Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Ժամանակացույցը խախտվել է

Հուլիս 08,2006 00:00

Վարկային ծրագրի իրականացման հարցում լուրջ խնդիրներ կան

Երեկ ԿԳՆ-ն կազմակերպել էր քննարկում՝ «Միջնակարգ կրթության պետական ավարտական եւ միասնական քննությունների նոր համակարգը» թեմայով, որին միաժամանակ մասնակցում էին նախարարության, Կրթական ծրագրերի կենտրոնի (ԿԾԿ) եւ Գիտելիքների եւ թեստավորման կենտրոնի (ԳԹԿ) պատասխանատուները: Քննարկման 3.5 ժամվա ընթացքում տպավորություն էր ստեղծվում, թե արծարծվող խնդիրները սաղմնային վիճակում են եւ դեռ քննարկելու եւ վերլուծելու շատ խնդիրներ կան, այնինչ, շատ հարցեր արդեն իրականացնելու շեմին են, ինչը պահանջվում է ՀԲ տրամադրած «Կրթության որակ եւ համապատասխանություն» վարկային ծրագրի ժամանակացույցով: Թեեւ ԿԾԿ-ի ներկայացուցիչները պնդում էին, թե նախնական ժամանակացույցը իրավական ուժ չունի եւ փոփոխման ենթակա է, բայց փաստն այն է, որ 2006-07 ուստարվա ավարտին արդեն պետք է գործարկվի ԳԹԿ-ն՝ ավարտական եւ ընդունելության 2 առարկաների քննությունների մասով, ինչը, փաստորեն, անհնար է: Նույնիսկ 1 առարկայի՝ հայոց լեզվի պարագայում էլ հայտնի չէ, գործը գլուխ կգա՞, թե՝ ոչ:

ԿԳ նախարար Լեւոն Մկրտչյանի համար շատ հարցեր այս պահին դեռ անորոշ են: Հիշեցնենք, որ այն, ինչ իրականացվելու է 2006-07 ուստարվա ավարտին, պետք է հաստատվի ոչ ուշ, քան 6 ամիս առաջ՝ դեկտեմբերին: Այսպիսով՝ մինչեւ դեկտեմբեր մնացել է 5 ամսից էլ քիչ ժամանակ, եւ այս ընթացքում պետք է հստակեցվի գործողությունների ողջ ընթացքը՝ սկսած տեխնիկական հագեցվածությունից, լսարանների ապահովումից, լիազորների թվի հստակեցումից, մինչեւ իսկ՝ թե ով պետք է պատասխանատվություն կրի գրավորների անվտանգության համար, երբ նրանք քննական կետերից տեղափոխվեն քննական կենտրոններ, այնտեղից էլ՝ հաշվիչ կենտրոն: ԿԳ նախարարը մասնավորապես չի պատկերացնում, թե ինչպես, ասենք, Մովսես գյուղից երեխան պետք է հասնի տվյալ քննական կետ՝ կենտրոնացված կարգով քննություն հանձնելու (արդյոք նրան ապահովելո՞ւ են տրանսպորտով, թե՝ ոչ), հոգեբանորեն պատրա՞ստ է նա դրան եւ շատ չէ՞ 10-15 հոգու գլխին 3-4 լիազոր-ներկայացուցիչ կանգնեցնել, որտե՞ղ պետք է քննություն անցկացվի, ունե՞նք համապատասխան քանակով լսարաններ եւ այլն: Նախարարը հստակ նշեց, որ ժամանակացույցի հետ կապված լուրջ խնդիրներ կան, էլ չենք ասում տեխնիկական հագեցվածության եւ ծրագրային հարցերի մասին:

ԿԳ փոխնախարար Արա Ավետիսյանը, օրինակ, ավարտական միասնական քննություններին վերաբերող հարցերից զատ, ԿԾԿ աշխատանքային խմբերից մեկի ղեկավար Կարեն Մելքոնյանից հետաքրքրվում էր, թե ինչու են, օրինակ, Կրթակարգով սահմանել հատկապես գնահատման 10 միավորանի միջանկյալ համակարգ, եթե հետո պետք է անցնեն 20 միավորանիի: Ա. Ավետիսյանը նույնիսկ ծրագրերի բեռնաթափմանն է դեմ, ինչը նախատեսված է 12-ամյա կրթությանն անցնելուն զուգահեռ: Ինչ վերաբերում է տեխնիկական խնդիրներին, ապա ԳԹԿ տնօրեն Վանյա Բարսեղյանն ասում է, որ ձգձգումների պատճառը պետք է փնտրել ԿԾԿ-ում, որոնք էլ պատասխանատու են դրա համար: Կարեն Մելքոնյանը հրաժարվեց այս կապակցությամբ մեկնաբանություններ տալ: Իսկ ԿԾԿ տնօրեն Կարինե Հարությունյանը նույնիսկ իր նախատեսված ելույթից հրաժարվեց եւ հեռացավ՝ ելույթի իր ժամանակը թողնելով Կ. Մելքոնյանին:

Մի խոսքով, այն, ինչ պետք է արվեր դեռեւս 2-3 տարի առաջ, արվում է այս պահին, այն էլ՝ փոխադարձ անհանդուրժողականության մթնոլորտում:

ՀԱՍՄԻԿ ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել