Լրահոս
Օրվա լրահոսը

Գյուղացուն ու գյուղապետին չեն հավատում

Հուլիս 08,2006 00:00

Գյուղերում երաշտ եղել է, թե ոչ՝ մարզպետարանի չինովնիկներն իրենց տեղերում նստած են որոշում:

«Սասունիկում տարածքներ կան, որտեղ, իրոք, բերքը չորացել է, բայց դա երաշտ չէ, եթե դրան երաշտ ասենք, աշխարհը մեզ վրա կծիծաղի, դա ջրի բաշխման սխալ քաղաքականության հետեւանքն է, դա կամ գյուղապետի, կամ ջրօգտագործողների ընկերության մեղավորությունն է: Ասեմ ավելին՝ Սասունիկը ջրի պակաս չունի»,- «Առավոտի» հետ զրույցում Արագածոտնի մարզի Սասունիկ եւ Կարին գյուղերում տեղի ունեցած երաշտի, կարկուտի ու առատ տեղումների փոխհատուցման մասին մեր հարցին այսպես պատասխանեց Արագածոտնի մարզպետարանի գյուղվարչության պետի տեղակալ Լյովա Մնացականյանը: Նրա մեկնաբանությամբ՝ երաշտ կարող է լինել միայն անջրդի հողերում, իսկ այն, որ հենց ջերմաստիճանը բարձրանում է՝ բերքն ամբողջովին չորանում է՝ ջրի սխալ քաղաքականության արդյունք է: Մինչդեռ գյուղացիների տեսակետն ու սահմանումները երաշտի մասին՝ բոլորովին այլ էին. «Հեռվից հեռու ոնց են իմանում՝ մեզ մոտ երաշտ եղե՞լ է, թե՞ չէ, մի հատ եկե՞լ են գյուղ, մտե՞լ են մեր հողամաս, հողը մատիս հաստությամբ ճեղք ա տվել, բա էդ երաշտ չի՞, էլ ցորեն չունենք՝ կեսը չորացել ա, կեսն էլ կարկուտից գետնին ա հավասարվել»,- բողոքում էին կարինցիներն ու սասունիկցիները:

Լ. Մնացականյանը համոզված է, որ եթե երաշտ լինի՝ կլինի հուլիս-օգոստոս ամիսներին, քանի որ Թալինի եւ Ապարանի շրջանում այդ ամիսներին են ցորենը հնձում. «Էդ վախտ մի հատ աբխոդ կանենք, կտեսնենք՝ վնասներ կան, թե չկան»:

Երաշտ լինել-չլինելու մասին պարոն Մնացականյանի համոզմունքները չկիսեց նույն մարզի Ապարանի շրջանի Եղիպատրուշի գյուղապետ Մարզպետ Գրիգորյանը, որը մեզ հետ զրույցում հավաստիացրեց, որ իրենց գյուղում լուրջ վնասներ են գրանցվել. «Գարնան գերխոնավությունից վնասվել էին ցանքատարածությունները, դրանից հետո էլ երաշտ եղավ, որը մեծ վնաս հասցրեց մոտ 250 հա հացահատիկային կուլտուրաներին եւ բազմամյա խոտաբույսերին, որից հետո էլ վերջին 2-3 օրվա առատ տեղումների պատճառով վնասվել էին ցանքատարածությունները, համայնքային ճանապարհները եւ գյուղի երկու կամուրջները: Գյուղացին թանկ ու կրակ գներով հող է վարել, ցանել, պարարտացրել՝ հույս ունենալով, որ դրա փոխարեն բերք կստանա, այնինչ գյուղում էլ բերք չկա»: Գյուղապետը հույս ունի, որ կառավարությունը համապատասխան քայլեր կանի՝ թեկուզ զիջելով հողի հարկի վճարները, թեեւ նշեց, որ գարնան վնասների փոխհատուցումն էլ մինչ օրս չեն ստացել:

Հունիսի 6-ի ուժեղ կարկտահարության հետեւանքով վնասվել են Օհանավան, Կարբի, Արտաշավան, Սաղմոսավան, Չքնաղ, Վարդենիս գյուղերի մշակաբույսերն ու պտղատու ծառերը, հունիսի 9-ին՝ Մաստարա, Զովասար, Ծաղկասար, Կարմրաշեն համայնքները, իսկ հուլիսի 3-ի կարկտահարությունը լուրջ վնասներ է պատճառել Կաքավաձոր, Ագարակ, Բայսզ, Դիան, Սասնաշեն եւ այլ համայնքներին, որոնք նույնպես փոխհատուցումներ չեն ստացել:

ԳՐԻՇԱ ԲԱԼԱՍԱՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել