Լրահոս
Օրվա լրահոսը

ՄԱՐԴԻԿ ՀՈԳՆԵԼ ԵՆ ԺՈՂՈՎՐԴԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԻՑ

Հուլիս 12,2006 00:00

Եվրոպայի խորհրդի քաղաքական
դասընթացների դպրոցների Ժողովրդավարության ամառային համալսարանում բանավեճերը ընթանում
են բավական սուր: Ասենք, երեկ «Եվրոպական մարտավարություն. միասնական գործողությունների
ներկան եւ ապագան» թեմայով քննարկման ժամանակ Ռումինիայի արտաքին գործերի նախկին
նախարար Ադրիան Սեւերինը հայտարարեց, թե Ռուսաստանը հազիվ թե երբեւէ դառնա Եվրամիության
անդամ, թեկուզ իր հսկայական չափերի պատճառով: Ռուսաստանի Դումայի պատվիրակ Միխայիլ
Մարգելովի հակափաստարկն էր, թե իրենք այդ հարցը չեն էլ քննարկում, սակայն, բացի այդ՝
«Դեպի Եվրոպա պատուհանը փակել շատ հեշտ է, այն բացելն ավելի դժվար կլինի»: Ի դեպ,
քաղաքական դասընթացների դպրոցների ունկնդիրներից մեկը երեկ Մարգելովից մեկնաբանություն
խնդրեց Պուտինի ելույթի կապակցությամբ, որտեղ նա գովաբանեց Բասաեւին սպանած զինվորականներին:
Մարգելովի պատասխանն էր, թե ՌԴ նախագահն արձագանքեց այս փաստին այնպես, ինչպես աշխարհի
այլ առաջնորդները՝ ԱՄՆ նախագահը, ԵԱՀԿ նախագահը եւ այլք, որոնք Պուտինին շնորհավորանքներ
են հղել վտանգավոր ահաբեկչին ոչնչացնելու կապակցությամբ: Նախորդ օրն էլ բանավեճ
էր ծավալվել ռուսների եւ վրացիների մեջ: Վերջիններս խոսում էին այն մասին, թե Վրաստանն
անպայման պիտի դուրս գա ԱՊՀ-ից: Ռուս պատվիրակները հակադարձեցին, թե ոչ ոք իրենց
ուժով չի պահում՝ իրենց գործն է դուրս գալը կամ չգալը: Ռուսաստանի Մարդու իրավունքների
պաշտպան Վլադիմիր Լուկինը նկատելով, թե դուրս գալ-չգալը Վրաստանի իրավունքն է՝ վերապահում
հայտնեց. «Եթե համարում եք, որ այդ քայլը արդյունավետ է՝ իրենց նպատակներին հասնելու
համար»: Նաեւ հավելեց, թե իր կարծիքով, Զվիադ Գամսախուրդիայից սկսած, ամենավատ արտաքին
քաղաքականությունը՝ սեփական ազգային շահերի տեսակետից, վարել է հենց Վրաստանը. «Եվ
ասում են, թե ես վատ փորձագետ չեմ արտաքին քաղաքական հարցերում»: Ռուսաստանի հասցեին
հնչող քննադատությանն ի պատասխան, Լուկինը նշեց, թե ՌԴ-ն խոշոր երկիր է, եւ նրան
չէին սիրում առաջ, չեն սիրում նաեւ հիմա՝ մանավանդ իր փոքրիկ հարեւանները. «Ի՞նչ
անենք, Մեքսիկայում էլ ամենաշատը Ամերիկային չեն սիրում»: Անկեղծ են նաեւ
Եվրոպայի պալատի մեծ դահլիճում հնչող խոստովանությունները ժողովրդավարության մասին:
Ասենք, Եվրոպայի խորհրդում Եվրոպական հանձնաժողովի ներկայացուցիչ դեսպանը երեկ խոստովանեց,
թե համընդհանուր միտում է՝ գնալով ավելի ու ավելի քիչ մարդիկ են մասնակցում ընտրություններին:
Ադրիան Սեւերինի համահունչ խոստովանությունն էր, թե մարդիկ հոգնել են ժողովրդավարությունից,
այն այլեւս չի ոգեշնչում ժողովրդին, ինչպես առաջներում. «Մի խոսքով, ժողովրդավարությունը
մեր երկրներում ճգնաժամ է ապրում»: Ըստ Ռումինիայի արտաքին գործերի նախկին նախարարի՝
միջազգային հարաբերություններն էլ ժողովրդավարական չեն. «Բոլորս հավասար ենք, բայց
որոշ երկրներ ավելի հավասար են, քան մյուսները: Հին սկզբունքն է գործում, ըստ որի՝
ով ավելի ուժեղ է, նա էլ ճիշտ է»: Նշենք, որ Քաղաքական դասընթացների երեւանյան
դպրոցի շրջանավարտները ակտիվորեն են մասնակցում այս քննարկումներին: Եվ ասենք՝ նախօրեին
դպրոցի շրջանավարտ, ՄԱԿ խմբակցության պատգամավոր Հռիփսիմե Ավետիսյանը հարց ուղղեց
ԵԽԽՎ-ում ՌԴ պատվիրակ Սվետլանա Սմիրնովային. «Ինչպե՞ս եք գնահատում հատկապես հետխորհրդային
երկրներում ժողովրդավարական բարեփոխումներին տարբեր մոտեցումները: Գնահատական կա,
որ ԱՊՀ երկրներն իրենց առանձնահատկություններն ունեն, իրենց մենթալիտետը: Եվ անտեղի
է Արեւմուտքի միջամտությունը ընտրությունների, ժողովրդավարության, մարդու իրավունքների
եւ մամուլի ազատության հարցերին: Համարո՞ւմ եք արդյոք, որ գոյություն ունի ժողովրդավարության
երկու տիպ՝ արեւմտյան եւ հետխորհրդային: Չի՞ հակասում արդյոք Ռուսաստանի կամ ԱՊՀ
այլ երկրների գործերին չմիջամտելու հիմնարար սկզբունքին այն, որ մարդու իրավունքների
եւ ազատությունների հարցերում չկան միջպետական սահմաններ, համենայնդեպս՝ Եվրոպայի
խորհրդի պետությունների համար»: Նկատենք, որ այս հարցերը Ժողովրդավարության համալսարանի
մասնակիցներն ընդունեցին ծափերով: Սակայն Սվետլանա Սմիրնովայի պատասխանն էր,
թե անտեղի է տարանջատել արեւմտյան կամ հետխորհրդային ժողովրդավարությունները. «Ժողովրդավարությունը
պայմանավորված չէ տեղաբաշխմամբ: Եվ միասնական են ժողովրդավարական սկզբունքները: Նաեւ
այդ պատճառով ենք միշտ ասում, թե չպետք է երկակի չափանիշներ լինեն քաղաքականության
մեջ: Ռուսաստանը միշտ դրա կողմնակիցն է եղել»: ԱՆՆԱ ԻՍՐԱՅԵԼՅԱՆ,
Ստրասբուրգ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել