Լրահոս
Օրվա լրահոսը

ՖՈԻՏԲՈԼԱՅԻՆ ԿՐՔԵՐ

Հուլիս 06,2006 00:00

Աշխարհի
առաջնության շուրջ Իտալիայի հաղթանակն անակնկալ չէր Ֆուտբոլի աշխարհի
18-րդ առաջնության կիսաեզրափակիչի Գերմանիա-Իտալիա առաջին հանդիպումից առաջ թեեւ
մրցակիցների հնարավորությունները մոտավորապես հավասար էին գնահատվում, սակայն շատերը
նախապատվությունը տալիս էին գերմանացիներին՝ նկատի ունենալով հատկապես ֆուտբոլում
գործող «տան պատերն էլ են օգնում» չգրված օրենքը: Մրցակիցները, իրոք, արժանի էին
միմյանց ու նրանց ցուցադրած ֆուտբոլային ներկայացումը մինչեւ այժմ Գերմանիայի խաղադաշտերում
կայացած հանդիպումների մեջ լավագույններից մեկը լինելով՝ կարող էր զարդարել նաեւ
եզրափակիչը: Այդուհանդերձ, Իտալիայի հաղթանակն անսպասելի չէր: Վիճակագրությունն ասում
է, որ այս հավաքականները մինչ այդ միմյանց դեմ ելել են 28 անգամ եւ առավելությունը
«Սկուադրա Աձուրայի» կողմն է: Իտալիան Գերմանիայի նկատմամբ տարել է 13 հաղթանակ,
8 խաղ ավարտվել է ոչ-ոքի եւ ընդամենը 7 անգամ են գերմանացիները դաշտից հեռացել հաղթողի
դերում: Երեկ Երեւանի ժամանակով ուղիղ կեսգիշերին, երբ «Առավոտն» արդեն տպարանում
էր, հանդիպեցին կիսաեզրափակիչի մյուս մասնակիցները՝ Ֆրանսիան եւ Պորտուգալիան: Ֆուտբոլասերներն,
անկասկած, հետեւել են նաեւ այդ հակամարտությանը ու գիտեն, թե հուլիսի 9-ին եզրափակիչում
ովքեր են վիճարկելու աշխարհի գավաթը եւ ովքեր են նախորդ օրը պայքարելու բրոնզե մեդալի
համար: Պարզապես, հիշեցնում ենք, որ մինչ այդ Պորտուգալիան վերջին անգամ Ֆրանսիայի
հանդեպ տարած հաղթանակի բերկրանքն զգացել է 31 տարի առաջ՝ 1975 թվականի ապրիլին:
Թեյմուրյանը մեկնել է «Բոլթոն» Ֆուտբոլի Իրանի ազգային հավաքականի
23-ամյա կիսապաշտպան հայազգի Անդրանիկ Թեյմուրյանը փորձաշրջան անցնելու նպատակով
մեկնել է Լոնդոնի «Բոլթոն» ակումբ, որտեղ ժամանակին խաղացել է աշխարհի ու Եվրոպայի
նախկին չեմպիոն Յուրի Ջորկայեֆը: Այս մասին տեղեկացնում է ԱՖԿ տեղեկատվական կայքը՝
վկայակոչելով Անդրանիկ Թեյմուրյանի ներկայիս «Աբումուսլիմ» ակումբի մամուլի ծառայության
հայտարարությունը: «Մենք հրավերներ ենք ստացել Քաթարից, Թուրքիայից, Գերմանիայից
եւ Անգլիայից: Սակայն ամենից հրապուրիչը «Բոլթոնի» առաջարկն էր: Ծանրութեթեւ անելով
բոլոր հրավերները՝ մենք նպատակահարմար գտանք, որ Թեյմուրյանն իր հետագա մարզական
կարիերան շարունակի Եվրոպայում»,- լրատվամիջոցներին հայտարարել է «Աբումուսլիմ» ակումբի
ներկայացուցիչը: Անգլիացիները հրաժարվում են Պորտուգալիա մեկնել Պարզվում
է, որ սպորտում պարտվելը միայն մարզական ցուցանիշ չէ: Այն կարող է նաեւ դիմացինի
արած «վատությունը» յուրօրինակ ձեւով փոխհատուցելու առիթ դառնալ: Համենայնդեպս, ըստ
վիճակագրական տվյալների, դա ապացուցում են անգլիացիները: Ֆուտբոլի աշխարհի առաջնության
քառորդ եզրափակիչում պորտուգալացիներից 11 մետրանոցներով կրած պարտությունից հետո
Անգլիայի հավաքականի երկրպագուները (իսկ նրանք անչափ շատ են) բոյկոտի են ենթարկել
Պորտուգալիան: Զանգվածային լրատվամիջոցները տեղեկացնում են, որ դրանից հետո
մառախլապատ Ալբիոնի տուրիստական գործակալությունները այդ երկիր հանգստանալու մեկնելու
նպատակով նախապես պատվիրված ուղեգրերից զանգվածաբար հրաժարվելու փաստեր են արձանագրել:
Ասվածն առաջին հերթին վերաբերում է Եվրոպայի փոխչեմպիոն երկրի հարավում գտնվող Ալգարվի
հանգստավայրին: «Դեռ անցած շաբաթ,- չարաբաստիկ այդ հանդիպումից հետո հայտարարել է
Անգլիայի «Lastminut.com» տուրիստական ընկերության պաշտոնական ներկայացուցիչը,- Պորտուգալիան
անգլիացի զբոսաշրջիկների շրջանում պահանջարկ ունեցող չորրորդ երկիրն էր, իսկ հիմա
նահանջել է 15-րդ տեղ»: Անգլիայում զբոսաշրջության բիզնեսով զբաղվող տուրիստական
մյուս ընկերություններում Պորտուգալիա մեկնելուց հրաժարվելը կազմել է 35 տոկոս: Ի՞նչ
են լինում հետո գնդակները Ինչպես հայտնի է, Գերմանիայում ընթացող ֆուտբոլի
աշխարհի 18-րդ առաջնության յուրաքանչյուր հանդիպում անցկացվում է «Adidas» ֆիրմայի
արտադրության «Teamgeist» անվանումով հատուկ գնդակներով, որոնց վրա գրված են տվյալ
խաղի կազմակերպիչ քաղաքի եւ մասնակից ազգային հավաքականների երկրների անունները:
Արտասահմանյան լրատվամիջոցները տեղեկացնում են, որ ամեն մի խաղի՝ ֆիրման տրամադրում
է 15 այդպիսի գնդակ: Սա նորություն է աշխարհի առաջնությունների պատմության մեջ: Այնպես
որ, յուրաքանչյուր գնդակ, ըստ էության, հրաշալի հուշանվեր է: Ֆուտբոլասերներին,
անշուշտ, հետաքրքիր է, թե խաղերի ավարտից հետո ի՞նչ են լինում այդ գնդակները: Գլխավոր
մրցավարի՝ խաղի ավարտն ազդարարող սուլիչից հետո վեց գնդակ վերադարձվում է «Adidas»
ֆիրմային, երեքը՝ աշխարհի առաջնության գլխավոր հովանավոր «Coca-Cola»-ին, մեկական
գնդակ ստանում են տվյալ խաղին մասնակցած հավաքականները, առաջնության անցկացման Գերմանիայի
կազմկոմիտեն եւ FIFA-ն, իսկ մնացած երկու գնդակը աճուրդով կարող են գնել ֆուտբոլասերները:
ԱՇՈՏ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել