Լրահոս
Օրվա լրահոսը

«Ոսկե ծիրան-2006-ը» բացվեց

Հուլիս 11,2006 00:00

Կինոփառատոնի
ժյուրիի նախագահներ Մորից դե Հադելնը, Գոդֆրի Ռեջջոն եւ փառատոնի նախագահ Ատոմ էգոյանը
երեկ փառատոնի բացումից ժամեր առաջ հանդիպեցին լրագրողների հետ։ Հետաքրքիր
է, որ Ատոմ Էգոյանը պատճառաբանելով սեփական զբաղվածությունը, մեկ օրից կլքի Հայաստանը:
Մորից դե Հադելնը կատակեց, թե նոր է ժամանել, այլապես կհասցներ հայերեն սովորել։
Այնուհետեւ հիշեց իր նախորդ այցելությունը. «Վերջին անգամ 1989-ին էի Երեւանում,
այն ժամանակ փողոցներում տանկեր էին, նույնիսկ հնարավորություն չունեցա Էջմիածին
գնալ։ Հիմա շատ է փոխվել ձեր երկիրը»։ Նա հույս հայտնեց, որ «Ոսկե ծիրանը» կարժանանա
հասարակության աջակցությանը, նաեւ ասաց, որ տպավորված է այս փառատոնով։ Հարցին՝ նման
փառատոները ավելի շատ լայն հասարակությա՞նն են հասցեագրված, թե՞ մասնագետներին, Ա.
Էգոյանը պատասխանեց. «Հայաստանյան փառատոնի պարագայում կարծում եմ՝ ավելի շատ հայ
հանրությանն է հասցեագրված։ Այն ֆիլմերը, որոնք բերվել են Հայաստան, հաստատ շատ-շատերը
հնարավորություն չեն ունենա տեսնել, քանի որ դժվար թե արտերկրի փառատոների ներկա
գտնվեն։ Մյուս կողմից էլ, «Ոսկե ծիրանի» միջոցով արտերկրյա կինոգործիչները կծանոթանան
հայկական ֆիլմերին»: Գ. Ոեջջոն էլ նշեց, որ ուրախ է հատկապես Արտավազդ Փելեշյանի
Հայաստան գալու առիթով. «Երբ ինձ համար հայտնագործեցի Փելեշյանի ֆիլմերը, հասկացա,
որ գործ ունեմ աշխարհի լավագույն կինոգործիչներից մեկի հետ»։ Ըստ նրա, նման փառատոները
օգնում են հատկապես ոչ հզոր կինոարտադրողների հետ ծանոթանալու ու հետագա համագործակցություն
սկսելու առումով։ Ժյուրիի նախագահների կարծիքով՝ միայն հոլիվուդյան ֆիլմեր
դիտողը կորցնում է կինոյի համայնապատկերի կեսը։ «Առավոտի» հարցին՝ ի՞նչ է պետք XXI
դարի կինոդիտողին, ինչո՞վ կարելի է գրավել նրան, Ատոմ Էգոյանը պատասխանեց. «Մեծ կինոն
միշտ պետք է գոյություն ունենա, որովհետեւ այն պետք է լինի մեծ միջոցառումների մաս։
Նախապատվությունը միշտ պետք է տրվի մեծ էկրանին… Ես 3 րոպեանոց վավերագրական ֆիլմ
եմ նկարել Կաննի կինոփառատոնի 60-ամյակի առիթով՝ ներկայացնելու համար ժամանակակից
կինոմոլությունը՝ կինոֆիլիան։ Այդ ֆիլմը խոսում է այն մասին, որ կինո դիտելը այսօր
հնարավոր կլինի մեծ ձեռքի հեռախոսներով, նորագույն տեխնոլոգիաների միջոցով։ Շատ կարեւոր
է, որ ֆիլմը լինի այնպիսին, որպեսզի վերջինիս դիտման վրա ծախսվող 1,5-2 ժամը չուզենանք
ընդհատել։ Հենց դրանով է պայմանավորված կինոյի հրաշագործ ուժը»: Փառատոնի
ժյուրիի նախագահներն ասացին, որ դժվար կլինի մրցույթի դրված ֆիլմերը գնահատել, որովհետեւ
դա մեծ պատասխանատվություն է պահանջում, մյուս կողմից էլ առկա է սուբյեկտիվության
գործոնը։ Մորից դե Հադելնի խոսքով՝ ֆիլմը գնահատելու չափանիշներից մեկն էլ հետեւյալն
է. «Եթե ֆիլմ եք դիտում ու հանկարծ զգում եք, որ ձեր բազկաթոռն այնքան էլ հարմար
չէ, ուրեմն, տվյալ ֆիլմի հետ ինչ-որ բան այն չէ»։ Ըստ Էգոյանի, բնավ բացառված չէ,
որ մի կինոփառատոնում հաջողություն ունեցած ֆիլմը մեկ այլ փառատոնում նույնկերպ գնահատվի։
Աշխարհահռչակ կինոգործիչները ցավով փաստեցին, որ «հասարակությունը դարձել է դիստանցիոն
պուլտի հասարակություն, երբ որեւէ ֆիլմ կամ համերգ դուր չի գալիս, անմիջապես փոխվում
է ալիքը, փոխանակ փորձելու հասկանալ, մտածել»։ Գոդֆրի Ոեջջոյի համոզմամբ, այսօր ընդհանրապես
դրամատիկ իրավիճակ է կինոաշխարհում. կինոհանդիսատեսը տարված է հոլիվուդյան թեթեւ
ֆիլմերով, որովհետեւ «Եվրոպական եւ արեւելյան ֆիլմերը ավելի բարդ են, ստիպում են
մտածել, վերլուծել»: ԳՈՀԱՐ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել