Լրահոս
Օրվա լրահոսը

ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԴԱՍԱԳԻՐՔ ԵՐԵԿՎԱ ՈՒ ԱՅՍՕՐՎԱ ՀԱՄԱՐ՝ ՄԻԱՅՆ -2

Հուլիս 08,2006 00:00

Անկախության վերահաստատումից
առաջ ու հետո հայ քաղաքական ասպարեզի միակ անփոփոխ հիվանդությունը եղել է… ամեն
երկուշաբթի կյանքը նորից սկսելը: Այո, եւ արդեն այդ հիվանդության որոշ ախտանիշների
մասին առիթ ունեցել ենք խոսելու, հիմա՝ դրսեւորումների մասին: Դրսեւորում
առաջին. հիվանդները հանկարծ հասկանում են, որ այսպես ապրել չի կարելի, բայց ոչ ոք
ոչինչ չի ուզում անել, բոլորը սպասում են: Դրսեւորում երկրորդ. բոլորը սպասում
են, բայց հենց ինչ-որ մեկը ինչ-որ կիսաքայլ է գոնե փորձում անել վիճակից դուրս գալու
համար, բոլորը միաձայն ու միահամուռ փորձում են դա կանխարգելել ու քարկոծում են նրան:
Դրսեւորում երրորդ. առանց ներքին պայմանավորվածության, բայց միաձայն ու միահամուռ
հրաժարվում են ինքնուրույն քայլերի նույնիսկ հնարավորությունից, որովհետեւ վախենում
են, որ վիճակը կարող է եւ փոխվել ու այդ պարագայում չեն իմանա ինչ ու ինչպես անել:
Բոլոր հիվանդները շախմատի տախտակին տեսնում են միայն թագուհուն, զինվորները նրանց
համար անտեսանելի ու անարժեք են: Դրսեւորում չորրորդ. միակ ելք ու վիճակից
փրկության հնարավորություն ակնկալվում է միայն ու միայն դրսից: Սա նաեւ ախտանիշ կարելի
է դիտարկել: Դրսեւորում հինգերորդ. նրանք գիտեն, որ սխալ են, բայց երբեք դա
չեն խոստովանի ու որպեսզի հակառակն ապացուցեն, որոնում են հիմնավորումներ՝ համաշխարհային
փորձից, բայց ոչ երբեք սեփական: Բացի այդ՝ նրանք համատարած մեղադրում են իրենց նախորդներին
բոլոր մահացու մեղքերի մեջ՝ նույնիսկ եթե այդ նախորդները հենց իրենք են: Դրսեւորում
վեցերորդ. նրանք կաստայանում են ու դառնում են ինքնաբավ: Նրանց այլեւս ոչինչ պետք
չէ, նրանք զբաղվում են միայն յուրայիններով, մնացածները դիտարկվում են իբրեւ թշնամիներ,
որ ենթակա են ֆիզիկական ու քաղաքական … մահապատժի: Դրսեւորում յոթերորդ.
բարեբախտաբար՝ այս բոլոր դրսեւորումները միայն որոշակի ժամանակի կարգադրություններ
են, որովհետեւ գործում է tabula rassa-ի՝ մաքուր տախտակի օրենքը եւ իրավ ամեն երկուշաբթի
կյանքը սկսվում է նորից, ուրեմն եւ փոխվում են օրվա հրամայականները. ամեն երկուշաբթի
նշանակվում են նոր բարեկամներ ու նոր թշնամիներ ու պայքարը ծավալվում է նորից՝ զրո
կետից: Իսկ դա իր հերթին նշանակում է, որ հաջորդ երկուշաբթի ամեն ինչ կավարտվի-կսկսվի՝
սա փակ շրջանակ է: Եվ՝ փառք Աստծո, այլապես համաճարակը բոլորեքյան կլիներ: Եվ, քանի
որ ինչքան էլ մենք մեկուսանանք մեր ինքնատիպության ու չհասկացվածության կղզյակում՝
մեզ հռչակելով աշխարհի աղ ու երկիր դրախտավայր, աշխարհը մեզ չի հասկանալու ու չի
հավատալու, ուստի եւ իր համար հարմար պահին հիշելու է մեզ ու հաշվի չի նստելու մեր
ֆիզիկական, աշխարհաքաղաքական, բարոյահոգեբանական վիճակի հետ ու վարվելու է այնպես,
ինչպես իրեն պետք է: Այսպես եղել է միշտ եւ այսպես հաստատումներ է ստացել մեր…
հիվանդության պատմությունը: …Առաջիկա ազատ, արդար, թափանցիկ, ժողովրդավարական
չափանիշներով ընտրությունների համար քաղաքական, պետական, համապետական, հասարակական,
տնտեսական, մշակութային, սոցիալական պայքարը առաջարկվում է դիտարկել այս խորապատկերում:
Հետեւությունները՝ յուրովսանն: Ով ինչ, ինչքան ու ինչու հասկացավ:
ԱՅԴԻՆ ՄՈՐԻԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել