Հարցազրույց
«Ժողպատգամավոր» խմբի ղեկավար Կարեն Կարապետյանի հետ – Պարոն Կարապետյան,
ի վերջո, հերքեք կամ հաստատեք մամուլում տարածված լուրերն այն մասին, որ դուք պատրաստվում
եք անդամակցել Հանրապետական կուսակցությանը, նույնիսկ լինելու եք այդ կուսակցության
խորհրդի կազմում: – Այս պահի դրությամբ «Ժողպատգամավոր» խմբում քննարկումներ
են ընթանում 2007 թվականի ԱԺ ընտրությունների արդյունքում մեծամասնություն ձեւավորելու
համար: Տեսականորեն կա երկու մոտեցում. առաջինը՝ եթե ռեսուրսներդ հերիքում են, պատրա՞ստ
ես գնալ ինքնուրույն մեծամասնություն ձեւավորելու ճանապարհով: Երկրորդ՝ եթե ռեսուրսներդ
քիչ են, ուրեմն անհրաժեշտ է համագործակցել քաղաքական այն ուժի հետ, ում հետ հնարավոր
է ձեւավորել մեծամասնություն: Իսկ եթե տեղափոխվենք պրագմատիկ դաշտ, ապա մեր ուժերը
իրոք չեն բավարարի միայնակ մեծամասնություն ձեւավորելու, եւ նորմալ է, որ այժմ մեր
խմբում նման քննարկումներ են ընթանում: – Տեղեկություններ կան, որ շատ գործարարների
եւ ազդեցիկ պատգամավորների պարզապես ստիպում են դառնալ Հանրապետական, հակառակ դեպքում
վախեցնելով, որ կզրկվեն իրենց կապիտալից եւ այլ լծակներից: Եթե դուք որոշեք դառնալ
Հանրապետական, դա կլինի ստիպողաբա՞ր, թե՞ ձեր սեփական կամքով: – Չեմ կարծում,
որ դա այդպես է: Իմ գործունեությամբ, կարծում եմ, արդեն ապացուցել եմ, որ ստիպողաբար
որեւէ քայլի չեմ գնացել եւ չեմ պատրաստվում ստիպված քայլեր կատարել: Իմ կյանքի 10-12
տարիները գոնե ձեր աչքի առաջ են, եւ դուք կարող եք փաստել, որ չի եղել նման դեպք:
Արդեն ձեր առաջին հարցին պատասխանելիս ես ձեւակերպեցի մեր խնդիրը, եւ ինքս էլ ինձ
առանձին անձ չեմ պատկերացնում: Ես մեծ թվով անդամներ ունեցող խմբի ղեկավար եմ, եւ
մեր խմբի բազմաթիվ անդամներ անկուսակցական են: Իմ որոշումը ես անպայման կայացնելու
եմ խմբի անդամների հետ միասին: Չեմ բացառում, որ որոշ առումներով իմ տեսակետները
կարող են տարբեր լինել խմբի մյուս անդամների տեսակետից, բայց ես հաշվի եմ առնելու
մեծամասնության մոտեցումը եւ գործելու եմ այդ շրջանակներում: – Գործարար պատգամավոր
Ռուբեն Հայրապետյանը անկեղծորեն հայտարարեց, որ ինքը Հանրապետական է դառնալու այն
պատճառով, որ պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանը հենց այդ կուսակցությանն է անդամակցելու:
Դուք ե՞ւս այդ պատճառով եք գնալու դեպի Հանրապետական; – Ես հարգում եմ Ռուբեն
Հայրապետյանին եւ ողջունում եմ նրա քայլը, նա անկախ պատգամավոր է, շատ արժանի գործընկեր:
Սակայն մեր մոտեցումը քաղաքական է, եւ այդ քաղաքական մոտեցումը ես ձեւակերպեցի: Դա
հետեւյալն է՝ մենք մեզ պատկերացնում ենք վաղվա մեծամասնություն: Եթե մենք մեր ուժերով
չենք կարող ձեւավորել մեծամասնություն, ապա պարզ տրամաբանությունը թելադրում է համագործակցել
այն քաղաքական ուժի հետ, որի հետ դա հնարավոր կլինի: – Պարոն Կարապետյան,
այսօր արդեն այնպիսի տպավորություն կա, որ ձեր նշած վաղվա մեծամասնությունը նոր խորհրդարանում
լինելու է մեն-միակ մեծամասնություն, այսինքն՝ ինչ-որ քաղաքական «մոնստր», իսկ մյուս
ուժերը մի տեսակ մանրիկ են լինելու, եթե նույնիսկ կարողանան ինչ-որ ձեւով սպրդել
խորհրդարան: – Իսկ ինչո՞ւ եք նման ենթադրություն անում, դուք ժողովրդի կարծիքը
արդեն գիտեք: ՌԴ-ում նույնպես շուրջ 60 կուսակցություններ միավորվեցին, եւ այդ միավորումից
ծնվեց «Միացյալ Ռուսաստան» միավորումը: Հետագայում հենց այս ուժն էլ բացարձակ մեծամասնություն
ստացավ խորհրդարանում եւ ձեւավորեց կառավարություն: Այսինքն՝ այս ամենի մեջ ես որեւէ
արտառոց բան չեմ տեսնում, առավել եւս, որ կոնկրետ փորձը եւս ներկայացրի: Ինչ վերաբերում
է նրան, թե մեզ մոտ կա՞ն այդպիսի նախադրյալներ, թե ոչ, ապա ես համարում եմ, որ՝ այո,
այդպիսի նախադրյալներ կան: Բայց ժամանակից շուտ է այս պահին այդպիսի բաների մասին
խոսել, քանզի ընտրությունը կատարում է ժողովուրդը, եւ մենք ընտրություններից հետո
կտեսնենք այն պատկերը, ինչ կլինի: – «Ժողպատգամավոր» խմբի անդամներ Վահրամ
Բաղդասարյանը եւ Լյովա Խաչատրյանը դեռես շարունակում են աշխատել «Միավորում հանուն
Հայաստանի» կուսակցությունում: Ուրեմն, ինչպիսի՞ հարաբերությունների մեջ եք այժմ
իրենց հետ: – Մեր հարաբերությունները շատ նորմալ են, աշխատանքային եւ ընկերական:
– Պարոն Կարապետյան, ըստ էության՝ ԱԺ փոխնախագահի պաշտոնը դեռեւս թափուր է
եւ, ըստ հավաստի տեղեկությունների, ձեզ դեռ շարունակում են համոզել, խնդրել կամ պարտադրել,
որ ընդունեք առաջարկը եւ դառնաք ԱԺ փոխնախագահ: Հնարավո՞ր է, Հանրապետական դառնալու
որոշումից հետո, աշնանը Կարեն Կարապետյանը դառնա ԱԺ փոխնախագահ: – Քաղաքական
դաշտում գործող անձը պատասխանատու է իր հայտարարությունների համար: Հարկ չեմ համարում
կրկնել այն, ինչ ասել եմ բազմիցս: ՄԱՐԳԱՐԻՏ ԵՍԱՅԱՆ