Այդ
այլընտրանքը, թերեւս, ձեւավորվելու է ի դեմս ՀՔԴՄ, ՄԱԿ ու «Արժանապատիվ ապագա» կուսակցությունների
ՀՀ արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանի վերջին հայտարարությունն
այն մասին, թե ինքը հաստատապես «շարունակելու է զբաղվել քաղաքականությամբ, որը չի
նշանակում միայն ներկայացված լինել Ազգային ժողովում կամ նախագահ դառնալ», ոչ բոլորի
համար էր անակնկալ: Պարոն Հարությունյանի՝ որպես ՀՀ նախագահի հնարավոր թեկնածուի
մասին տարբեր մակարդակներում, բայց շատ նեղ շրջանակներում շրջանառվում էր դեռ 1-2
տարի առաջ: Սակայն միայն օրերս նախարարը հայտարարեց քաղաքականությամբ զբաղվելու իր
մտադրության, ավելին՝ որեւէ կուսակցությանն անդամակցելը չբացառելու մասին: Հենց այս
վերջին միտքը շատերին հուշել էր, թե հնարավոր է, որ Դ. Հարությունյանը մի գեղեցիկ
օր դառնա, օրինակ՝ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության անդամ, ինչն, ի դեպ, ըստ մամուլում
եղած հրապարակումների, նա չէր բացառել: ՀՀ արդարադատության նախարարը ճիշտ նույն կերպ
չէր բացառել, որ ինքը կարող է անդամակցել նաեւ, օրինակ՝ ՀՀԿ-ին, Հայաստանի քրիստոնեա-դեմոկրատական
կուսակցությանը, աջ ուժերը ներկայացնող որեւէ կուսակցության: Սակայն, չգիտես ինչու,
շատերը հակված էին կարծելու, որ Դ. Հարությունյանն առաջիկայում կարող է հայտնվել
«Բարգավաճ Հայաստանում»: Այդ կանխատեսումների հիմնական փաստարկն այն էր, որ Դ. Հարությունյանը
«ավելի շատ Ռոբերտ Քոչարյանի մարդն է, քան՝ Սերժ Սարգսյանի, ու քանի որ Ռոբերտ Քոչարյանի
կուսակցությունը հենց «Բարգավաճ Հայաստանն է, իսկ ՀՀԿ-ն առաջիկայում դե ֆակտո գլխավորելու
է Սերժ Սարգսյանը», քաղաքական ու փորձագետների որոշ շրջանակներում շտապեցին կարծիք
հայտնել, թե նախարարը կանդամակցի հենց «Բարգավաճ Հայաստանին»: Մեր տեղեկություններով,
սակայն, պարզվում է, որ ՀՀ «նախագահականի» «պոլիտտեխնոլոգ» Արմեն Գեւորգյանը հղացել
է «աջ ուժերի դաշինք» ստեղծելու նոր գաղափար: Սա այն «աջ ուժերը» չեն, որոնց մասին
հիմա մտածեցին ընթերցողները: Այն աջ ուժերը, որոնց դաշինքի մասին մտմտում է Ա. Գեւորգյանը
ոչ թե «նախկիններն» են, այլ Խոսրով Հարությունյանի գլխավորած ՀՔԴՄ-ն, նախկին վարչապետ
Արմեն Դարբինյանի ղեկավարած «Արժանապատիվ ապագան» ու ԱԺ ՄԱԿ խմբակցության ղեկավար
Գուրգեն Արսենյանի Միավորված աշխատանքային կուսակցությունը: Ըստ մեր լուրերի, նախարար
Դ. Հարությունյանը պետք է հենց ա՛յս կուսակցությունների դաշինքում հայտնվի: Իհարկե,
առայժմ հայտնի չէ՝ նա լինելու է դրա դե ֆակտո համակարգողի ու «առանցքային դեմքի»
կարգավիճակո՞ւմ, թե՞ անդամակցելու է հիշյալ կուսակցություններից որեւէ մեկին: Փոխարենը,
