Լրահոս
Օրվա լրահոսը

ՆՈՐԻՑ ՋԱԽՋԱԽԵՑԻՆ ԹՈՒՐՔԵՐԻՆ

Հուլիս 11,2006 00:00

ՆՈՐԻՑ
ՋԱԽՋԱԽԵՑԻՆ ԹՈՒՐՔԵՐԻՆ ԱԺ փոխնախագահ Վահան Հովհաննիսյանը երեկ
հրավիրած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց, որ հուլիսի 6-8-ը Բրյուսելում անցկացված
ԵԱՀԿ լիագումար նստաշրջանի ընթացքում Հայաստանի խորհրդարանական պատվիրակությանը «հաջողվել
է անցկացնել բոլոր հայամետ եւ տապալել բոլոր հակահայ նախաձեռնությունները»: Վահան
Հովհաննիսյանը հատկապես կարեւորեց այն իրողությունը, որ ԵԱՀԿ փաստաթղթերում առաջին
անգամ, հիմնվելով Չեռնոգորիայի անկախության հանրաքվեի վրա, ներառվել է ազգերի ինքնորոշման
հարցը: «ԵԱՀԿ ԽՎ ընդունած փաստաթղթի մեջ ողջունվեց Սերբիայի քաղաքակիրթ, բարիդրացիական,
եվրոպական արժեքների վրա հիմնված մոտեցումը, որով նա ընդունել է Չեռնոգորիայի անկախության
հանրաքվեն, այլ ոչ թե դրան արձագանքել է տանկերով, օդանավերով եւ ուժի կիրառմամբ:
Մենք արձանագրեցինք դա որպես սահմանների անխախտության եւ ազգի ինքնորոշման իրավունքների
հավասարակշռման հիանալի օրինակ»,- ասել է Վահան Հովհաննիսյանը: Իր խոսքում հայաստանյան
պատվիրակության ղեկավարը նշել է, որ քվեարկության արդյունքը վկայել է ազգերի ինքնորոշման
սկզբունքի ավելի եւ ավելի գերակա դառնալու հանգամանքը: Սակայն, հասկանալի պատճառներով,
նույն փաստաթուղթն արժանացել է Վրաստանի եւ Ադրբեջանի պատվիրակությունների դժգոհությանը:
Հայկական պատվիրակության ղեկավարը հայտարարել է, որ Բրյուսելում մերոնց միաժամանակ
հաջողվել է չեզոքացնել Վրաստանի եւ Ադրբեջանի պատվիրակությունների առաջարկը՝ որ չլուծված
հակամարտությունները պետք է կարգավորվեն վիճելի տարածքներն այն երկրներին վերադարձնելու
ճանապարհով, որոնցից այդ տարածքները փորձում են անկախանալ: Վահան Հովհաննիսյանի խոսքով,
այդ առաջարկներին կողմ է քվեարկել ընդամենը երեք երկիր՝ այդ նույն առաջարկության
հեղինակները եւ Թուրքիան: Ընդ որում, բանաձեւերից մեկը, Վահան Հովհաննիսյանի
հավաստիացմամբ, հաջողվել է կանխել ռուսական պատվիրակության օգնությամբ: Մ.
ԵՍԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել