Լրահոս
Օրվա լրահոսը

Գյումրեցիներին էլ են խաբել

Հուլիս 11,2006 00:00

«ՎիվաՍելլի»
անունից ներկայացած կեղծ գովազդային գործակալները շարունակում են վերալիցքավորման
քարտեր կորզել միամիտ բաժանորդներից: «ՎիվաՍելլի» գյումրեցի բաժանորդներին
ներկայանալով որպես ընկերության գովազդային գործակալ՝ խաբեբաները զանգել են ու վստահեցնելով,
թե «դուք շահել եք 107 հազար դրամ եւ Pentium 4 համակարգիչ»՝ նրանց 9 հազար դրամի
կողոպտել: Բաժանորդներից մեկի պատմելով (նրա հեռախոսահամարն է 093.21.16.48)՝ կիրակի
օրը, ժամը 21-ին 093.42.08.26 հեռախոսահամարից բարեհամբույր, 50-60 տարեկան տղամարդու
ձայնով մեկը զանգահարել է ու հայտնել շահումի մասին՝ բաժանորդի առաջ պայման դնելով
«շահումը վավերացնել կես ժամվա ընթացքում եւ գնել «ՎիվաՍԵլլի» երկու հատ 4500 դրամանոց
կամ էլ երեք հատ 3000 դրամանոց «ալո» քարտեր, այլապես կզրկվի Pentium 4-ից եւ գումարից»:
Ըստ բաժանորդի, ընկերության անունից ներկայացած ինքնակոչն իրենից անգամ հաշվեհամար
է խնդրել՝ հայտնելով, որ իրենց «կոմպանիան համագործակցում է «Հայխնայբանկի» հետ,
եւ մենք շահած գումարը կարող ենք փոխանցել քաղաքակիրթ տարբերակով՝ բանկով»: Ի դեպ,
«ՎիվաՍելլի» կեղծ գովազդային գործակալներից տուժած մայրաքաղաքի բաժանորդներին էլ
վստահեցրել էին, թե իրենք համագործակցում են «Հայէկոնոմբանկի» հետ եւ շահումը կարող
են ստանալ այդ բանկի ցանկացած մասնաճյուղից: Գյումրեցի բաժանորդի այն հարցին, թե
ի՞նչ շահում է դա, կեղծարարը մի բան էլ զարմացել է, թե ինչպես կարելի է «ՎիվաՍելլի»
բաժանորդ լինել ու չիմանալ շահումների ակցիայի մասին, որն անգամ հեռուստատեսությամբ
է գովազդվում: Մի խոսքով՝ վերջինս այնպես է համոզել բաժանորդին, որ նա կես
ժամվա ընթացքում գնել է երեք հատ 3 հազար դրամանոց «ալո» քարտ ու զանգահարել է իր
հեռախոսի վրա ֆիքսված հեռախոսահամարով, որին ի պատասխան՝ կեղծ վիվասելլցին «ՎիվաՍելլը
ձեզ լսում է» նախաբանով պահանջել է թելադրել քարտերի ծածկագրի թվերը: Հավաստիացնելով,
թե մեկ րոպեից կզանգի եւ կհայտնի շահումի փոխանցման հաշվեհամարը՝ անջատել է հեռախոսը
եւ անհետացել: Ներկայումս այդ հեռախոսահամարը գոյություն չունի: ՆՈՒՆԵ
ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել