Լրահոս
Օրվա լրահոսը

ԳԱԱ-Ն ԿՀԱՄԱԼՐՎԻ՞ ԿԱՆԱՆՑՈՎ

Հուլիս 06,2006 00:00

Առաջ
ոսկե մեդալ ստացող դպրոցի շրջանավարտները մեծ մասամբ տղաներ էին, հիմա, երբ մեդալակիրները
բուհ ընդունվելիս արտոնություններ չունեն, աղջիկներ են: Երեկ իրենց 10 տարիների
աշխատանքից հետո վաստակած մեդալներն ստացան հանրապետության 93 շրջանավարտները: ԿԳՆ-ն
միջոցառումը կազմակերպել էր հատուկ սահմանադրության տոնական օրը եւ հատկապես ԳԱԱ-ում.
«Գիտությունների ազգային ակադեմիայի նախագահության ներկայությունը եւ այս պատերի
ներքո կազմակերպված շնորհանդեսն այն աշխատանքի հատուցումն է, որին երեխաները արժանի
են,- ասաց ԿԳ նախարար Լեւոն Մկրտչյանը՝ շեշտելով այն փաստը, որ մեդալն այլեւս արտոնություն
չի տալիս դիմորդին՝ ընդունելության քննությունների ժամանակ, բարերար ազդեցություն
է թողնում համակարգի վրա:- Իսկապես գալիս են լավագույնները եւ իսկապես երեխաները
ստանում են իրենց արժանի գնահատականը»: Արտոնության վերացումը դրական տեղաշարժ
համարեց նաեւ ԳԱԱ նախագահ Ռադիկ Մարտիրոսյանը. «Նախկինում մեդալակիրներն ունեին արտոնություններ,
եւ երբեմն լինում էր այնպես (դա լինում է մեր կյանքի տարբեր բնագավառներում), որ
մարդը կրում է մեդալը, բայց իր ընդունակությունները չեն համապատասխանում, այդպիսի
տարիներ ունեցել ենք: Բայց հիմա, երբ չկա այդ ընդգծված արտոնությունը, ես հասկանում
եմ այսպես՝ դուք իսկական մեդալակիրներ եք, եւ անկախ նրանից` արտոնություն կունենայիք,
թե ոչ՝ միշտ ձգտել եք ստանալ բարձր գնահատականներ եւ այսօր արժանացել եք այս մեդալներին»:
Ի դեպ, հանդիպումից առաջ Ռ. Մարտիրոսյանը ԳԱԱ նախագահության անդամների շրջանում հարցում
անցկացնելով՝ պարզել է, որ նրանց մեծ մասը դպրոցն ավարտել է մեդալով: Եվ հույս հայտնեց
այսօրվա մեդալակիրներին վաղը տեսնել գիտության ասպարեզում: ԳԱԱ թղթակից անդամ Արամ
Շահինյանն էլ, նկատելով, որ մեդալակիրների մեծ մասը աղջիկներ են (93-ից՝ 63-ը), հիշեց,
որ իր սերնդի դեպքում հակառակն էր, եւ եզրակացրեց. «Եթե այս միտումը շարունակվի,
ուրեմն 20-30 տարի հետո մեր ակադեմիան պետք է համալրված լինի կին- աղջիկ մասնագետներով,
որի համար շնորհավորում եմ»: Ի՞նչ է մեդալը այսօրվա շրջանավարտի համար. փորձեցինք
պարզել մեդալակիրներից: Կարինե Սարգսյան, Երեւան. «Ես մանկուց երազել եմ մեդալ
ունենալ, քանզի իմ մայրիկը ավարտել է մեդալով, եւ ես էլ փոքրուց երազել եմ նմանվել
մայրիկիս: Ես իմ առաջին երազանքին հասել եմ»: Անի Վարդանյան, Երեւան. «Կարեւոր
կոչում է ինձ համար, որը վաստակել եմ 10 տարիների ընթացքում»: Աննա Հարությունյան,
Իջեւան. «Մենք մեզ առաջին անգամ ստուգում ենք, շատ հաճելի է, երբ զգում ես, որ 10
տարի իզուր չես աշխատել»: Սարգիս Խանդանյան, Գավառ. «Այս պարգեւը 10 տարիների
աշխատանքի արդյունքն է, ոգեւորող եւ պարտավորեցնող է: Մեդալը ձեռքիդ ավելի վստահ
ես մտնում բուհ»: Մեր զրուցակիցների մեծ մասն ընտրել է տնտեսագետի մասնագիտությունը:
Նույնիսկ այս մեդալակիրները մեզ հետ զրույցում փաստում էին, որ առանց կրկնուսույցի
մոտ պարապելու՝ չեն կարող բուհում բարձր միավորների հավակնել: Օրինակ, Սարգիս Խանդանյանը,
որ ընտրել է իրավագիտություն մասնագիտությունը, ասում էր, որ դպրոցական ծրագրերը
ոչ մի կերպ չեն տեղավորվում բուհի պահանջների մեջ: Աննա Հարությունյանը պարապել է
իր մայրիկի հետ, իսկ մարզերի մյուս շրջանավարտները՝ իրենց ուսուցիչների, ի տարբերություն
մայրաքաղաքի աշակերտների, որոնք նախընտրում են «թանկարժեք դասախոսներին»: ՀԱՍՄԻԿ
ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել