրաժեշտ
է անպայման ձեւավորել ԸՕ-ի ամբողջական տարբերակ, որը կբավարարի հայաստանյան բոլոր
քաղաքական ուժերին եւ կհամապատասխանի ժողովրդավարության սկզբունքներին: Մենք
պարզապես չէինք կարող զերծ մնալ արդեն տարիներ շարունակ հնչող նույն հարցը հնչեցնելու
գայթակղությունից՝ արդյոք միեւնույն չէ՞, թե ինչպիսի «Ընտրական օրենսգրքով» են խախտվում
ընտրությունների արդյունքները, ինչպես են լցոնվում քվեատուփերը կամ կեղծվում ընտրությունների
արդյունքները: Ուրեմն ինչո՞ւ իզուր զբաղվել «թիթիզ» գործերով: Հրայր Կարապետյանը
ամենեւին այդպես չի մտածում եւ գտնում է. «Խորհրդարանի եւ այստեղ ներկայացված քաղաքական
ուժերի պարտականությունն է հարցը նախ եւ առաջ կարգավորել օրենսդրորեն: Եթե օրենքում
կան բացեր, սողանցքներ եւ դրանք հետագայում այլեւայլ մեկնաբանությունների, զեղծարարության
եւ կեղծիքների տեղիք կարող են տալ, նշանակում է մենք ի սկզբանե վտանգում ենք ընտրությունների
անցկացման ժողովրդավարության հանգամանքը: Նախ, մենք մեր պարտականությունը պետք է
կատարենք եւ լիարժեք օրենք մշակենք»: Հաջորդը, ըստ դաշնակցական պատգամավորի, այն
է, որ եւ իշխանության, եւ ընդդիմության ներկայացուցիչները պետք է պատրաստ լինեն դրսեւորել
նորմալ եւ ազատ ընտրություններ անցկացնելու քաղաքական կամք: Հրայր Կարապետյանը, չգիտես
ինչ հիմքով, լավատես է եւ կարծում է, որ «եթե ԸՕ-ի տառը եւ ոգին պահպանվի, առաջիկա
խորհրդարանական ընտրությունները կլինեն ժողովրդավար եւ թափանցիկ, ես վստահ եմ, նորից
եմ կրկնում, դրա համար հարկավոր է օրենքը գործադրելու քաղաքական կամք դրսեւորել»:
Դաշնակցության առաջարկները հիմնականում արտահայտված են օրենսգրքում: Առաջարկներից
իրենք կարեւորում են ծրարների ներդրման հանգամանքը. «Վենետիկի հանձնաժողովը եւս սա
կարեւորում է, յուրաքանչյուր ծրարի մեջ պետք է դրվի մեկ քվեաթերթիկ, այն պետք է կնիքվի
եւ իջեցվի արկղ: Եվ ամենակարեւորն այն է, որ ծրարը եւ քվեաթերթիկը ստացող քաղաքացին,
ընտրողը մինչեւ ծրարն արկղի մեջ իջեցնելը չշփվի հանձնաժողովի որեւէ անդամի հետ, այսինքն՝
տեղի չունենա ոչ մի տեսակի ֆիզիկական շփում»: Ընդդիմության կողմից արված առաջարկությունների
մի մասը եւս ներառված է ԸՕ-ում, իսկ մատը թանաքոտելու վերաբերյալ ընդդիմության առաջարկը
Հրայր Կարապետյանը որակեց այսպես. «Դրանք մանրուքներ են, որոնք կարող են վճռել ամեն
ինչ, կարծում եմ՝ սա եւս մանրուք է, բայց կարեւոր մանրուք է»: Տեղամասերում տեսախցիկների
տեղադրման վերաբերյալ ԱՄ առաջարկի մասով ասաց. «Մենք դեմ չենք եւ ներառել ենք ԸՕ-ի
նախագծում, սակայն այստեղ որոշ նկատառումներ ունի Վենետիկի հանձնաժողովը, որի ասելով՝
տարբեր եվրոպական երկրներում այս փորձը տարբեր մեկնաբանությունների տեղիք է տվել.
իրենք այստեղ խնդիր տեսնում են, մենք խնդիր չենք տեսնում: Եվ, ընդհանրապես, Դաշնակցությունը
կողմ է բոլոր այն միջոցառումներին եւ քայլերին, որոնք կօգնեն ընտրություններն ավելի
ժողովրդավար անցկացնելուն»: ՄԱՐԳԱՐԻՏ ԵՍԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել