Լրահոս
Օրվա լրահոսը

Գեղամյանական էմոցիաները ԵԱՀԿ-ում

Հուլիս 08,2006 00:00

Եվրոպացիների չորացած ուղեղների վրա այլ կերպ հնարավոր չէ ազդել

ԵԱՀԿ ԽՎ երեկվա լիագումար նիստում հայաստանյան պատվիրակության ղեկավար, ԱԺ փոխնախագահ Վահան Հովհաննիսյանը իր ելույթում զուգահեռներ է անցկացրել Մոնտենեգրոյի եւ ԼՂՀ-ի միջեւ՝ կոչ անելով, որ ԼՂ հարցում եւ դրսեւորվի նույն քաղաքականությունը, ինչպես եղավ Մոնտենեգրոյի դեպքում: Այս ելույթից հետո Ադրբեջանի պատվիրակության ղեկավար տիկին Մամեդովան դարձյալ փորձ է արել խոսել անտառների հրդեհման եւ այս կարգի այլ բաների մասին: Ադրբեջանցու ելույթից հետո ելույթի իրավունք է ստացել նաեւ հայաստանյան պատվիրակության անդամ Արտաշես Գեղամյանը, որն իր խոսքում թուրքական եւ ադրբեջանական պատվիրակներին ասել է, որ չի կարելի ԵԱՀԿ բարձր ամբիոնը օգտագործել հերյուրանքներ եւ սուտ տեղեկություններ տարածելու համար: Նաեւ շեշտել է, որ իրենց այս պահվածքը հիշեցնում է հայտնի պատմության ժամանակները, երբ սատանան Քրիստոսին քարոզում էր, թե ի՞նչ է քրիստոնեությունը: Արտաշես Գեղամյանի զուգահեռը սա է եղել՝ «Պատերազմի Աստծո հետեւորդները այստեղ խոսում են խաղաղությունից, մինչդեռ իրենք արդեն 16 տարի շարունակ տնտեսական պատերազմ են հայտարարել Հայաստանին՝ շրջափակման մեջ պահելով»: Գեղամյանը նաեւ ասել է. «Ադրբեջանցիները այստեղ ձեր առաջ խոսում են խաղաղությունից՝ այն դեպքում, երբ նավթային դոլարների հոսքի պայմաններում իրենց բյուջեում ռազմական ծախսերը ավելացրել են ավելի քան երեք անգամ, եւ ներկայումս Ադրբեջանի ռազմական ծախսերը ՀՀ ողջ բյուջեի 60 տոկոսից ավելին են կազմում»: Նաեւ զգուշացրել է եվրոպացիներին, որ թողտվության այսպիսի պայմաններում այս ամենը հեռանկարում կարող է հանգեցնել Ադրբեջանի կողմից պատերազմ հայտարարելուն. «Մեզնից յուրաքանչյուրն այստեղ պատասխանատվություն է կրում նման հնարավոր զարգացումների համար, որ հանկարծ չստացվի այնպես, ինչպես 20-րդ դարի սկզբին: Դուք այստեղ ձեր լռակյաց դիրքորոշմամբ ԵԱՀԿ այս բարձր ամբիոնը տրամադրելով թուրքական եւ ադրբեջանական ստին՝ պարարտ հող եք ստեղծում պատմության կրկնության համար: Թեպետ այսօր Հայաստանի Հանրապետությունը նման բաներ այլեւս թույլ չի տա»:

Ադրբեջանի պատվիրակության ղեկավարն իր ելույթում ԵԱՀԿ պատգամավորներին կոչ էր արել ուշադիր կարդալ Թուրքիայի Հանրապետության պատմությունը՝ չիմանալով, որ ներկաներից գոնե Արտաշես Գեղամյանը այդ պատմությունը շատ ուշադիր էր կարդացել, եւ այդ պատճառով էլ կարողացավ հակադարձել. «Կարդալով այդ պատմությունը՝ ես գոհունակությամբ ընդունել եմ այն, որ դեռ 1919 թվականի մայիսի 26-ին թուրք-օսմանյան վերջին սուլթանի՝ Մուհամեդ 6-րդի կողմից ստեղծված ծայրագույն ռազմական տրիբունալը մահապատժի էր դատապարտել երիտթուրքերի կառավարության ղեկավարներին՝ Թալեաթին, Ջեմալին, Էնվերին եւ այլոց»: Խոսել է նաեւ պատմական Հայաստանի տարածքում գտնվող շուրջ 490 եկեղեցիներից 300-ի հիմնահատակ ոչնչացման մասին՝ շեշտելով, որ դա տեղեկացնում է ոչ թե ինքը՝ ԵԱՀԿ պատգամավոր Արտաշես Գեղամյանը, այլ՝ «ՅՈՒՆԵՍԿՕ»-ն:

Արտաշես Գեղամյանը առաջարկել է ԵԱՀԿ-ին՝ խիստ հսկողություն սահմանել ադրբեջանական նավթի դիմաց դեպի Ադրբեջան հոսող եվրոդոլարների նպատակային օգտագործման համար, զգուշացնելով, որ այդ նավթային դոլարները կարող են օգտագործվել պատերազմ վերսկսելու համար:

Պրն Գեղամյանի ելույթը բավականին գոհունակությամբ է ընդունվել հատկապես Կիպրոսի եւ հունական պատվիրակների կողմից: Իսկ նիստը նախագահողը բութ մատը վեր տնկած մոտեցել է մեր պատվիրակության ղեկավար Վահան Հովհաննիսյանին եւ հայտնել իր գոհունակությունը: Երբ վերջինս փորձել է ճշտել՝ արդյոք Գեղամյանի ելույթը չափից դուրս էմոցիոնալ չէ՞ր, մոտավորապես այսպես է պատասխանել. «Շատ ճիշտ է, որ էմոցիոնալ էր, որովհետեւ սրանց չորացած ուղեղներին միայն զգացմունքային ելույթները կարող են հասնել»:

Կիպրոսի պատվիրակության ղեկավարը Արտաշես Գեղամյանին ընտանյոք հրավիրել է Կիպրոսում հանգստանալու:

Մ. ԵՍԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել