Լրահոս
Օրվա լրահոսը

Հուլիս 08,2006 00:00

ԱՐՄԵՆ ՇԵԿՈՅԱՆ
ՀԱՅԿԱԿԱՆ ԺԱՄԱՆԱԿ

Գլուխ յոթերորդ

ՇԱՐՈՒՆԱԿՎՈՂ ՏԱՆԳՈ

– Հիմի մի բան որ ասեմ՝ կարող ա՞ էլի ջղայնանաս, Թամրազյան ջան,- հարցրեց Նորան:

– Ասա,- ասաց Թամրազյանը:

– Էդ շաբաշները իզուր ես ըտենց շաղ տալի,- ասաց Նորան:

– Ի՞նչ շաբաշներ,- հարցրեց Թամրազյանը:

– Էդ տասանոցները՝ որ Նորոյին տալիս ես,- ասաց Նորան:

– Լա՛վ եմ անում,- գոռաց Թամրազյանը, հետո ձայնը ցածրացնելով՝ ասաց.- էդ բերածդ բոլոր տասանոցները Նորայրին եմ տալու. մինչեւ ռեստորանի փակվելը պիտի «Երեքնուկը» երգի:

– Մեկ ա՝ Սամսոնը որ իմանա էդքան տասանոցներն իրան ես տվել, իրա ձեռից կառնի ու էլի հետ կտա քեզ,- ասաց Նորան:

– Սամսոնը ո՞նց պիտի իմանա, որ Նորայրին տասանոցներ եմ տվել,- զարմացավ Թամրազյանը:

– Վախում ես չհասցնե՞ն,- ասաց Նորան:

– Ո՞վ պիտի հասցնի. դո՞ւ,- լարվեց Թամրազյանը:

– Ամոթ չի՞, պրոֆեսո՛ր ջան. ես խոսք հասցնող աղջիկ ե՞մ,- նեղացավ Նորան:

– Բա Սամսոնն ումի՞ց պիտի իմանա, որ Նորայրին շաբաշ եմ տվել,- հարցրեց Թամրազյանը:

– Էս ռեստորանում ճանճը որ տզզա՝ մի րոպեից Սամսոնն իմանում ա,- ասաց Նորան:

– Ավելի՛ լավ. թող իմանա,- ասաց Թամրազյանը:

– Ձե՞զ ինչ կա,- ասաց Նորան.- որ Սամսոնն իմանա՝ Նորոն քեզանից էդքան փող ա վեկալել, իրան վայ թե աշխատանքից էլ հանի:

– Ղալա՛թ կանի,- գոռաց Թամրազյանը:- Որ Նորայրն էստեղ չերգեր, կարծում ես՝ մենք էստեղ կգայի՞նք:

– Ուրեմն՝ մենակ Նորոյի համար ե՞ք մեր ռեստորան գալի,- նեղացավ Նորան:

– Նաեւ քե՛զ համար,- ժպտաց Թամրազյանը:- Բայց այսօր Սամսոնն ու դու ինձ շատ անհարմար վիճակի մեջ դրիք:

– Ի՞նչ իմաստով,- հարցրեց Նորան:

– Մեր էս սեղանի հաշվի իմաստով,- ասաց Թամրազյանը:- Քո կարծիքով՝ մեր էս ամբողջ կերածն ու խմածը տասնհինգ ռուբլու պատմություն է՞ր:

– Տասնչորս ռուբլի, յոթանասուն կոպեկ,- ծիծաղեց Նորան.- էն երեսուն կոպեկը հաշվի մեջ չի, պրոֆեսո՛ր ջան:

– Քո ասածից քո ծիծաղն էլ եկավ,- ասաց Թամրազյանը:

– Ես ուրիշ բանի վրա եմ ծիծաղում,- շարունակեց ծիծաղել Նորան:

– Ինչի՞ վրա ես ծիծաղում,- զարմացավ Թամրազյանը:

– Փաստորեն, դուք Նորոյի էդ «Երեքնուկի» վրա ավելի շատ փող ընկաք, քան թե՝ ձեր էս կերածների ու խմածների վրա,- նորից ծիծաղեց Նորան:

– Էն մնացած տասանոցներն է՛լ եմ Նորայրին տալու,- ասաց Թամրազյանը:

– Չուտողի մալը ուտողին հալալ է,- ասաց Լիզան:

– Ջահել աղջիկ ես, բայց պառավական բաներ ես ասում,- Լիզային թարս նայեց Նորան:

– Շատ էլ ճիշտ է ասում,- ասաց Թամրազյանը:- Էս մնացած տասանոցներն էլ եմ Նորայրին տալու, որ մինչեւ ռեստորանի փակվելը «Երեքնուկը» երգի, եւ ես ու դու էլ միասին պար գանք:

– Պրոֆեսո՛ր ջան, գիտես թե՝ մեր էդ պարելը վրես էժան ա՞ նստելու,- ասաց Նորան:

– Այսի՛նքն,- ասաց Թամրազյանը:

– Հես ա Սամսոնին հասցնելու են, որ Նորան կլիենտի հետ պարել ա, էն էլ՝ տանգո,- ասաց Նորան:

– Չեմ հասկանում. Սամսոնը պարելն էլ է՞ արգելել,- վրդովվեց Թամրազյանը:

– Ես, փաստորեն, էս պահի դրությամբ աշխատանքի մեջ եմ,- ասաց Նորան:- Սամսոնը որ իմանա պարել եմ՝ հերս կանիծի:

– Իրեն կասես՝ ե՛ս եմ զոռել, որ հետս պարես,- ասաց Թամրազյանը:

– Կապ չունի,- ասաց Նորան.- ինքը մեզ կլիենտի հետ շփվե՛լն ա դաժե արգելել, ուր մնաց՝ կլենտի հետ պարես:

– Ես սովորական կլիենտ չեմ,- ժպտաց Թամրազյանը:

– Մի հատ ռուս աղջիկ ունեինք,- ասաց Նորան.- Սամսոնն էդ խեղճ Օլյային կլենտի հետ ընդամենը մի անգամ պարելու համար գործից հանեց:

– Ընկեր Թամրազյանի հետ պարելու համար դժվար թե համարձակվի էդպիսի բան անել,- ասաց Լիզան:

– Իրան չեք ճանաչում,- ասաց Նորան:- Էս մեր Նորիկի քթից էդ տասանոցները մեկ առ մեկ ա հանելու:

– Ուրիշները կխնդրեն, որ Նորիկն իրենց մոտ երգի,- նոր ծխախոտ վառելով՝ ասացի ես:

– Էդ թույնից մի հատ էլ ինձ տուր, Արմեն ջան,- ասաց Թամրազյանը:

– Նորայրը հրաշալի է երգում,- ասաց Լիզան:

– Էս մակարդակի երգիչները փողոցում թափած չեն,- ասացի ես՝ Թամրազյանի ծխախոտը վառելով:

– Իր վրա որ մի քիչ աշխատի՝ էդ ժողգործիքների երգիչներից առաջ կանցնի,- ծխախոտի ծուխը ներս քաշելով՝ ասաց Թամրազյանը:

– Էսպես է՛լ է առաջ անցած,- ասաց Լիզան:

– Է՞ս ինչ էր,- սիրտը բռնելով ու խորը շունչ քաշելով՝ ասաց Թամրազյանը:

– Ի՞նչ էղավ, Թամրազյա՛ն ջան,- վախեցած ճչաց Նորան:

– Հե՛չ,- ասաց Թամրազյանը՝ տվածս սիգարետը մոխրամանի մեջ ճզմելով.- սիրտս է: Իզուր էս թույնն ուզեցի:

– Հիմի դեղ կբերեմ, պրոֆեսո՛ր ջան,- ասաց Նորան:

– Անցավ,- խորը շունչ քաշելով՝ ասաց Թամրազյանը:

– Սամսոնի դարակում հազար տեսակ սրտի դեղ կա,- ասաց Նորան:

– Սամսոնի սիրտն էլ է՞ վատ,- հարցրեց Թամրազյանը:

– Բա ի՞նչ ա,- ասաց Նորան:- Ինքը համ մեզ ա վատացնում, համ էլ՝ իրան: Գնամ՝ իրա էդ դեղերից բերեմ:

– Ձեզ վատ ե՞ք զգում, ընկեր Թամրազյան,- հարցրեց Լիզան, երբ Նորան արդեն գնացել էր:

– Հիմա արդեն լավ եմ,- ասաց Թամրազյանը:- Էդ ծուխը չպիտի՛ ներս քաշեի:

– Համարյա չծխեցիք,- ասացի ես.- նոր-նոր էիք վառել:

– Քեզ մի՛ արդարացրու,- ինձ խեթ-խեթ նայեց Լիզան:

– Ի՞նքն ինչ մեղք ունի,- ասաց Թամրազյանը:

– Չպիտի՛ ծխախոտ տար,- ասաց Լիզան:

– Որ խնդրեցի՝ ո՞նց չէր տա,- ասաց Թամրազյանը:

– Միգուցե իսկական թույն էիք խնդրում՝ պիտի տա՞ր,- հարցրեց Լիզան:

– Էս անտերը, պարզվում է, իսկական թույնից էլ բեթար է,- ասաց Թամրազյանը.- զարմանում եմ՝ ո՞նց եմ քսան տարուց ավել էս թույնին դիմացել:

– Որ ծխելը թարգել եք, երեւի ձեր օրգանիզմը ծխախոտից հետ է վարժվել,- ասացի ես:

– Քեզ մի՛ արդարացրու,- ծիծաղեց Լիզան:- Պառավոզի պես վրա-վրա ծխում ես:

– Սա ինձ համար շատ լավ փորձություն էր,- ասաց Թամրազյանը.- սրանից հետո արդեն կզգուշանամ: Պարզվում է՝ խախուտ սիրտը կատակներ չի հանդուրժում:

– Էս Սամսոնի ամենալավ դեղն ա, Թամրազյա՛ն ջան,- հայտնվեց Նորան:

– Ի՞նչ դեղ է,- հարցրեց Թամրազյանը:

– Վալոկարդին,- ասաց Նորան:

– Դրանից երբեմն օգտագործում եմ,- ասաց Թամրազյանը:

– Որ ստուգողներ են գալի ու հետո որ գնում են, Սամսոնը մի երեսուն կաթիլ սրանից խմում ու հանգստանում ա:

– Էդ վալոկարդինն ինձ էլ է օգնում,- ասաց Թամրազյանը:

– Սամսոնը միշտ էդ ա խմում,- ասաց Նորան:

– Սամսոնի սրտի՞ն ինչ է եղել,- հարցրեց Թամրազյանը:

– Ինչ որ էղել ա՝ Սամսոնի սրտին ա էղել,- ասաց Նորան.- ցավերը որ բռնում են՝ էդ գելուգազանի պես մարդն առաջներս էրեխի պես խեղճանում ա:

– Մտքովս անգամ չի անցել, որ Սամսոնը կարող է սրտի հետ կապված հարցեր ունենալ,- ասաց Թամրազյանը.- ախր էդ մարդը ո՛չ խելք ունի, ո՛չ էլ՝ մեղք:

– Պրոֆեսոր մարդ ես, բայց չարաչա՛ր ես սխալվում, Թամրազյա՛ն ջան,- ասաց Նորան.- ինքը համ ծովի չափ խելք ունի, համ էլ՝ ծովի չափ մեղք:

– Չեմ զգացել,- ասաց Թամրազյանը:

– Պիտի իրա հետ աշխատես, որ զգաս,- ասաց Նորան.- մինչեւ մարդու հետ չաշխատես՝ էդ մարդուն մոտիկից չես կարա ճանաչես:

– Չէի մտածում, որ Սամսոնը սրտի հետ կապված խնդիրներ ունի,- ասաց Թամրազյանը:

– Էն էլ ո՜նց ունի,- ասաց Նորան:- Ինքը համ իրա՛ սիրտն ա վարի տալի, համ էլ՝ մերը:

– Ես էլ կարծում էի՝ էստեղ ուրախ ու զվարթ իրար հետ աշխատում եք,- ասաց Թամրազյանը:

– Էդ դրսից ա ըտենց էրեւում, պրոֆեսո՛ր ջան,- ասաց Նորան:- Ամեն աշխատանք իրա բարդություններն ունի, ավելի ճիշտ՝ բարդությունը ոչ թե աշխատանքից ա գալի, այլ՝ աշխատողներից: Իբր թե՝ մեր էս կյանքը քիչ ա բարդ, մարդիկ էլ ավելի են բարդացնում:

– Ճիշտ ես ասում,- ասաց Թամրազյանը:

– Ամեն մեկն իրա դարդերն ու իրա դժվարություններն ունի, բայց ամեն մեկը մենակ իրա դարդերն ու դժվարություններն ա պատկերացնում: Ոչ մեկն ուրիշի դժվարությունների մեջ չի խորանում, դրա համար էլ ոչ մեկն ուրիշի դժվարությունները չի պատկերացնում: Որ չխորանաս՝ ո՞նց կպատկերացնես: Ճիշտ չեմ ասո՞ւմ, Թամրազյան ջան,- հարցրեց Նորան:

– Շատ ճիշտ ես ասում,- ասաց Թամրազյանը:- Հիմնարկի ղեկավարը պարտավոր է իր աշխատողների հոգսերի ու կարիքների մասին առնվազն տեղյակ լինել:

– Պատկերացրու՝ ես Սամսոնի դարդերից ավելի եմ խաբար, քան ինքը՝ իմ,- ասաց Նորան:- Բամբասել չըլնի՝ ես իրան ավելի եմ խղճում, քան ինքը՝ ինձ: Բամբասելու իմաստով չեմ ասում, Թամրազյան ջան: Մարդ ենք՝ խոսում ենք: Քեզանից լավ մարդու առա՞ջ սիրտս պիտի բացեմ: Ինչքան չըլնի՝ Պարույրի ընկերն ես:

– Պարույրի կենացը շատ ջանջալացրինք. խմե՛նք,- բաժակը բարձրացնելով՝ ասաց Թամրազյանը:

– Էդ վիճակում ո՞նց եք խմում, ընկե՛ր Թամրազյան,- ասաց Լիզան:

– Ի՞նչ վիճակ,- զարմացավ Թամրազյանը:

– Նորից կվատանաք,- ասաց Լիզան:

– Էս օղին սրտիս ավելի լավ է, քան՝ էդ վալոկարդինը: Ուղղակի՝ էդ թույնը չպիտի ներս քաշեի: Երեւի օրգանիզմս հետ է վարժվել:

– Ես որ իմանայի՝ չէի տա,- ասացի ես:

– Մի՛ փորձիր արդարանալ,- ծիծաղեց Լիզան:

– Պարույրի կենացը,- ասաց Թամրազյանը:- Նորան ճիշտ է ասում. չարժե կենացներն իրար խառնել:

– Պարույրի կենդանի կենացը,- բաժակը բարձրացնելով՝ ասաց Նորան, եւ մենք լուռ խմեցինք:

– Հիմա արդեն պարելու ժամանակն է,- ասաց Թամրազյանը եւ տասանոցների կույտը սեղանից հավաքելով՝ տեղից վեր կացավ, մոտեցավ նվագախմբին, Նորոյին մի կողմ կանչեց, ականջին ինչ-որ բան ասաց, հետո տասանոցների կույտը խցկեց Նորոյի շալվարի գրպանը, եւ երբ Նորոն փորձեց գրպանից փողերը հետ հանել, Թամրազյանն, ըստ երեւույթին, սաստեց նրան, եւ Նորոն հնազանդվելով՝ մոտեցավ նվագողներին, իսկ Թամրազյանը վերադառնալով ու մոտենալով մեր սեղանին՝ ասաց.

– Պարում ենք բոլո՛րս:

– Ի՞նչ պարել,- զարմացավ Նորան:

– Ինչի՞ վախեցար,- ասաց Թամրազյանը:- Ընդամենը ասում եմ՝ պարենք. մեծ բան ե՞մ խնդրում:

– Ե՞ս խի պիտի վախենամ,- զարմացավ Նորան:

– Եսիմ,- ասաց Թամրազյանը:- Աշխատանքի մեջ ես:

– Աշխատանքի վրա թքա՛ծ,- ասաց Նորան:- Ես քո համար եմ վախենում, Թամրազյա՛ն ջան. վախենում եմ՝ սիրտդ էլի վատանա:

– Սրտի վրա թքա՛ծ,- ասաց Թամրազյանը:

– Հո չասեցիր. ո՞նց թե՝ սրտի վրա թքած,- դժգոհեց Նորան:

– Եթե ինձ հետ չես ուզում պարել, կարող ենք զույգերով փոխվել,- ասաց Թամրազյանը.- դու Արմենի հետ կպարես, ես՝ Լիզըչկայի:

– Չէ,- ասաց Նորան.- իրանք իրար լավ էլ սազում են:

– Մենք էլ իրար ենք սազում,- ասաց Թամրազյանը:- Ինչ վերաբերում է սրտիս, կարող ես միանգամայն հանգիստ լինել: Էդ վալոկարդինն է՛լ արդեն հարկավոր չի:

– Վստահ ե՞ս,- հարցրեց Նորան:

– Հա,- ասաց Թամրազյանը.- էդ տականքի փողերից որ ազատվեցի, սիրտս միանգամից թեթեւացավ:

– Ի՞նչ տականք,- զարմացավ Նորան:

– Երկար պատմություն է,- ասաց Թամրազյանը.- պարելու ընթացքում կպատմեմ: Գնացի՛նք:

– Գնացի՛նք,- տեղից վեր կենալով՝ ասաց Նորան:

Նորոն հերթական «Երեքնուկն» արդեն սկսել էր, եւ ես ու Լիզան հետեւեցինք Թամրազյանին ու Նորային:

– Մղձավանջային օր էր,- ասաց Լիզան՝ ձախ ձեռքը քնքշորեն ուսիս դնելով:

– Ի՞նչ մղձավանջային. չտեսնված օր ա,- աջովս Լիզայի մեջքը գրկելով՝ ասացի ես:

– Վատ իմաստով չեմ ասում,- ասաց Լիզան:- Էս ամեն ինչը, փաստորեն, գրախանութից սկսվեց:

– Սպորտխանութից,- ասացի ես:

– Եթե էդպես վերցնենք՝ Կոշիկի տան մոտից սկսվեց,- ասաց Լիզան:

– Կինոյի՛ տան մոտից,- ասացի ես:

– Երբ տանից դուրս էի գալիս, քույրս զոռում էր, որ հացի գնամ, բայց չգնացի,- ասաց Լիզան:- Եթե հացի գնացած լինեի, մենք դժվար թե իրար հանդիպեինք:

– Կարոն էլ զոռում էր, որ մի-մի բակալ էլ պիվա խմենք,- ասացի ես:

– Կարոն ո՞վ է,- հարցրեց Լիզան:

– Ընկերս,- ասացի ես:- Իրար հետ էինք խմում: Որ համաձայնվեի՝ ես ու դու դժվար թե իրար հանդիպեինք:

– Շատ հաճախ պատահականությունն է ամեն ինչ որոշում,- ասաց Լիզան:

– Փաստորեն, հազարամյակներ շարունակ դեպքերն ու իրադարձություններն էնպիսի՛ հաջորդականությամբ են զարգացել, որ մենք էսօր հանդիպեինք իրար:

– Կատակ ես անում,- բայց դրա մեջ ճշմարտության ինչ-որ հատիկ կա,- ասաց Լիզան:

– Հաստա՛տ կա,- ասացի ես:

– Մենակ մի բան չեմ հասկանում,- ժամացույցին նայելով՝ ասաց Լիզան.- էս ամենը լա՞վ է, թե՝ վատ:

– Սրանից ավելի լավ չի ըլնում,- ասացի ես:

– Բայց… միանգամից էսքան լավ բան չէր կարող լինել,- նորից ժամացույցին նայելով՝ ասաց Լիզան.- մի օրում, ավելի ճիշտ՝ ութ ժամվա մեջ միանգամից էսքան լավ բան չէր կարող լինել:

– Փաստը մնում ա փաստ,- ասացի ես:

– Հա,- նորից ժամացույցին նայելով՝ ասաց Լիզան:

Լիզան ժամացույցին նայելու երկու հիմնական պատճառ ուներ. նախ՝ արդեն անհանգիստ էր ուշ ժամի համար, քանի որ, ինչպես արդեն ասել էր, քույրն իր ուշանալուն շատ խիստ էր վերաբերվում, եւ երկրորդ՝ Լիզան ժամանակ առ ժամանակ ժամացույցին էր նայում, որպեսզի ճշտի, թե մեր ծանոթության առաջին պահից ինչքան է անցել:

– Սխալ ես հաշվում,- ասացի ես.- արդեն համարյա ինը ժամվա ծանոթներ ենք:

– Ես գրախանութից եմ հաշվում,- ասաց Լիզան:

– Կինոյի տնից պիտի հաշվես,- ասացի ես:

– Առաջին անգամ գրախանութում խոսեցիր:

– Առաջին անգամ Կինոյի տան մոտ ինձ ժպտացիր:

– Կոշիկի՛ տան մոտ:

– Թեկուզ: Ուրեմն՝ առնվազն Կոշիկի տնից պիտի հաշվենք:

– Թող ինը ժամ լինի,- նորից ժամացույցին նայեց Լիզան:- Ինը ժամվա մեջ ինը տարվա չափ բան տեղի ունեցավ:

– Իննսո՛ւն տարվա չափ:

Լիզան ժամանակ առ ժամանակ ձախ ձեռքն ուսիցս թեթեւակի կտրելով՝ ժամացույցին էր նայում, եւ էդ պահերին իր ձախ ձեռքի մատները թեթեւակի քսվում էին կզակիս, ու ես էդ ողջ ընթացքում պատվո քայլք կատարող զինվորի պես կզակս աջ էի պահում, որպեսզի Լիզայի մատներն ավելի ու ավելի քսվեին կզակիս, եւ էդ պահերը ցնցող ու հաճելի էին, եւ, ըստ ամենայնի, Լիզայի համար էլ էին հաճելի, ու երեւի նաեւ դա էր պատճառը, որ ինքը հաճախակի ու երկար էր ժամացույցին նայում, ու իմ էս վերջին ենթադրությունն ամենեւին էլ հիմքից զուրկ չէ, որովհետեւ ինքն ընդհանրապես իր ժամացույցին նայելու հիմնավոր պատճառ չուներ, քանի որ հենց մեր դիմացի պատին մի հսկայական ժամացույց կար, որը ճիշտ եւ ճիշտ Լիզայի ժամացույցի ցույց տված ժամն էր ցույց տալիս:

– Ասում ես՝ Կինոյի տան մոտ քեզ ժպտացե՞լ եմ,- հարցրեց Լիզան:

– Կոշիկի՛ տան մոտ,- ճշտեցի ես:

– Ժպտացե՞լ եմ,- նորից հարցրեց Լիզան:

– Էն էլ ո՜նց,- ասացի ես:

– Ո՞նց:

– Ո՞նց նկարագրեմ. քո էդ ժպիտը հնարավոր չի նկարագրել: Էս ինը ժամվա ընթացքում ոչ մի անգամ ինձ էդքան սրտանց ու սիրալիր չես ժպտացել:

– Տարօրինակ է,- ասաց Լիզան:

– Տարօրինակ ա, բայց՝ փաստ:

– Էն ժամանակ դեռ լրիվ անծանոթ էինք, ու դեռ սխալ բաներ չէիր արել. երեւի դրա համար էլ սիրալիր եմ ժպտացել:

– Հետո սխալ բաներ ե՞մ արել:

– Թամրազյանին սիգարետ տվիր:

– Ի՛նքը ուզեց. չտայի՞:

– Չգիտեմ,- ասաց Լիզան:- Չեմ հիշում, որ Կոշիկի տան մոտ քեզ էդքան սիրալիր ժպտացած լինեմ. ինչո՞ւ պիտի անծանոթ մարդուն սիրալիր ժպտայի:

– Կանխամտածված չես արել. երեւի անկախ քեզանից ա ստացվել,- ասացի ես:

– Երեւի,- ասաց Լիզան:- Կանխամտածված որ ժպտաս՝ սիրալիր չի ստացվի. կեղծ կստացվի:

– Շատ սիրալիր ու շատ անկեղծ ստացվեց:

– Որ ասում ես՝ հավատում եմ,- ասաց Լիզան:- Էդպիսի բան հետս էլի է պատահել:

– Ի՞նչ ա էլի պատահել:

– Փողոցով քեզ համար քայլում ես, ինչ-որ ծիծաղելի բան ես մտածում կամ հիշում, քեզ-քեզ ծիծաղում ու ժպտում ես, իսկ դիմացիցդ եկող անծանոթին թվում է՝ իրե՛ն ես ժպտում:

– Էդ ասածդ բոլորիս հետ էլ պատահում ա, բայց մերն էդ դեպքերից չի:

– Ի՞նչ գիտես, որ էդ դեպքերից չի:

– Որովհետեւ ես ոչ թե դիմացիցդ էի գալիս, այլ՝ հետեւիցդ, ու դու հատուկ շրջվեցիր ու ինձ ժպտացիր:

– Հաստատ ե՞ս հիշում:

– Հարուր տոկոսով:

– Այսինքն՝ շրջվել ու ժպտացե՞լ եմ քեզ:

– Հա:

– Սխալ բան ե՞մ արել:

– Չէ. շատ ճիշտ բան ես արել:

– Որ ճիշտ բան եմ արել, էլ ինչո՞ւ ես մի գլուխ երեսով տալիս. ինչի՞ց ես դժգոհ:

– Դժգոհ եմ, որ դրանից հետո՝ էս ինը ժամվա մեջ ոչ մի անգամ էդքան սիրուն ու էդքան սրտանց չես ժպտացել:

– Ո՞ւմ չեմ ժպտացել:

– Ինձ:

– Իսկ դու ինձ ժպտացե՞լ ես:

– Չգիտեմ: Դու պիտի ասես:

– Ինչ-որ չեմ նկատել:

– Ես որ քո ժպիտի պես սիրուն ժպիտ ունենայի, առավոտից իրիկուն կժպտայի:

– Ո՞ւմ կժպտայիր:

– Քեզ:

– Փորձիր. միգուցե ստացվի:

– Փորձո՛ւմ եմ. ահա՛,- ժպտացի ես:

– Ավելի լավ է չժպտաս: Ճիշտ ես ասում, որ հնարավոր չի կանխամտածված ժպտալ. շատ կեղծ է ստացվում:

– Հիմա դո՛ւ փորձիր,- ասացի ես:

– Երեք՝ չորս, ժպտո՛ւմ եմ,- ժպտաց Լիզան:- Հը՞. ո՞նց ստացվեց:

– Չտեսնված: Կանխամտածված ժպտացիր, բայց շատ բնական ստացվեց: Քո տեղն ըլնեի՝ առավոտից իրիկուն կժպտայի:

– Դու քո՛ տեղը ժպտա,- ծիծաղեց Լիզան:- Տնաշեն, էնպես ես ժպտում՝ ասես մի տոննա լիմոն կերած լինես:

– Դրա համար էլ շատ չեմ ժպտում, որ չզզվես:

– Ժպիտը զզվելի չի լինում:

– Նայած ժպիտ: Դու շա՜տ սիրուն ժպիտ ունես:

– Ինձ երբեք չեն ասել, որ սիրուն ժպիտ ունեմ: Եթե ասած լինեին՝ ավելի հաճախ կժպտայի:

– Ես ասում եմ:

– Հաշվի կառնեմ. հետագայում նկատի կունենամ,- ասաց Լիզան:

Ես կյանքումս առաջին անգամ տանգո պարել եմ իններորդ դասարանում մեր դասարանի Կարինեենց տանը մեր դասարանի Մարիամի հետ, ու չնայած մեր դասարանի Մարիամի հանդեպ հեչ անտարբեր չէի, այդուհանդերձ, իմ էդ առաջին տանգոյի ընթացքում Մարիամի հետ ոչ մի բառ չխոսեցի, որովհետեւ չգիտեի՝ ինչ պիտի խոսեմ, ու Մարիամի հետ մեր առաջին ու վերջին էդ տանգոյի ամբողջ ընթացքում նախանձով էի նայում մեր դասարանի Ադիբեկին ու Հովանին, որոնք իրենց զույգերի հետ աշխույժ զրուցելով էին պարում, ու չնայած զգում էի, որ մեր լուռումունջ տանգոյից Մարիամի սիրտն է՛լ էր նեղվում, բայց չգիտեի՝ ինչ խոսեմ, ու մեր էդ երկուստեք լռությունը պատճառ դարձավ, որ իմ ու Մարիամի հարաբերությունները դեռ չսկսված՝ հենց էդ իրիկուն ավարտվեն, որովհետեւ Մարիամը չգիտեր ու էդպես էլ չիմացավ, որ ես շատախոս եմ դառնում հատկապես զգացմունքներիս բացակայության դեպքում, իսկ զգացմունքներիս առկայության պարագայում ձկան պես համրանում եմ, ու էս ասածս Մարիամն էդ իրիկուն չէր էլ կարող հասկանալ, որովհետեւ էդ իրիկուն ինքս է՛լ իմ մասին էս տեղեկությունը չունեի:

Եվ ահա՝ յոթանասունվեց թվականի օգոստոսի յոթի գիշերամուտին իմ ու Լիզայի խոսքաշատ տանգոն սկսվել ու չէր վերջանում, ու մեր խոսքերը երկուստեք ինքնաբուխ էին, ու չէի ասի, թե խոսքաշատությունս էդ դեպքում զգացմունքներիս բացակայության հետեւանք ու արդյունք էր, որովհետեւ, հիշում եմ, ամբողջովին էի էլեկտրականացած, ու չնայած Լիզայի ժամացույցով ձախ ձեռքը ժամանակ առ ժամանակ կզակիս քսվելով ու կզակս շոյելով՝ ավելի ու ավելի էր թեժացնում մեջս ֆռֆռացող էդ էլեկտրականությունը, այդուհանդերձ, մենք շարունակում էինք մեր շատախոսությունն ու է՛ն աստիճանի էինք մեր խոսակցությամբ տարված, որ արդեն մեր պարելն էլ չէինք գիտակցում ու արդեն չէինք հաշվում, թե Նորոն որերորդ անգամ է վերսկսում իր անվերջանալի «Երեքնուկը», եւ մեր բառերն ու խոսքերն անգամ չէինք զգում՝ էնքան որ ինքնաբուխ էին, եւ մեր բառերն ու խոսքերը ո՛չ թե մեր տանգոյի հետեւանքն էին, այլ՝ հիմքը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել