Լրահոս
Օրվա լրահոսը

«ՄՇԱԿՈՒՅԹԻՆ ԿԱՐԳԱՊԱՀՈՒԹՅՈՒՆ՝
ԴՈԺԵՐԻ ԵՐԿՐԻ ՊԵՍ»

Հուլիս 08,2006 00:00

«Ա.
Խաչատրյան» համերգասրահում հուլիսի 11-ին կկայանա Վերդիի «Սիմոն Բոկանեգրա» օպերայի
համերգային կատարումը: Հիշյալ օպերան թվով հինգերորդն է (Վերդի՝ «Աիդա», Ռոսինի՝
«Սեւիլյան սափրիչը», Պուչինի՝ «Թիկնոցը» եւ «Մադամ Բաթերֆլայ»), որ նախաձեռնել է
ու կյանքի կոչել Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախումբը: «Սիմոն Բոկանեգրայում»
ընդգրկված են նաեւ Պետական ակադեմիական երգչախումբը եւ մեներգիչներ (դիրիժոր՝ Էդուարդ
Թոփչյան): Հատկանշական է, որ մեներգիչներից երեքը հայաստանցի են (Իրինա Զաքյան,
Հրանտ Պապյան, Դավիթ Բաբայանց), երեքը՝ արտերկրում ապրող ու ստեղծագործող նախկին
հայաստանցի (գերմանաբնակ Մկրտիչ Բաբաջանյան, ֆրանսաբնակ Արա Ավանյան եւ Սուրեն Շահիջանյան):
Հարկ է նշել, որ տարիներ առաջ, երբ Ֆիլհարմոնիկը օպերայի համերգային կատարման
հայտ ներկայացրեց, շրջանառվում էին ասեկոսեներ, թե նվագախումբը շեղվում է իր որդեգրած
ուղուց, իբր դա արվում է ոմանց ինչ-որ բան ապացուցելու համար: Տարօրինակ է, որ նման
խոսակցություններ վարում էին հենց երաժշտարվեստի մարդիկ, մոռանալով, որ քաղաքակիրթ
երկրներում ցանկացած օպերա ներկայացվում է նաեւ համերգային կատարմամբ: «Առավոտին»
հետաքրքրեց, թե ինչու հայտագրում նշված էր, օրինակ, նախկին հայաստանցի Արա Ավանյանի
(տենոր) բնակավայրը՝ Փարիզ, Մկրտիչ Բաբաջանյանինը (բարիտոն)՝ Գերմանիա, իսկ Սուրեն
Շահիջանյանի (բաս) անվան դիմաց, որը տարիներ շարունակ Ֆրանսիայում է, ոչինչ գրված
չէր: Այս առիթով Ս. Շահիջանյանը մեզ ասաց հետեւյալը. «Ես 1993-ից ե՛ւ Ֆրանսիայում
եմ, ե՛ւ Հայաստանում: Հնարավոր է, որ տարվա մեծ մասը գտնվում եմ այնտեղ, բայց Երեւանում
էլ եմ բեմ բարձրացել: Ճիշտ չեմ համարում անվանս դիմաց արձանագրել ընդամենը մի քանի
տարվա իմ գոյության վայրի մասին: Կոնկրետ ես ոչ մի երաշխիք չունեմ, որ, օրինակ, վաղվանից
կբնակվեմ ու իմ ստեղծագործական կյանքը կշարունակեմ, օրինակ, Աֆրիկայում: Ի՞նչ է,
հետո էլ պետք է գրվի հաջո՞րդ բնակավայրիս՝ Աֆրիկայի՞ անունը: Ոչ միայն իմ կարծիքով,
այլ Եվրոպայում էլ հետեւյալ կերպ է այս հարցը «լուծվում»: Երգչի անվան դիմաց գրված
պետությունը «խոսում» է տվյալ կատարողի ազգության, բնականաբար, ծննդավայրի եւ, ինչու
չէ՝ տվյալ պետությունից ստացած կրթության մասին»: Մեր դիտարկմանը՝ վերոհիշյալ
օպերայում Սիմոն Բոկանեգրան ընտրվում է Ջենովայի դոժ (գերագույն կառավարիչ), նրա
գլխավորած խորհրդարանը քննում է Ջենովայի եւ Վենետիկի միջեւ պատերազմի հարցը (գործողությունը
տեղի է ունենում 14-րդ դարի կեսին): Եթե դուք լինեիք Հայաստանի մշակույթի դոժ, առաջինը
ի՞նչը կփոխեիք այդ համակարգում, Սուրեն Շահիջանյանը պատասխանեց. «Այն, ինչ պետք է
պատասխանեմ, նորություն չէ, գործում է Եվրոպայի բոլոր երկրների թատրոններում կամ
մշակութային օջախներում: Երեկոյան լքելով աշխատավայրը, ցանկացած մշակութային օջախի
աշխատակից՝ լինի դիրիժոր, երգիչ թե հավաքարար, պետք է ստանա հաջորդ օրվա իր պարտականությունը՝
գրված թերթիկի վրա: Որպեսզի չերկարացնեմ խոսքս եւ այն չնմանվի քարոզի, պետք է ընդամենը
մեկ բան՝ կարգապահություն»: Ս. ԴԱՆԻԵԼՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել