Լրահոս
Օրվա լրահոսը

«ԿՈՒՍԱԿՑԱԿԱՆ ԵՎ ՊԵՏԱԿԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑՆԵՐԸ ՉԿԱՊԵԼ ՄԻՄՅԱՆՑ»

Հուլիս 11,2006 00:00

Այս
կարծիքին է ՀՀԿ խմբակցության պատգամավոր Արմեն Աշոտյանը – Այն բանից հետո,
երբ պարզ դարձավ, որ պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանն իր հետագա ճանապարհի համար
ընտրել է Հանրապետականին, պատգամավորների, քաղաքական գործիչների եւ պաշտոնյաների
մեծ հոսք սկսվեց դեպի Հանրապետական կուսակցություն: Դուք սա նորմա՞լ քաղաքական գործընթաց
եք համարում: Ըստ իս, սրա իսկական անունը մեկ այլ տեսակի առնետավազք է: –
Նախ ասեմ, որ Սերժ Սարգսյանը դեռեւս պաշտոնական ոչ մի հայտարարություն չի արել այդ
մասին: Ինչ վերաբերում է ձեր գնահատականին, ապա, կարծում եմ՝ նախընտրական պայքարը
վաղուց է մեկնարկել, եւ նախընտրական արշավի վաղաժամ սկսվելը եւս 2007-ի ընտրությունների
առանձնահատկություններից մեկն է, ինչը ես բնական եմ համարում: Կարծես լրանում է Ռոբերտ
Քոչարյանի գլխավորությամբ գործող քաղաքական համակարգի ժամկետը, եւ հասկանալի է, որ
այս իրավիճակում ոչ այնքան ընդդիմությունն է ակտիվանալու, որքան իշխանության մաս
կազմող քաղաքական ուժերը՝ փորձելով այդպիսով շարունակել այն ռազմավարությունը, որով
երկիրը զարգացել է վերջին ութ-տասը տարիների ընթացքում: Նախընտրական այս փուլի հաջորդ
առանձնահատկությունը կարծում եմ այն է, որ գնում է ուժերի կոնսոլիդացիա: Ակնհայտ
է, որ քաղաքական մշակույթի զարգացման այս փուլում, այսպես կոչված, «գաճաճ» կուսակցությունները
չեն կարող որոշակի ակնկալիքներ ունենալ, եւ սա բավականին ողջունելի գործընթաց է:
Այս տեսանկյունից, կարծում եմ, եւ իշխանական, եւ ընդդիմադիր դաշտում գոնե դաշինքային
զարգացումներ կլինեն, որը կհասցնի կուսակցությունների կորիզացման: Տրամաբանական է,
որ Հանրապետականը, որպես ՀՀ քաղաքական համակարգի ամենաազդեցիկ եւ գործուն քաղաքական
ուժերից մեկը, իր շուրջը համախմբի բոլոր նրանց, ովքեր ունեն ազգային պահպանողական
հայացքներ եւ երկրի զարգացումը տեսնում են Հանրապետականի ծրագրերին համահունչ: –
Տեղեկություններ են տարածվում, որ հետագա զարգացումների սցենարը կլինի այսպիսին՝
հուլիսի 22-ի ՀՀԿ արտահերթ համագումարից հետո վարչապետ Անդրանիկ Մարգարյանը հրաժարական
կտա իր զբաղեցրած պաշտոնից եւ վարչապետ կդառնա պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանը:
Որքանո՞վ է սա իրական եւ ի՞նչ նպատակ է հետապնդում դեպքերի այսպիսի հավանական զարգացումը:
– Ես չէ, որ ձեզ պետք է հիշեցնեմ, որ պարոն Մարգարյանի՝ վարչապետ դառնալուց
անմիջապես հետո, արդեն շուրջ վեց տարուց ավելի, նրա հրաժարականի մասին խոսակցություններ
են տարածվում: Սակայն Անդրանիկ Մարգարյանը իր գործունեությամբ եւ իր գլխավորած քաղաքական
թիմի ուժեղությամբ ապացուցեց, որ նման խնդիրները չեն լուծվում լոկ ինֆորմացիոն պատերազմների
միջոցով: Սա եւս սադրած ինֆորմացիոն հերթական տեղեկություն է եւ ինֆորմացիոն ճնշում:
Նաեւ կցանկանայի նշել, որ պետք չէ կուսակցական գործընթացը կապել պետական գործընթացի
հետ: Հանրապետականը ստանձնել եւ պատվով տանում է ոչ միայն վարչապետի պաշտոնը, այսինքն՝
կառավարության համար պատասխանատվությունը, այլեւ վերջերս ստանձնեց նաեւ ԱԺ-ի համար
պատասխանատվություն: Ինչ վերաբերում է կոնկրետ ձեր ասած «ռակիրովկաներին», կարծում
եմ՝ դա ավելի շատ քաղաքական վերլուծությունների ծայրահեղ դրսեւորման արդյունք է,
քան իրականության հետ որեւէ աղերս ունեցող սցենար: – Ակնհայտ է, որ այսօր
ընդդիմությունը մի տեսակ քշվեց դեպի «լուսանցք»՝ դառնալով հենց լուսանցքային, եւ
քաղաքական բուն գործողությունները իրենց ձեռքն են վերցրել իշխանական ուժերը: Դուք
սա համարում եք նորմա՞լ ժողովրդավարական գործընթաց: – Շատ ցավոտ եւ հետաքրքիր
հարց տվեցիք: Իհարկե, հասկանալի է, որ քաղաքական նորմալ համակարգը պահանջում է գոնե
համազոր ընդդիմություն, որպեսզի հասարակության մեջ ձեւավորվեն քաղաքացիական հասարակության,
ժողովրդավարության էլեմենտներ, եւ քաղաքական դաշտի բալանսիրովկան լինի նորմալ: Դուք
ինքներդ ականատես եք, որ ընդդիմությունը տակտիկական խնդիրները դիտարկել է որպես ստրատեգիական
խնդիրներ, եւ դա է պատճառը, որ ունենք այսպիսի իրավիճակ: Իրոք ուժեղ ընդդիմություն
երկրին պետք է: Այսօր գնում է կուսակցությունների կորիզացման գործընթաց, սակայն եթե
նայենք ձեր նշած չափանիշների շրջանակին, ապա ակնհայտ է, որ այսօր Հայաստանում բացակայում
է լիբերալ գաղափարախոսությամբ քաղաքական ազդեցիկ ուժ, որը իրենով պետք է լցներ քաղաքական
պայքարի այդ ճակատը: Պահպանողական ուժերը՝ ի դեմս Հանրապետականի, կարծես կայացել
են, մեր հասարակությունը իր տեսակով պահպանողական լինելով եւ այդպիսի մտածելակերպով,
հասկանալի է, որ ավելի մեծ համակրանք պետք է ունենա եւ ունի հենց այս ուժի նկատմամբ:
Սոցիալիստական ճակատը կարծես լցոնում է Դաշնակցությունը: Սակայն ակնհայտ է, որ երկրում
իսպառ բացակայում է ազդեցիկ-լիբերալ ուժը: Իհարկե, որոշ կուսակցություններ հավակնում
են այս ճակատում որոշակի դերակատարման, ասենք՝ ՕԵԿ-ը, որը, սակայն, լիբերալիզմը պոպուլիզմի
հետ խառնելով՝ առաջացրեց իրարամերժություն. սա տեսականորեն արդեն հակալիբերալ մոտեցում
է, ուստի, կարծում եմ, այդ ճակատը ՕԵԿ-ը չկարողացավ զբաղեցնել: Այս պահին խորհրդարանական
ուժերից այդ ճակատը զբաղեցնելու համար ամենահավակնոտը կարծես թե ՄԱԿ-ն է, իսկ դրսում՝
ՀՀՇ-ն, որի վերաձեւավորված տարբերակը կարող է հիմք դառնալ հետագայում լիբերալ խոշոր
ճակատի ձեւավորման համար: – Կարծեմ ձեր վերջին հարցազրույցներից մեկում ասել
էիք, որ քանի դեռ Ղարաբաղի հարցը լուծված չէ, Հայաստանում իշխանություն են լինելու
արցախյան պատերազմով անցած գործիչներն ու ուժերը: Սակայն ժամանակին, երբ Վազգեն Սարգսյանը
դարձավ վարչապետ, նույն այդ կռվածներին եւ պատերազմի բովով անցածներին հրահանգեց
(մեջբերումը բառացի չէ), որ ինչ արել՝ արել են, կռիվը թողնում են, արյունը եւ զենքը
թողնում են, ամեն մեկը իր գործով է զբաղվում: Հիմա դուք կարծես հակասում եք Սպարապետի
այս պատգամին: – Չեմ կարծում հակասություն կա, եւ եթե հարկ կա մանրամասնեմ,
թե այդպես ասելով՝ որ կուսակցություններին նկատի ունեմ. բնականաբար, Հանրապետականը,
ՀՅԴ-ն, «Հանրապետություն» կուսակցությունը, նույն ՀՀՇ-ն, ԱԺՄ-ն, այսինքն՝ մարդիկ,
ովքեր անցել են Ղարաբաղով, Ղարաբաղը իրենց քաղաքական կենսագրության մի մասն է եղել:
Եվ հաշվի առնելով այն, որ Ղարաբաղը դեռեւս գերագույն կարեւոր խնդիր է մնում մինչ
այսօր եւ, ցավոք, կարծես մնալու է այդպիսին դեռ երկար ժամանակ, ուստի, քանի դեռ ԼՂ
հարցը չի լուծվել, ես բացառում եմ այլ ուժերի՝ իշխանության գալը, որոնք որեւէ կապ
չեն ունեցել Ղարաբաղի, պատերազմի հետ: ՄԱՐԳԱՐԻՏ ԵՍԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել