Լրահոս
Օրվա լրահոսը

ԲՈՒՀԵՐԻ ԳՈՐԾԸ ՄԵԿ ՇԱԲԱԹՈՎ ՀԵՏ Է ԸՆԿԵԼ

Հուլիս 11,2006 00:00

Ավարտական
ատեստատները շրջանավարտներն ստացել են ընդամենը տասն օր առաջ, իսկ բուհ ընդունվելու
համար դիմումների ընդունման վերջնաժամկետը հուլիսի 15-ն է։ Այդ է պատճառը,
որ ընդունող հանձնաժողովներում այս օրերին աննախադեպ լարվածություն է ստեղծվել: Պատասխանատու
քարտուղարներն ասում են, որ բացի մարդկանց առատ հոսքից ու դրանից առաջացող բազմաթիվ
բարդություններից, նաեւ իրենց գործն է անցյալ տարվա համեմատ մեկ շաբաթով հետ ընկել:
Հետեւաբար այս տարի դիմումների ընդունման նախավերջին շաբաթվա ցուցանիշները
մոտավորապես համընկնում են անցյալ տարի դիմումների ընդունման գործընթացի կեսին գրանցվածներին։
Ի տարբերություն աշխատանքային առաջին շաբաթվա, երբ որոշ բուհերում ընդամենը 10 դիմում
էր գրանցվել, վերջին մի քանի օրվա ընթացքում դրանց թիվը օրական 100-ի է հասնում։
«Եթե նախորդ տարիներին օրական մոտավորապես 30 դիմում էինք գրանցում, այս տարի այդ
թիվը վերջին օրերին հասնում է 60-100-ի։ Սրա պատճառը ատեստատների ուշ հանձնումն է։
Մինչ այսօր մեր համալսարանում գրանցվել է 400-ից ավելի դիմում»,- երեկ զրույցի ժամանակ
ասաց Երեւանի Բժշկական համալսարանի ընդունող հանձնաժողովի պատասխանատու քարտուղարի
տեղակալ Կոնստանտին Մանուկյանը։ Նա նաեւ տեղեկացրեց, որ հուլիսի 7-ի տվյալներով առավելագույն
դիմումներ գրանցվել են ընդհանուր բժշկության (199), ստոմատոլոգիական (49), դեղագործական
(20) բաժիններում։ Նախորդ տարի եւս այս բաժիններում էին գրանցվել առավելագույն դիմումներ։
Իսկ նշված երեք եւ ռազմաբժշկական բաժնի համար հատկացված են 148 պետպատվերով եւ շուրջ
300 վճարովի տեղեր։ Մանկավարժական համալսարանի ընդունող հանձնաժողովի նախագահ
Սպարտակ Փալիկյանը տեղեկացրեց, որ աշխատանքերը լարված են ընթանում, քանի որ դիմորդների
մեծ հոսք է նկատվում։ Մինչ օրս 900 դիմում է գրանցվել: Չնայած նախորդ տարվա համեմատ
դրանց քանակը 300-ով քիչ է, սակայն բոլոր դիմումները կուտակվել են մի քանի օրվա վրա։
Առավելագույն դիմումներ՝ 116, գրանցվել է տարրական կրթության մանկավարժություն եւ
մեթոդիկա բաժնում եւ պատմություն մասնագիտության համար՝ 81 դիմում։ Պետական ճարտարագիտական
համալսարանում, ընդունող հանձնաժողովի պատասխանատու քարտուղար Արտաշես Թադեւոսյանի
տեղեկացմամբ, դեռեւս գրանցվել է 467 դիմում, առավելագույնը՝ 148 դիմում կոմպյուտերային
համակարգեր եւ ինֆորմատիկայի դեպարտամենտ բաժնում։ Իսկ պետպատվերով տեղերը այս բաժնում
ընդամենը 85-ն են։ Քանի որ դիմումների գրանցման մեծ հոսք կա, համալսարանի ընդունող
հանձնաժողովը այսօրվանից 10-ից 18-ի փոխարեն կաշխատի 9-ից 18-ը։ Դիմումների ընդհանուր
քանակը այս բուհում 100-ով զիջում է նախորդ տարվա ցուցանիշներին։ Երեւանի
Տնտեսագիտական համալսարանում էլ 681 դիմում է գրանցվել, առավելագույնը՝ պետական տնտեսագիտության
բլոկում։ Երեւանի Պետական համալսարանում ամենից շատ դիմումներն են գրանցվել՝
2350: Ընդունող հանձնաժողովի պատասխանատու քարտուղար Վաչագան Գալստյանը տեղեկացրեց,
որ այս տարվա ցուցանիշներն այնքան էլ չեն տարբերվում նախորդ տարիներից: Ուղղակի,
ինչպես բոլոր բուհերում, այնպես էլ մայր բուհում այս տարի դիմումների ընդունման գործընթացը
դարձյալ հետ է ընկել: Պետհամալսարանում ինչ-որ չափով արդեն նկատելի է, թե
հատկապես որ ֆակուլտետներում է մեծ լինելու մրցակցությունը: Երեկվա տվյալներով՝ դիմումների
քանակով առաջատար է իրավագիտության ֆակուլտետը: Այստեղ գրանցվել է 205 դիմում, իսկ
անվճար տեղերի քանակը 20-ն է: Երկրորդ տեղում ընդհանուր տնտեսագիտության ֆակուլտետն
է, որտեղ արդեն գրանցվել է 175 դիմում՝ 25 անվճար տեղի համար: Ռոմանագերմանական ֆակուլտետի
անգլերեն բաժին դիմել է 169 հոգի՝ անվճար 15 տեղի համար: Հայոց լեզու եւ գրականություն
ֆակուլտետ էլ դիմել է 152 հոգի՝ անվճար 40 տեղի համար: Իսկ քաղաքագիտության եւ միջազգային
հարաբերությունների ֆակուլտետների անվճար 10-ական տեղերի համար գրանցվել է համապատասխանաբար
113 եւ 115 դիմում: Վ. Գալստյանը վստահեցրեց, որ որեւէ արտակարգ դեպք չի գրանցվել,
քանի որ ընդունող հանձնաժողովներում ամեն ինչ անում են՝ ստեղծված բարդ իրավիճակից
դուրս գալու համար: ՏԱԹԵՎ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել