Լրահոս
Օրվա լրահոսը

Լրտեսական սկանդալ Տոպալովի անվան շուրջ

Հուլիս 06,2006 00:00

Կես
տարուց ավելի գրոսմայստերների մի մեծ բանակ աշխարհի չեմպիոն բուլղարացի Վեսելին Տոպալովին
մեղադրում է այն բանում, որ նա պաշտոնական մրցաշարերի ժամանակ օգտվում է համակարգչային
ծրագրերից: Իսկ վերջերս Սոֆիայում կայացած գերմրցաշարից հետո, որն ավարտվեց
Տոպալովի հերթական հաղթարշավով, այդ մեղադրանքներն ավելի բարձրաձայն սկսեցին հնչել:
Պարզվում է, որ երկրորդ շրջանում գլխավոր մրցակիցներ Վիշի Անանդի եւ Գաատա Կամսկու
հետ պարտիաներում Տոպալովի կատարած բոլոր քայլերը համընկնում են «Ձկնիկ» անվանված
այսօրվա դրությամբ աշխարհի ամենաուժեղ շախմատային համակարգչային ծրագրերից մեկի առաջարկած
քայլերին: Այս խնդիրն ուսումնասիրել է միջազգային վարպետ Վլադիմիր Բարսկին եւ արդյունքները
դրել համընդհանուր քննարկման, որը ներկայացնում ենք կրճատումներով: Նա գրում
է, որ այս պատմությունն սկսվել է անցած տարվա աշնանը Արգենտինայի Սան-Լուիս քաղաքում
ութ ուժեղագույն գրոսմայստերների մասնակցությամբ անցկացված աշխարհի առաջնությունից,
որում առավել քան վստահ հաղթանակ տարավ Վեսելին Տոպալովը: Հատկապես տպավորիչ էր նրա
1-ին շրջանի ցուցանիշը՝ 6.5 միավոր 7 հնարավորից: Ընդ որում, բուլղարացին բացարձակապես
հոգնած տեսք չուներ ու ֆանտաստիկ էներգիա էր ճառագում: Նա թե սեւերով, թե սպիտակներով
գնում էր բարդագույն իրավիճակների ու տեւական պայքարում մրցակիցներին ստիպում էր
սխալվել: Բարսկին, որ Սան-Լուիսում Ալեքսանդր Մորոզեւիչի մարտավկան է եղել,
պատմում է. «Տոպալով-Մորոզեւիչ հանդիպմանը այդ օրը հյուրանոցի իմ համարում կազմակերպիչների
տրամադրած համակարգչով ուղիղ հեռարձակմանը հետեւելիս, իմ սեփականը միացրի շախմատային
վերլուծական ծրագրերին ու հանկարծ ցնցվելով նկատեցի, որ սպիտակներով խաղացող Տոպալովի
15 անընդմեջ քայլ համընկնում է նույնպես անչափ ուժեղ «Ֆրիտց» ծրագրի առաջարկածներին:
Այդ ընթացքում բուլղարացին շատ արագ շահել էր երկու զինվոր, բացահայտ առավելություն
եւ գրեթե 100 տոկոսանոց հաղթանակի դիրք ստացել: Թվում էր, թե սեւերն արդեն պետք է
հանձնվեն: Բայց հենց այդտեղ կատարվեց անհնարինը. Տոպալովը «չըմբռնեց» մրցակցի միակ
հակախաղի իմաստը՝ կապված ձիու ակտիվացման հետ: Բանն այն է, որ «Ֆրիտց»-ը ընդամենը
ծրագիր է եւ չի մտածում: Այն ցույց է տալիս սպիտակներին հաղթանակի տանող «իր իմացած»
հստակ քայլը՝ տվյալ դեպքում՝ փիղ c2, որն էլ Տոպալովը նույնությամբ կրկնեց: Մինչդեռ,
ճիշտը նույն նավակով c3 դաշտ գնալն էր: Դրանից հետո Մորոզեւիչը մի կերպ հասավ ոչ-ոքիի:
Այստեղից երկու հետեւություն կարելի է անել. կամ Տոպալովին քայլերը հուշում են կողքից,
կամ նա խաղում է շախմատային գերհզոր ծրագրերի ուժով եւ ոճով»: Վլադիմիր Բարսկին
այնուհետեւ բերում է այլ օրինակներ: Մասնավորապես, 2006 թվականին Վեյկ-ան Զեեում
Մամեդյարովի հետ խաղի 20-րդ քայլում որակի աներեւակայելի զոհաբերություն կատարելուց
հետո Տոպալովի բոլոր 22 քայլերը առանց բացառության համընկել են «Ֆրիտց»-ի առաջարկածներին:
«Այդուհանդերձ, գոյություն ունի անմեղության կանխավարկած հասկացությունը,-
գրում է Բարսկին:- Պրոֆեսիոնալ շախմատիստների շրջանում մինչեւ հիմա միասնական կարծիք
չկա. Տոպալովն ինքնուրո՞ւյն է խաղում, թե՞ նրան կողքից հուշում են: Մինչեւ այժմ ոչ
մի գրոսմայստեր հրապարակավ աշխարհի չեմպիոնի հասցեին մեղադրանք չի հնչեցրել: Ոչ ոք
չի հրաժարվում նրա հետ միեւնույն մրցաշարում հանդես գալուց եւ խաղից առաջ նրան ձեռք
մեկնելուց»: Այս առիթով շախմատում լրտեսական ժամանակակից տեխնոլոգիաներ, սարքավորումներ
օգտագործելու հավանականության եւ հնարավորությունների մասին «ՊՐՕսպորտ» հանդեսում
բավականին հետաքրքիր ու մանրամասն տեղեկություններ է ներկայացրել Մոսկվայի պետհամալսարանի
ֆիզիկայի ֆակուլտետի ռադիոֆիզիկայի ամբիոնի աշխատակից, լրտեսական տեխնիկայի ճանաչված
մասնագետ Պյոտր Զախարովը: Թեմայի մասին մանրամասն կարելի է կարդալ նաեւ «Rambler.ru»-ի
շախմատային բաժնում: Ա. ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2006
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31