Լրահոս
Օրվա լրահոսը

Խաղից դուրս

Հուլիս 11,2006 00:00

Ստրասբուրգում ֆրանսիացիները պարտությունն ընդունեցին
արժանապատվորեն Ստրասբուրգ ժամանած հայերիս նախապես զգուշացրին, որ փողոց
դուրս չգանք տեղական ժամանակով 20-ից հետո, քանի որ ֆրանսիացիների արձագանքն անկանխատեսելի
էին համարում ե՛ւ պարտության, ե՛ւ հաղթանակի դեպքում: Հիշեցրին, որ 1998-ին, երբ
Ֆրանսիան դարձել էր աշխարհի չեմպիոն, Փարիզում 4 մարդ էր զոհվել: Սակայն նախազգուշացումը
թուլացրեց ազդեցությունը Գերմանիայի հաղթանակից հետո: Հիշեցնենք, որ Ստրասբուրգում
հավասարապես բնակվում են ե՛ւ ֆրանսիացիներ, ե՛ւ գերմանացիներ: Վերջիններս ուղղակի
փողոցներում գոռալով էին արտահայտում իրենց ոգեւորությունը: Ընդամե՛նը: Իսկ
հուլիսի 8-ի առավոտից Ստրասբուրգը մի վիճակում էր, որ անդիմադրելի էր դարձնում Parc
de L’Etoile՝ կենտրոնական հրապարակ գնալու ցանկությունը: Այնտեղ մի մեծ էկրան էր
կախված, եւ ֆուտբոլասերներն այսպես էին հետեւում խաղին: Դեռ նախօրեին քաղաքացիները
պատուհաններից կախել էին Ֆրանսիայի դրոշը, շատերն իրենց երեսը, թեւերն ու մազերը
ներկել էին ֆրանսիական դրոշի գույներով: Ես անգամ մի շուն տեսա, որին ֆրանսիական
դրոշի գույներով գլխարկ էին դրել: Փողոցներում շրջում էին Ֆրանսիայի հավաքականի համազգեստներով
(գերազանցապես 10-րդի՝ Զիդանի համարով) պատանիներ: Այս հրապարակում քեզ զգում
էիր ինչպես մարզադաշտում, քանի որ այստեղ էլ հավաքականի հետ միասին երգեցին հիմնը,
եւ այստեղ էլ էին իտալացիների 11 մետրանոցների ժամանակ գոռում «ու-ու-ու»՝ կարծես
փորձելով խանգարել նրանց: Էմոցիաների պակաս չկար: Նաեւ այն պատճառով, որ հավաքված
երիտասարդների մեծամասնությունը նաեւ խմում էր՝ գինի կամ գարեջուր, իսկ ոմանք նաեւ
բացահայտ ուռում էին: Հավաքված 15-20 հազար հոգուն հսկում էին ոստիկանական ուժերը,
հրշեջներն ու բժիշկները: Եվ ի դեպ, թեեւ Preventation Securite մակագրությամբ կապույտ
համազգեստավոր ոստիկանները աչալրջորեն հետեւում էին, որ կանգառի տանիքներից իջնեն
երիտասարդները (իսկ նրանք հա փորձում էին բարձրանալ, որ լավ տեսնեն էկրանը), սակայն
անտեսում էին ե՛ւ ուռողներին, ե՛ւ այն, որ ամեն գոլից հետո ամբոխի միջից օդ էին կրակում
աղմուկ հանող պայթուցիկներ (ճիշտ նրանցից, որ գործադրվել էին Հայաստանում 2004-ի
ապրիլի 12-ի գիշերը): Մեկ-մեկ թվում էր, թե կխլանաս կամ պայթուցիկի կտորներից կվնասվես:
Մեծ էր ցանկությունն այս ամբոխից հեռանալու, մանավանդ, երբ արդեն ակնհայտ էր դառնում
Ֆրանսիայի պարտությունը: Հրապարակ գալու ճանապարհին տեսանք, որ Իտալիայի դրոշով մեկին
հանդիպած կին եւ տղամարդ ֆրանսիացիները երկուսն էլ հայհոյեցին: Սակայն բուն հրապարակում
կանգնած էին Իտալիայի դրոշով մի քանի ֆանատներ, որոնք Ֆրանսիայի պարտությունից հետո
էլ մնացին ողջ-առողջ: Իսկ երեկ Բուլղարիայի վարչապետ Սերգեյ Ստանիշեւը ԵԽԽՎ-ում
պատմեց, որ տեսել է, թե պարտությունից հետո ինչպես էին ֆրանսիացիները հանդիպելով
իտալացիներին՝ գոռում. «Վիվա լա Իտալի», իսկ նրանք, իրենց հերթին՝ «Վիվա լա Ֆրանս»:
Ինքս հանդուրժողականության այդ վառ օրինակի ականատեսը չեմ: Ես միայն տեսել եմ, թե
խաղից հետո, խախտելով երթեւեկության բոլոր կանոնները, ինչպես էին հուսահատ ու տխուր
քայլում այս քաղաքի բնակիչները: ԱՆՆԱ ԻՍՐԱՅԵԼՅԱՆ, Ստրասբուրգ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել