Լրահոս
Օրվա լրահոսը

ՇԱՀՈՒԹԱՀԱՐԿԻՑ ԽՈՒՍԱՓԵԼՈՒ ՁԵՎԸ ԳՏԵԼ ԵՆ

Հուլիս 11,2006 00:00

Հարկային արտոնությունից օգտվելու համար կամ ընկերության տերը պետք է հայ չլինի, կամ ընկերությունը օտարերկրացու հետ համատեղ ձեռնարկություն դարձնի:

Ցեմենտի շուկայում գործող երկու խոշոր ընկերությունները՝ «Միկացեմենտն» ու «Արարատցեմենտը» անցյալ եւ նախանցյալ տարի օգտվել են շահութահարկի 50 եւ 100 տոկոս նվազեցման արտոնությունից եւ որպես օտարերկրյա ներդրումով ռեզիդենտ կազմակերպություններ, պետությանը վճարել են շահութահարկի կեսը: Ընդ որում, «Արարատցեմենտը» նախանցյալ տարի ընդհանրապես շահութահարկ չի վճարել՝ օգտվելով նույնիսկ ոչ թե 50, այլ շահութահարկի 100 տոկոս նվազեցման բացառիկ արտոնությունից: Թե էլ որ ընկերություններն են օգտվել շահութահարկ չվճարելու արտոնությունից, տեղեկանում ենք հարկային պետական ծառայության՝ վերջերս հրապարակած ցանկից: Խոսքը 70 անուն ընկերությունների մասին է, որոնցից շատերի տերերը մեզ շատ հայտնի օլիգարխներ են եւ խիստ տարօրինակ է թվում, թե այդ ընկերությունները ինչպես են օտարերկրյա ներդրում արել ու հասցրել օգտվել օրենքով նախատեսված արտոնություններից: Հիշեցնենք, որ «Շահութահարկի մասին» օրենքով, արտոնություններ նախատեսվում են գյուղատնտեսության բնագավառի, հաշմանդամ վարձու աշխատողներ ունեցող, օտարերկրյա ներդրումով հայկական կազմակերպությունների եւ էլի մի քանի դեպքերի համար: Տվյալ դեպքում, դատելով հարկայինի հրապարակած ցանկից, ներկայացված հայկական ընկերությունները 1 մլն դոլարից ավելի օտարերկրյա կապիտալ են ներդրել եւ արժանացել շահույթից հարկվող կլորիկ գումարների նվազեցմանը կամ ընդհանրապես չվճարմանը: Ամբողջ խնդիրն այն է, որ թեեւ այդ ընկերություններն իրենց «ուղնուծուծով» մեզ քաջ հայտնի են եւ առաջին հայացքից՝ իրավունք չունեն օգտվելու այդ արտոնություններից, իրականում կամ դրանց տերերը հայ չեն եւ նրանց ներդրումն ընկալվում է որպես օտարերկրյա, կամ ընկերությունները ինչ-որ արտասահմանյան կազմակերպության հետ համատեղ ձեռնարկություններ են:

Ըստ այդմ, շահութահարկի արտոնությունից օգտվողների ցանկում են հայտնվել «Միկա Արմենիա թրեյդինգը», «Կոտայք» գարեջրի գործարանը, «Գրանդ Քենդին», «Մասիս տաբակոն», «Վալենսիա» ՀՁ-ն, Վանաձորում գործող «Մխիթար Գոշ» համալսարանը, «Ռոյալ-Արմենիա» հայ-լիբանանյան ձեռնարկությունը եւ այլն: «Միկա Արմենիա թրեյդինգը» ցանկում 59-րդ տեղում է եւ թե՛ անցյալ, թե՛ նախանցյալ տարի շահութահարկ չի վճարել, այն այս տարի եւս շարունակելու է օգտվել այդ արտոնությունից: Իսկ «Կոտայք» գարեջրի գործարանը, որը նույնպես երկու տարի շարունակ շահութահարկ չի վճարել, այս տարի այլեւս չի օգտվելու այդ արտոնությունից: «Գրանդ Քենդին», «Շողակնը», «Երեւանի կոնյակի գործարանը», «Երեւան» հյուրանոցը եւ «Պաքսան Երեւանը» ինչպես 2004-ին եւ 2005-ին, այնպես էլ այս տարի շարունակելու են վճարել շահութահարկի միայն կեսը:

Օտարերկրյա ներդրումով ընկերությունների համար նախատեսված արտոնություններից են օգտվում նաեւ «Գրիար» եւ շաքարավազ ներկրող «Ֆլիտֆուդ» ընկերությունները: Վերջինիս ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության հանձնաժողովը մի քանի շուկաներում ճանաչել է գերիշխող դիրք ունեցող: Ինչ վերաբերում է «Գրիարին», մեր տեղեկություններով՝ այն Կենտրոնի կառուցապատմամբ զբաղվող ռուսական ներդրումով շինարարական ընկերություն է:

Ընդհանրապես ցանկում բավական մեծ տեղ են գրավում ռուսական կապիտալով ընկերությունները: Շահութահարկ չվճարող ընկերությունների մի մասը հանձնվել է Ռուսաստանին՝ «գույք՝ պարտքի դիմաց» գործարքով, օրինակ՝ «Ռուսալ Արմենալը», «ՌԱՕ Մարսը»: Ընդ որում, «Ռուսալ Արմենալը» անցյալ, նախանցյալ եւ այս տարի էլ օգտվում է արտոնությունից 50 տոկոսով, իսկ «ՌԱՕ Մարսը» օգտվել է միայն նախանցյալ տարի, բայց՝ 100 տոկոսով: Ցանկում ընդգրկված է նաեւ «Հրազդան ՋԷԿ»-ը, որը նոր-նոր ենք հանձնել ռուսներին: Այն անցյալ տարի ընդհանրապես շահութահարկ չի վճարել, եւ այս տարի էլ շարունակելու է նույն ոգով: Ինչ վերաբերում է ռուսական կապիտալով ընկերություններին, շահութահարկ չվճարողների կամ կիսով չափ վճարողների թվում են «ՀայՌուսգազարդը» եւ «Հայաստանի էլեկտրական ցանցերը»: Ի դեպ, «Գազպրոմ» ընկերության 2005-ի պաշտոնական հաշվետվության համաձայն, «ՀայՌուսգազարդի» զուտ շահույթը ֆինանսական հաշվետվության միջազգային չափանիշներով ավելացել է գրեթե կրկնակի անգամ՝ հասնելով 65 մլն ռուբլու:

Հատկանշական է, որ շահութահարկի 50 եւ 100 տոկոս նվազեցման արտոնությունից օգտվող ընկերությունների մեծ մասը այս տարվա 300 խոշոր հարկատուների ցանկում առաջին 50 հորիզոնականում է: Օրինակ՝ «ՀայՌուսգազարդը» այդ ցանկում նույնիսկ առաջին եռյակում է, «Հայէլցանցերը»՝ 8-րդ, «Գրանդ տոբակոն»՝ 9-րդ, իսկ «Ինտերնեյշնլ Մասիս տաբակը»՝ 11-րդ հորիզոնականում: Շահութահարկ չվճարողներից կամ մասամբ վճարողներից է «Արմենիա միջազգային օդանավակայանները», որն այս տարվա խոշոր հարկատուների ցանկում 17-րդ տեղում է:

ՀՌԻՓՍԻՄԵ ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել