Լրահոս
Օրվա լրահոսը

Մահտեսյանը, Նարեկացին ու «Ոսկե ծիրանը»

Հուլիս 08,2006 00:00

ՀՀ փոխոստիկանապետը կինո է սիրում՝ հատկապես Զասուտային

«Ոսկե ծիրանը» մեր մշակութային կյանքում դարձել է ոչ միայն իրադարձություն, այլեւ անհրաժեշտության պես մի բան, դրա համար էլ պետությունը դարձել է հովանավոր»,- երեկ հրավիրված ասուլիսում ասաց մշակույթի փոխնախարար Կարինե Խոդիկյանը: Իսկ «Ոսկե ծիրանի» տնօրեն Հարություն Խաչատրյանն էլ դժգոհեց, որ փառատոնի շեմին իր որոշ կոլեգաներ սկսել են խանգարել, «ցեկայի ժամանակների պես» վարկաբեկիչ նամակներ ուղարկել «Ոսկե ծիրանի» նախագահ Ատոմ Էգոյանին ու ՀՀ բարձրաստիճան պաշտոնյաների: «Առավոտի» հարցին, ո՞ւմ նկատի ունի, Հ. Խաչատրյանը չպատասխանեց. «Ես ոչ հետախույզ եմ, ոչ էլ քննիչ, բացի այդ, այս պահին ինձ համար կարեւորը փառատոնի ֆիլմերն են ու հյուրերը»:

Ասուլիսին ներկա էր նաեւ ՀՀ փոխոստիկանապետ Արարատ Մահտեսյանը, ով արդեն 3-րդ տարին է, ինչ «Ոսկե ծիրան» կինոփառատոնի կազմկոմիտեի անդամ է: Նրա անմիջական պատասխանատվությամբ է կատարվում հյուրերի դիմավորում-ճանապարհումը, նրանց անվտանգության ապահովումը:

«Հայ ազգը միայն մշակույթով կարող է ցույց տալ իր դեմքը, իր էությունը»,- փորձեց ասելիքը գեղեցիկ ձեւակերպել գեներալը՝ ասելով, որ «Ոսկե ծիրանի» բացման արարողությանը մեծ շուք է տալու նաեւ իրենց նվագախումբը: Այնուհետեւ փոխոստիկանապետը որոշեց իր հետ կատարված մի փոքրիկ ռոմանտիկ դրվագ պատմել նախորդ «Ոսկե ծիրանից». «Շատ կարեւոր է նման միջոցառումների ժամանակ հայկական երեւույթը բացահայտելը… հայտնի ռեժիսորներից մեկը՝ կարծեմ թե Զասուտան (նկատի ունի աշխարհահռչակ Ք. Զանուսիին-Գ. Հ.), անձնական զրույցի ժամանակ հետաքրքրվում էր հայկական երեւույթով: Երբ մի ֆիլմի մասին էինք խոսում, ասացի, որ այդ ֆիլմից ավելի հին հայկական պոեմ ունենք՝ Նարեկացու «Մատյանը»: Շատ փնտրեց ու մեր օգնությամբ գտավ Նարեկացու անգլիական տարբերակը, որ ուսումնասիրի ու ֆիլմ նկարի»: Հայտնի կինոգործիչների հետ սեղան նստած փոխոստիկանապետից հետաքրքրվեցինք՝ անցյալ փառատոնի հատկապես ո՞ր ֆիլմերը կառանձնացներ: «Անցած տարի ոչինչ չեմ հասցրել նայել, բայց էս տարի պատրաստվում եմ նայել մի քանի ֆիլմ, մեր մասնագետ ընկերոջ՝ Հարություն Խաչատրյանի խորհուրդներով»,- ասաց Ա. Մահտեսյանը:

Մեկ այլ դրվագ էլ Հ. Խաչատրյանը պատմեց արվեստասեր փոխոստիկանապետի կյանքից. աշխարհահռչակ մի դոկումենտալիստի խնդրել էին երգել որեւէ շվեդական երգ, վերջինս հանկարծ երկրորդ տունը մոռացել է: Մահտեսյանն էլ վերցրել ու այդ երգի հաջորդ տան փոխարեն հին հայկական երգ է երգել. «Պարոն Մահտեսյանը սկսեց երգել հայկական հին երգ, որը նման էր շվեդական երգին, զարմացավ էս մարդը (կինոգործիչը)՝ կարո՞ղ է շվեդները հայերից են առաջացել»:

«Ոսկե ծիրան» կինոփառատոնի ռեժիսոր Արմեն Մազմանյանն էլ լրագրողներին կոչ արեց փառատոնի բացթողումների վրա առանձնապես չսեւեռվել, չմոռանալ, որ անվանի կինոգործիչներ են գալիս՝ «թեկուզ Տոնինո Գուերան, որ աշխարհի կինոյի պապան ա ու կյանքի վերջին տարիներին ասել ա՝ գոնե մի հատ էլ հասցնեմ Հայաստանը տեսնել… Ախր 15 տարեկան պետությունը չի կարող 300 տարեկան դեմոկրատիա ու 100 տարեկան Բեռլինի փառատոն ունենալ, սխալներ դեռ լինելու են»:

Փառատոնի կազմակերպիչներից հետաքրքրվեցինք՝ չե՞ն վախենում, որ թուրք եւ ադրբեջանցի կինոգործիչներին ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» ուսանողական միությունը կդիմավորի ցույցերով, ինչպես դա եղավ մեկ այլ կինոփառատոնի ժամանակ: Նրանք հույս հայտնեցին, որ գիտակցելով փառատոնի կարեւորությունը, ոչ մի կազմակերպություն նման բան չի անի. «Արդեն երրորդ տարին է, մարդիկ գալիս են ու ոչ ոք չի ասում՝ աչքներիդ վերեւում հոնք կա»:

Նրանք նաեւ առիթը բաց չթողեցին իրենց գլխավոր հովանավոր VivaCell-ին գովելու համար: Հ. Խաչատրյանը կես կատակ-կես լուրջ ասաց, որ նեղ կինեմատոգրաֆիստական շրջանակում արդեն գլուխ է գովել, թե VivaCell-ը հաջորդ տարի ավելի մեծ գումարով է իրենց հովանավորելու:

ԳՈՀԱՐ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2006
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31