Արթուր Անդրանիկյանը օրերս բացված իր գեղանկարչական ցուցահանդեսը այսպես է բնորոշում
Ներկայացված էին նրա վերջին հինգ տարիների աշխատանքները: «Ցուցահանդես բացելը ինքնաճանաչման խնդիր էր: Ոչ թե այն առումով, որ մարդիկ գան, տեսնեն եւ դրվատանքի խոսքեր ասեն, այլ տարբեր տարիների իմ մտածողությանը հաղորդակից դառնան»,- զրույցի ժամանակ ասաց Արթուր Անդրանիկյանը: Չնայած նրա նկարներում կարելի է տեսնել «իրականության մեջ գտնվող այլ իրականություն», այնուամենայնիվ, հեղինակը նշեց, թե ժանրը, որով ինքը ստեղծագործում է, որեւէ կապ չունի աբստրակտ արվեստի հետ:
«Սա էքսպրեսիոնիզմին որոշակիորեն հարող մտածողության արգասիք է: Նպատակս բնության խնդիրները իմ հայացքով, տեսանելիությամբ տարրալուծելն է»,- նկատեց գեղանկարիչը: Անդրանիկյանի նկարներում գերակշռում են կանացի նրբաձեւերը, մարմնաձեւերը, քանի որ, նրա կարծիքով՝ կինն ու բնությունն են իրականում օժտված արարչականությամբ: Նկարիչն էլ պիտի արարիչ լինի: Ուստի պատահական չէ Անդրանիկյանի «նկարիչ» բառի «նկ-արարիչ» առանձնացումը: Անդրանիկյանի նկարները աչքի են ընկնում նաեւ համարձակությամբ: «Արվեստի առաջնային հատկանիշը ռիսկայնությունն է: Արվեստագետը միշտ պիտի պատրաստ լինի պարտության՝ իր մեջ հաղթանակ կրելով»,- համարձակորեն ասաց նա: Անդրանիկյանի կտավները հաճախ առաջին հայացքից ընկալելի չեն: Օրինակ՝ «Նատյուրմորտ սեռանդամով» կտավը, հեղինակի խոսքով՝ շատերի մեջ կամ կենսասիրություն, կամ արտառոց տրամադրություններ է առաջացնում: Սակայն այդտեղ նա ոչ մի անբնական կամ գռեհիկ բան չի տեսնում: Հաճախ Անդրանիկյանի ընկերները նրա՝ կտավին փոխանցված նայվածքով կարողանում են որոշել, թե ինչ է պատկերված: Սա էլ Արթուր Անդրանիկյանի արվեստի մի առանձնահատկությունն է: «Չեմ վախենում ազդեցությունից, քանի որ իմ կտավներից շատերը նկարել եմ Շոպենի, Դեբյուսիի, Վիվալդիի ազդեցությամբ: Իրականում ամեն ինչի հիմքում երաժշտությունն է, չնայած շատերն ասում են պոեզիան է»,- վստահեցրեց Անդրանիկյանը, ով քաջածանոթ է նաեւ պոեզիային: Շուրջ 9 բանաստեղծությունների ժողովածուների հեղինակ է: Ի վերջո, նա էլ չի հասկանում իր ով լինելը. «Ես ինձ ոչ գեղանկարիչ, ոչ բանաստեղծ, առավել եւս ոչ էլ գրականագետ- էսսեիստ եմ համարում: Ես հավասարապես չեմ ընդունում այս բնորոշումները»: Նա ուղղակի իր մեջ փայփայում է ներքին հավասարակշռություն պահպանող մարդ-մտավորականի տեսակը, քանի որ վախենում է՝ այն կարմիր գրքում հայտնվի: Իսկ նրա ստեղծագործությունը միտված է հենց դրան:
Անդրանիկյանի նկարները ցուցադրվել են Թուրքիայում, Մերձավոր եւ Միջին Արեւելքում, ամերիկյան մայրցամաքի, եվրոպական երկրներում: Արաբական Էմիրաթներում էլ շուրջ 50 նկարներ ունի ցուցադրված: Ցուցահանդեսի ամեն այցելուի հետ նոր զգացումներ է ունենում հեղինակը: Օրինակ՝ երբ մտավորական-գիտնական Գրիգոր Գուրզադյանն է այցելել իր ցուցադրությունը դիտելու, տիեզերականության եւ գունային խնդիրներ է առաջադրել: Սակայն այցելուների եւ մասնագետների կարծիքով՝ այս ցուցահանդեսի մթնոլորտն այլ է. «Մթնոլորտը կայացած է»: «Սա հոգու նկարչություն է, ոչ թե սրտի: Արվեստագետը խնդիրն այնպես պիտի ներկայացնի, որ ինքը լինի ներկայանալի: Նկարիչն աչքի ու ձեռքի մասնագետ է: Եթե միայն ձեռքը գործի, ապա աչքի համար ստեղծագործությունը անհասկանալի կլինի: Միայն ձեռքը պարզապես իրականությունն է պատկերում»,- պարզաբանեց Ա. Անդրանիկյանը:
ՏԱԹԵՎ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