մեր աղբյուրների հավաստմամբ, հիշյալ երեք կուսակցություններն արդեն իսկ բանակցություններ
են վարում հնարավոր համագործակցության շուրջ՝ անշուշտ, առաջիկա ԱԺ ընտրություններին
միասնական թիմով մասնակցելու նպատակով: Երեկ այս տեղեկությունները ճշտելու
համար մենք զրուցեցինք ՀՔԴՄ նախագահ Խոսրով Հարությունյանի հետ: Արդյո՞ք բանակցությունները
վարվում են հենց մեր նշած երեք կուսակցությունների ձեւաչափով: «Չէի պնդի»,- ի պատասխան
մեր հարցադրման՝ ասաց պարոն Հարությունյանը: Նա միաժամանակ հավելեց, որ «օրինակ՝
«Արժանապատիվ ապագա» կուսակցության, մասնավորապես՝ Արմեն Դարբինյանի հետ մենք շատ
հաճախ ենք հանդիպում, շփվում ու պարբերաբար ամենատարբեր հարցերի շուրջ քննարկումներ
ենք անում: Դա նոր երեւույթ չէ: Ընդհանուր առմամբ, դա քաղաքական իրավիճակը վերլուծելու,
ինչու չէ՝ նաեւ սեփական հետաքրքրությունների տեսանկյունից մեկնաբանելու անհրաժեշտությամբ
է պայմանավորված: Նույնպիսի անկաշկանդ շփումներ կան նաեւ ՄԱԿ-ի ու, ի դեպ, ոչ միայն
այս կուսակցությունների հետ: Բայց ես դեռեւս չէի կանխորոշի, թե խոսքը որեւէ ծրագրային
համագործակցության մասին է: Խոսքը գնում է զուտ շփումների մասին, որոնց ընթացքում
փորձում ենք աջ-ազատական քաղաքական ուժերի ինչ-որ մի ընդհանրություն գտնել: Ինչքանով
դա կհաջողվի անել՝ կտեսնենք»: Արդյո՞ք հիշյալ աջ-ազատական կուսակցությունները
նույնքան պարբերաբար շփվում են նաեւ քաղաքական դաշտում գործող այլ աջ-ազատական կուսակցությունների
հետ, օրինակ՝ ՀՀՇ-ի, «Ժողովրդավարական Հայրենիքի», «Ազատական առաջադիմական» կուսակցության
հետ: «Ոչ»,- ի պատասխան ասաց պարոն Հարությունյանը: Նա միաժամանակ եւս մեկ անգամ
շեշտեց, որ թե՛ ՄԱԿ-ի, թե՛ «Արժանապատիվ ապագայի» հետ ՔԴՄ-ի շփումներն ընդհանուր
ու աշխատանքային բնույթի են, որոնք պայմանավորված են «քաղաքական առօրյայով եւ դեռեւս
ո՛չ ապագային միտված»: Անդրադառնալով այն հարցին, թե հնարավո՞ր է, որ Դ. Հարությունյանը
համագործակցի հիշյալ երեք կուսակցություններից որեւէ մեկի կամ բոլորի հետ միասին՝
ՀՔԴՄ նախագահն ասաց. «Դ. Հարությունյանը բավականին կայացած քաղաքական գործիչ եւ կայուն
համոզմունքների տեր անձնավորություն է: Նրա հետ մենք ունենք բավականին գործնական
եւ կառուցողական հարաբերություններ, ունեցել ենք, ունենք եւ, համոզված եմ, կունենանք՝
անկախ այն բանից, թե նա ինչ ընտրություն կանի զուտ կուսակցության իմաստով: Որ իր
գաղափարախոսությամբ նա կլինի լիբերալ-դեմոկրատական արժեքներին հարող եւ կընտրի այդպիսի
մի կուսակցություն՝ կարող եք չկասկածել: Ո՞րը դա կլինի՝ դժվարանում եմ ասել: Մի բան
կարող եմ ասել. որեւէ կուսակցություն, որին նա կհարի կամ կանդամակցի, այդ կուսակցությունն
ակնհայտորեն կշահի»: ՆԱԻՐԱ ՄԱՄԻԿՈՆՅԱՆ