Լրահոս
Օրվա լրահոսը

Շիրակի մարզում 128 հ/կ կա

Հուլիս 11,2006 00:00

Սակայն հ/կ-ների մեծ մասը հասարակության հետ կապ չունեն

Այն, որ հասարակական կազմակերպություններից շատերի մասին հասարակությունը գաղափար չունի եւ նրանց աջակցությունը երբեւէ չի տեսել, խոստովանում են նաեւ հենց իրենք՝ հ/կ-ների ներկայացուցիչները: Օրերս քաղաքական գործիչներից մեկը՝ ԱԺՄ Շիրակի մարզային կառույցի պատասխանատու Վահան Թումասյանը, փորձել էր «չոր» տեղեկություններ ձեռք բերել Շիրակի մարզի հ/կ-ների՝ նրանց գործունեության ոլորտի, գտնվելու վայրի ու հեռախոսահամարների մասին: Սակայն, ինչպես նկարագրում է քաղաքական գործիչը, հ/կ-ներից շատերին գտնելն անհնար է. մեկի գրասենյակի տեղն է անհայտ, մյուսի պաշտոնապես գրանցված հեռախոսահամարը իրական չէ կամ էլ տարին տասներկու ամիս անջատված է:

Կան հ/կ-ներ էլ, որոնք նույնիսկ չգիտեն իրենց գործունեության ոլորտը: Որոշ կառույցներ էլ անչափ տհաճությամբ են ընդունել իրենց մասին հասարակությանը որեւէ տող հաղորդելը՝ թեկուզ միայն հասցեն: Թեեւ նրանց էլ կարելի է հասկանալ. Շիրակի մարզում որոշ մարդիկ հ/կ-ներ հիմնել են իրենց բնակարաններում եւ սոսկ այն պատճառով, որ գործազուրկ մարզում ուրիշ ոչինչ չկա անելու: «Բավականին զարմանալի դեպքերի հանդիպեցինք: Կային հ/կ-ներ գործունեության ճոխ-ճոխ ոլորտներով՝ «Շիրակի սպառողների շահերի եւ իրավունքների պաշտպանության ասոցիացիա», «Շիրակի սոցիալական իրավապաշտպան» եւ այլն, որոնց ղեկավարները մեր զանգերից ու այցելություններից զարմացած ու վախեցած՝ նշում էին, որ իրենք վաղուց սառեցրել են իրենց հ/կ-ները եւ որեւէ գործունեություն չեն ծավալում»,- ասում է Վահան Թումասյանը: Ավելին, որոշ հ/կ-ներ, հարկայինից սարսափած, հետաքրքրվել են՝ արդյոք քաղաքական գործիչը հարկային տեսչության լրտեսը չէ: Մի խոսքով, օրերս Վահան Թումասյանը տպագրեց նախադեպը չունեցող տեղեկագիրք՝ Շիրակի մարզի ճանաչված ու «թաքնված» 128 հ/կ-ների մասին:

«Շիրակի մարզում գործող հասարակական կազմակերպությունների տեղեկատու» ձեռնարկը քաղաքական գործիչը հրատարակել է նաեւ այն պատճառով, որ մարզի պաշտոնյաները փոքր-ինչ թափանցիկ աշխատեն ու այլեւս անտեղի պատճառաբանություններ չանեն, թե քննարկումներին, մրցույթներին հասարակական սեկտորից մարդ չեն հրավիրում՝ հասցեները չիմանալու պատճառով: Չնայած ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ հ/կ-ներն էլ հակված չեն բաց աշխատելու: «60-70 տոկոսը ստանում է իր գրանտը, բայց խուսափում է հրապարակային գործունեությունից, ցավալիորեն բնակչություն-հասարակական կազմակերպություն կապ գրեթե գոյություն չունի»,- համոզված է Վահան Թումասյանը: Իսկ հ/կ-ների ներկայացուցիչները դեռ «Հ/կ-ների մասին» օրենքում փոփոխություններից են խոսում՝ առաջարկելով թույլ տալ հ/կ-ներին ոչ միայն ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվել (որը, թերեւս, հասկանալի է), այլեւ 1 տոկոսի գաղափարը ներմուծել, համաձայն որի՝ հանրապետության ցանկացած բնակիչ պարտավորվում է եկամտահարկի մեկ տոկոսը ուղղել հ/կ-ների կանոնադրության իրականացմանը:

ՆՈՒՆԵ ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել