Լրահոս
Օրվա լրահոսը

ՈՒԶՈ՞ՒՄ ԵՍ ԺՈՂՈՎՐԴԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ՝ ՊԱՅՔԱՐԻ՛Ր

Հուլիս 11,2006 00:00

Եվրոպայի
խորհրդի քաղաքական դասընթացների դպրոցների Ժողովրդավարության ամառային համալսարանում
երեկ ասաց ԵԽ գլխավոր քարտուղար Թերի Դեւիսը: Եվրոպայի խորհրդի հովանու ներքո
գործող քաղաքական դասընթացների 11 դպրոցները (վերջինը Երեւանում ստեղծվածն է) այս
տարի առաջին անգամ Ստրասբուրգում միասին են հավաքվել՝ քննարկելու ներկայիս Եվրոպայում
ժողովրդավարությանն ուղղված մարտահրավերները: Համառոտ ներկայացնելու համար այս դասընթացները՝
նշենք, որ 2005-ի մայիսի 16-17-ը Վարշավայում կայացած ԵԽ անդամ 46 պետությունների
ղեկավարների վեհաժողովում այս դպրոցները կարեւորվել են Եվրոպայում ժողովրդավարությունն
ամրապնդելու առումով: Իսկ ԵԽ-ում Ֆրանսիայի մշտական ներկայացուցիչ, դեսպան Բրունո
Գեյնը երեկ այս համալսարանն անվանեց ԵԽ այս տարվա գլխավոր իրադարձություններից մեկը:
15 երկրներից (հրավիրվել են նաեւ պատվիրակություններ Ալբանիայից, Ադրբեջանից
ու Բոսնիա-Հերցեգովինայից, որտեղ նման դպրոցներ դեռ նոր պիտի բացվեն) 500 պատվիրակների
հավաքներն անցկացվում են Եվրոպայի պալատի մեծ դահլիճում, ուր սովորաբար իր նիստերն
է անցկացնում ԵԽ խորհրդարանական վեհաժողովը: Քաղաքական դպրոցների մասնակիցների առջեւ
երեկ ելույթով հանդես եկավ Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Թերի Դեւիսը, որը
նախ ցավակցություն հայտնեց Իրկուտսկում A-310 օդանավի աղետի կապակցությամբ: Իսկ հետո
մի շարք դիտարկումներ հայտնեց ժողովրդավարության մասին. «Եթե մենք ուզում ենք ժողովրդավարություն՝
պիտի պայքարենք դրա համար: Այն ոչ միայն Ընտրական կամ որեւէ այլ օրենսգիրք է, այլ
վարքականոն, մտածողության կերպ եւ տրամադրվածություն»: Եվ այս կապակցությամբ կարեւորեց
այս դպրոցների դերը՝ նշելով, թե 1992-ին Մոսկվայում առաջին դպրոցի հիմնումից հետո
այս դասընթացները համախմբում են մարդկանց, ովքեր մտածում եւ գործում են ժողովրդավարորեն:
(Քաղաքական դասընթացների մոսկովյան դպրոցի շրջանավարտներից մեկը՝ Բուլղարիայի վարչապետ
Սերգեյ Ստանիշեւը երեկ նույնպես ելույթ ունեցավ հավաքի մասնակիցների առջեւ):
Ըստ Թերի Դեւիսի, ժողովրդավարության ներկայիս զարգացման ամենագլխավոր խնդիրն այն
անհրաժեշտությունն է, որ քաղաքացիները մասնակցեն քաղաքական գործընթացներին. «ԵԽ անդամ
պետությունների ընտրազանգվածի նշանակալի մասն արդեն կորցրել է հետաքրքրությունը քաղաքականության
նկատմամբ: Սակայն ժողովրդավարությունը չի կարող գործել առանց ընտրողների: Միեւնույն
ժամանակ, գնալով ավելի ու ավելի շատ մարդիկ են, դժգոհ լինելով գործող քաղաքական կուսակցություններից,
փնտրում այնպիսի քաղաքական գործիչների, որոնք ծայրահեղ դիրք են զբաղեցնում քաղաքական
ասպարեզում՝ պոպուլիստների, իսկ հաճախ անգամ՝ էքստրեմիստների, որոնք անամոթաբար օգտվում
են մարդկանց նախապաշարումներից: Այդ մարդիկ բացարձակապես շահագրգռված չեն իրական
լուծումների փնտրտուքով: Նրանք շահարկում են մարդկանց դժբախտությունը»: Ըստ Եվրոպայի
խորհրդի գլխավոր քարտուղարի՝ այս իրավիճակը պայմանավորված է դրդապատճառների մի բարդ
փնջով. «Եթե մարդիկ կորցրել են հավատը քաղաքական ինստիտուտների նկատմամբ, մենք պետք
է հարցնենք՝ ինչո՞ւ»: Նրա կարծիքով, պետք չէ բողոքներին պատասխանել փաստարկով, թե
հարցադրումները սխալ են. «Չե՛ն լինում սխալ հարցեր: Լինում են միայն սխալ պատասխաններ:
Եվ եթե մենք չենք կարող տալ ճիշտ պատասխաններ՝ պոպուլիստներն ու էքստրեմիստները մեր
փոխարեն կտան սխալ պատասխաններ: Եվ եթե ուզում ենք, որ գործի ժողովրդավարությունը՝
մեզ պետք են մարդիկ, որոնց անձնական հատկությունները, տրամադրությունները եւ գիտելիքները,
իրազեկությունը, հարգանքը մյուսների հանդեպ, հասարակության հանդեպ ընդհանրապես վերաբերմունքը
հնարավորություն կտան գործել մեզ ժողովրդավարաբար»: Նշենք. որ համալսարանի
առաջին նիստը հերթական անգամ դարձավ ռուսների եւ վրացիների բախման ասպարեզ, ուր արծարծվեց
Վրաստանի՝ ԱՊՀ-ից դուրս գալու հարցը: Սակայն քննարկման մանրամասները կներկայացնենք
վաղը, իսկ այժմ եզրափակենք Թերի Դեւիսի ելույթից եւս մի մեջբերումով. «Ժողովրդավարությունը
գործընթաց է, այլ ոչ թե իրադարձություն: Եվ դա ոչ միայն ընտրությունների անցկացում
է՝ մի քանի տարին մեկ: Հասարակական կյանքին մասնակցությունը ժողովրդավարության զարգացման
բանալին է»: Ըստ ԵԽ գլխավոր քարտուղարի՝ հասարակության անտարբերությունը հաղթահարելը
հենց պայքար է ժողովրդավարության համար: ԱՆՆԱ ԻՍՐԱՅԵԼՅԱՆ Ստրասբուրգ
Հ. Գ. Մի թեւավոր ասույթ էլ երեկ հեղինակեց Մոդ դը Բոեր-Բուքիքիոն.
«Ժողովրդավարությունը պիտի ավելի արագ պարի, քան մնացած աշխարհը, թեկուզ տեղում մնալու
համար»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել