Զագսում
ազգական զույգերին հայտնաբերելու միակ միջոցը Սուրբ գրքի վրա երդվել տալն է Մեր
պետությունը չի միջամտում, թե ամուսնական տարիքի հասած մարդը ճապոնացու, ռուսի, թե
հայի հետ է ամուսնանում, բայց, այնուամենայնիվ, մեր ազգային ավանդույթները հաշվի
առնելով՝ «Ընտանեկան օրենսգիրքը» «մատ է թափ տալիս» ու խոստանում է պատժել բոլոր
նրանց, ովքեր կհամարձակվեն ամուսնանալ «ուղիղ վերընթաց ու վարընթաց» ազգականների,
այսինքն՝ մորաքրոջ, հորաքրոջ, հորեղբոր եւ մորեղբոր կամ ծնողների, զավակների, պապի
ու տատի հետ: Օրենսգրքի նորմերը, անկախ ազգային պատկանելությունից, տարածվում են
ՀՀ բոլոր քաղաքացիների, այդ թվում՝ մեր երկրում բնակվող եւ ՀՀ քաղաքացի հանդիսացող
եզդիների վրա: Սակայն նրանք ազատ ամուսնանում են իրենց մերձավորների հետ: Իսկ պետությունն
էլ մեխանիզմներ չունի՝ հայտնաբերելու ամուսնացողների ազգակցական կապերը: «Եթե
ամուսնության գրանցման ժամանակ ամուսնացողներն ունենում են միեւնույն ազգանունը,
հարցնում ենք՝ հո ազգական չե՞ն, եթե անկեղծորեն խոստովանում են, որ ազգական են, ապա
ամուսնությունը պարզապես չի գրանցվի»,- «Առավոտի» հետ զրույցում պարզաբանեց Երեւանի
Կենտրոն համայնքի թիվ 1 քաղաքացիական կացության ակտերի գործակալության (ԶԱԳՍ) բաժնի
պետ Գայանե Սաֆարյանը: Սակայն հարցուփորձով ազգական զույգերին հայտնաբերելն այնքան
էլ իրատեսական չէ, քանի որ հնարավոր է վերջիններս ստեն: Բացի այդ, շատ զույգեր կան,
որ միեւնույն ազգանունն են կրում, բայց ազգական չեն: Մեր այն դիտարկմանը՝
որպեսզի օրենքը լիարժեք կիրառվի, ինչո՞ւ բժշկական տեղեկանք չեն պահանջում կամ գենետիկական
ստուգում անցկացնում, Գ. Սաֆարյանը պատասխանեց. «Եթե փաստաթղթերի քանակն ավելացվի,
ապա քաղաքացիները կդժգոհեն, որ իրենց գցում ենք բյուրոկրատական քաշքշուկների մեջ,
գենետիկական ստուգումն էլ շատ թանկ արժե: Գյուղերում այդ հարցը հեշտ է լուծել, բայց
քաղաքներում գրեթե անհնար է. հարեւանները տարիներով նույն շենքում ապրելով իրար չեն
ճանաչում, էլ ուր մնաց իմանան՝ ով ում բարեկամն է: Հետո էլ, չկա այն մարմինը, ով
համապատասխան տեղեկանք կտա, օրինակ, ես չգիտեմ՝ մեր շենքը լիազոր ունի-չունի, ընդհանրապես
երեսն էլ չեմ տեսել, իրենից էլ ի՞նչ տեղեկանք ուզեմ»: Զագսի պետը մերձավորներին
հայտնաբերելու իր տարբերակն առաջարկեց. «Երբ գնում են դեսպանատներ, քաղաքացիներին
ստիպում են, որ ձեռքերը դնեն Սուրբ գրքի վրա եւ երդվեն, որ ազնիվ են եւ ասում են
ճշմարտությունը: Մեզ մոտ էլ պետք է այդպես անեն»: ԳՐԻՇԱ ԲԱԼԱՍԱՆՅԱՆ