Այս տարի
լրացավ Երեւանի մենեջմենթի համալսարանի հիմնադրման տասը տարին: Հիմնադրման օրից մինչ
օրս անցնելով կայացման դժվարին ճանապարհ, բուհը կարողացել է հաղթահարել երկրի տվյալ
ժամանակահատվածին բնորոշ դժվարություններն ու խոչընդոտները եւ այսօր Հայաստանի առաջատար
բարձրագույն ուսումնական հաստատություններից է: Շնորհիվ պրոֆեսիոնալ դասախոսական
կազմի, համալսարանը տալիս է բարձրակարգ մասնագետներ, որոնք իրենց հուսալի տեղն ունեն
հայաստանյան աշխատաշուկայում: Բուհի շրջանավարտները դժվարին քննություն են բռնել
արդարադատության նախարարությունում՝ համակարգում աշխատելու համար: Այսօր իրավապահ
մարմինների համակարգը պահանջարկ է ներկայացրել Մենեջմենթի համալսարանին՝ կադրերի
ապահովման հարցով: Երեւանի մենեջմենթի համալսարանը հավատարմագրված բուհերի միության
11 անդամներից մեկն է: Ի դեպ, այս միությունն ունի ներքին խիստ կանոնակարգ, կանոնադրություն
եւ խստագույնս է դրված նրան անդամակցելու պահանջը: Բուհի դասախոսական կազմի պրոֆեսիոնալ
բարձր պատրաստվածության մասին է խոսում այն հանգամանքը, որ նրանց ջանքերով հրատարակվել
են ավելի քան 10 բուհական դասագրքեր՝ տարբեր մասնագիտությունների գծով: Մենեջմենթի
առաջին ուսումնական ձեռնարկը՝ «Մենեջմենթի հիմունքներ», լույս է տեսել 2001-ին, համալսարանի
ռեկտոր Ռուբեն Առուշանյանի հեղինակությամբ: 2002-ին հրատարակվել է երկրորդ դասագիրքը:
Դասագրքեր եւ ուսումնական ձեռնարկներ են հրատարակել նաեւ իրավագիտության գծով (դոցենտ
Լալայանի «Քրեական իրավունք»՝ ընդհանուր եւ հատուկ մասեր ուսումնական ձեռնարկը),
ժուռնալիստիկայի բաժնի դեկան Մարտուն Հակոբյանի, Անժելա Քոլոյանի եւ Բակուր Կարապետյանի
հեղինակած գրքերը: Մեծ էր համալսարանի դերակատարումը տեխնիկական եւ մասնագիտական
բառարանների հրատարակման գործում, ինչը զգալի օգնություն է գործարար աշխարհի մարդկանց:
Համալսարանն ունի իր թերթը, որի էջերում հիմնականում հանդես են գալիս ուսանողները:
Համալսարանը հիմնադրվել է 1996թ.: 2001-ի հոկտեմբերի 5-ին այն ստացել է հավատարմագիր:
Երեւանի մենեջմենթի համալսարանը ոչ թե մասնագիտություններով է հավատարմագրված, այլ
հավատարմագրված համալսարան է: Ըստ ռեկտոր Ռուբեն Առուշանյանի. «Մեր համալսարանը կազմավորվեց
պրոֆեսիոնալ դասախոսական միջավայրում, միավորեց մի քանի բուհերի ներուժը, որը օգտագործեց
նոր մասնագիտություններ ուսուցանելու համար: Սա միակ բուհն է, որը պատրաստում է տեխնիկական
եւ մասնագիտական թարգմանիչներ: Բուհում առաջնային ֆակուլտետը մենեջմենթի ֆակուլտետն
է, որն ունի մասնագիտացում բանկային համակարգում: Իսկ մեր շրջանավարտներն իրենց դիպլոմային
աշխատանքները կատարում են ամերիկյան հրատարակության մենեջմենթ, վիճակագրություն եւ
նմանատիպ դասագրքերից՝ թարգմանություններով: Թարգմանում են անգլերենից, ֆրանսերենից:
1997-ին իր առաջին մասնաճյուղն է բացել Արցախի մայրաքաղաք Ստեփանակերտում, նույն
թվականի նոյեմբեր ամսին՝ երկրորդը, Գյումրի քաղաքում»: Ստեփանակերտում համալսարանի
մասնաճյուղի հիմնավորումը, ըստ ռեկտորի, զուտ հայրենասիրական մղումներից էր դրդված,
քանի որ ինքը ծնունդով ղարաբաղցի է եւ հաշվի առնելով, որ Ղարաբաղի երիտասարդները
հիմնականում գալիս են Հայաստան սովորելու եւ այլեւս չեն վերադառնում: Ռեկտորը այդ
առումով բերեց իր անձնական օրինակը: Ուստի կարեւորելով Ղարաբաղի երիտասարդության
ծննդավայրում սովորելու եւ մնալու հանգամանքը, Ստեփանակերտում հիմնադրվեց Մենեջմենթի
համալսարանի մասնաճյուղը: Այժմ այնտեղ կա շուրջ 350 ուսանող: Գյումրիի մասնաճյուղը,
ըստ ռեկտորի, ստեղծվել է Ճարտարագիտական համալսարանի այնտեղ գործող մասնաճյուղի ղեկավարության
խնդրանքով եւ երկար տարիներ աշխատում ու գործում է նրանց շենքում. «2002-ին վերջապես
կարողացանք ձեռք բերել փոքր շենք, որը լիովին վերակառուցեցինք, կահավորեցինք ըստ
պատշաճի եւ այժմ ունենք մի փոքրիկ կրթահամալիր, որտեղ գործում է նաեւ բժշկական քոլեջ,
որը եւս հավատարմագրվել է: Անցյալ տարի այդ շենքի մի հատվածում բացեցինք նաեւ կլինիկա՝
բոլոր տեսակի ստոմատոլոգիական ծառայությունների գծով: Նույն շենքում Ազգային առողջապահության
ինստիտուտը բացեց իր հետբուհական վերապատրաստման մասնաճյուղը, բացվել է նաեւ օրդինատուրա,
որտեղ սովորում են Շիրակի եւ Լոռու մարզերի շրջանավարտները»: Բուհի արձանագրած հաջողությունները
ռեկտորը կապում է հանրապետության լավագույն բուհերից մեկի՝ Ճարտարագիտական համալսարանի
ղեկավարների բարի կամքի հետ, ովքեր ժամանակին իրենց հարկի տակ հոգածությամբ են ընդունել
նորածին համալսարանը՝ պատշաճ ուսումնառության համար ստեղծելով բոլոր բարենպաստ պայմանները:
Համալսարանը Հայաստանի մենեջերների միության անդամ է: Համալսարանին հիմնադրման
տասնամյակի առիթով շնորհավորանքներ եւ պատվոգրեր են հանձնել Հավատարմագրված բուհերի
միությունը, Պետական ճարտարագիտական համալսարանը, Մովսես Խորենացու եւ Անանիա Շիրակացու
անվան համալսարանները: Երեւանի մենեջմենթի համալսարանն արժանացել է մշակույթի նախարարության
կողմից կազմակերպված «Հայաստանն իմ տունն է» հանրապետական երիտասարդական փառատոնի
ինտելեկտուալ խաղի մրցանակին: ՆԱԻՐԱ ՎԱՆՅԱՆ R